…Աշոտ Ասատրյանը ենթագիտակցականից է շարժվում դեպի կենսական հարաբերություններ. ձեռքն ազատ է թողնում, այնուհետև վերամտածում ստեղծած գեղանկարչական մակերեսի կյանքը:
Վստահորեն կարող ենք ասել` կյանքը, քանի որ նրա նկարները դիտողին ապրվող իրականություն են տեղափոխում: «Շփոթ», «Զղջում», «Փակուղի», «Իշխանություն», «Մեղք», «Փորձություն» և ուրիշներ: Ասելիքը բացում է ներսից, հիմնականում` շնորհիվ տոների և ձևերի նրբագեղ կատարման:
Կռահման խնդիր ունի դիտողը:
Աշոտն իրեն ռեալիստների շարքին է դասում` իր ներաշխարհից եղածն առավել իրական համարելով, քան աչք-օրգանի տեսածը: Ակամա ստացվում է բորխեսավարի. «Ես մտածում եմ, որ մարդիկ ընդհանրապես սխալվում են` կարծելով, թե լոկ առօրեականն է իրենից ռեալություն ներկայացնում: Լայն առումով` կրքերը, գաղափարները, ենթադրությունները նույնքան իրական են, որքան առօրեական փաստերը և դեռ ավելին` դրանք են ստեղծում առօրեականի փաստերը: Ես համոզված եմ, որ աշխարհի բոլոր փիլիսոփաները ազդում են առօրյա կյանքի վրա»:
Իր կուռքերն ունի Աշոտը` իսպանացի Էլ Գրեկոն և հայ Սարյանը: Երկուսն էլ տոնը հնչեցրել են հանճարին վայել: Արտաքուստ այդ երևելիների հետքն իսկ չես տեսնի նրա գեղանկարչական կամ գրաֆիկական աշխատանքներում: Կապերը խորքային են: Նրանցից ներշնչվելու հոսանքները զսպությամբ են արտահայտվում. հոգևոր էներգիան չի «ցփնվում» նախապես ընտրած մակերեսով մեկ:
Էլ Գրեկոյի տառապանքն ու խռովքը:
Սարյանի տիեզերական խաղաղությունը:
Աշոտ Ասատրյանի նկարչությունը և՛ հայեցման է մղում, և՛ նևրոտիկ է: