1.
Առաջին ծեծից հետո երկար տարիներ էին անցել: Ցավագին հպարտություն ուներ:
Զարմանալի հանդգնությամբ չէր նահանջում: Որ հաղթեր, ի՞նչ էր շահելու: Ներսը նայել չէր համարձակվում: Ավերակ էր:
Երբ գիշերը կախեց նոթերը` սենյալի պատուհանի ապակին փշրվեց: Կատվի ճարպկությամբ չորս վերջույթների վրա կծկվեց ասֆալտին: Անսովոր սառնասրտությամբ մաքրեց գիշերանոցի վրայից ապակու կտորները, հայացքը ուղղեց դիմացի տանը: Ուշագնաց փռվեց հարևանի տան շեմքին: Դեմքին արցունքի կաթիլ չկար:
Լուսացավ: Հարևանները հազար անգամ լսել էին նրանց տան կռիվները, վնգստոցները, պատճառները, գուշակել` հետևանքները, բայց միշտ լուռ էին: Խալաթ հագցրին կապտուկներով նախշված կնոջն ու ասին` գնա՛, լավ կլինի: Չորս փոքրիկ երեխաների մայրը ուրուի պես աննկատ անցավ փողոցն ու մտավ ներս: Սկեսուրը չնկատելու տվեց: Ամենափոքր երեխան` հինգ տարեկան Վեռչկան, պեպենոտ թշերից մաքրեց արցունքներն ու խեղճացած հայացքով նայեց մոր աչքերին: Մայրը աչքերը փախցրեց: Հեծկլտոցը խլրտաց երեխայի կոկորդում: Ամուսինը ներսում չէր: Դեռատի կինը հագնվեց, կիսասանրվել`վազեց դուրս: Սկեսուրը չնկատելու տվեց: Երեխան վազեց մոր հետևից, բայց հասնելով երկաթյա դռանը` կանգնեց ու նայեց, երկա՜ր նայեց…
2.
-Նե՛րս արի, Սուսո՛: Աչքդ լույս, մարդաթող ես լինում: Թաղայինի մերկացնող հայացքը չափեց Սուսոյին ոտքից գլուխ և շրթունքները տարուբերեց: Սուսոն լսեց ու չլսեց: Թաղայինը նստեց Սուսոյի դիմաց, պարզեց ձեռքերը դեպի նա, մանրիկ մատները ջարդելու չափ սեղմեց ափերի մեջ: Կոպիտ, տաք շունչը Սուսոն կուլ տվեց: Թաղայինի աչքերը տաքացան: Սուսոն էլի էր եկել, եկել ու բողոքել էր, խնդրել էր…
-Մի սենյակ թող տան էրեխեքիս հետ առանձին ապրեմ: Որբ աղջիկ եմ, հոր տուն չունեմ: Գիժ ա, կսպանի… Հորն էլ մի անգամ խփեց… Ռուսաստանից հետո էր, գնացել էր փող աշխատեր, ռուսի հետ էր կապվել: Էղած փողերն էլ կերավ, ետ էկավ: Հերն ու մերը չթողին գնար… Հորը խփեց… Հիվանդ ա: Հոգեկան ա, – ասում էր Սուսոն` ուշադրություն չդարձնելով` իրեն լսում են, թե ոչ:
3.
Գարուն էր: Արյունը եռում էր: Սուրճ խմեցին: Անշուք հյուրանոցի համարներից մեկում անկողինը շնչում էր Սուսոյի սրսրթացող մարմնի բույրը:
-Կայֆ ա, – հևում էր թաղայինը:
Դավաճանությունն առաջին անգամ էր:
Գարուն էր: Ծառերը ծաղկել հարսնացել էին: Սինձն ու ծտի պաշարը տներից հանել, դաշտեր էին տարել հարս ու աղջկա: Տաք քամիս գրկում, համբուրում էր Սուսոյի փքված կուրծքն ու պտուկը: Ոսկրոտ ոտքերը, անտեսելով երկարափեշը, արագ-արագ գալիս էին դեպի տուն:
-Թաղայինը կգա, կտեսնենք ում են դուրս շպրտում,– կրկնում էր ինքնիրեն Սուսոն:
Երբ դուռը բացեց, որ ներս մտնի, չորս տալերը, որ ամուսնացած էին և ապրում էին առանձին թագուհուն վայել բազմել էին հյուրասենյակի մեջտեղում դրված բազմոցին:
-Փողոցային,- հարձակվեց աքլորացած սկեսուրը,- ոտքդ տանս չերևա:
Քույրերը, որ մինչ հարսի գալը մեծարել-աստվածացրել էին իրենց եղբողը, մեկը մյուսին հերթ չտալով սկսեցին.
-Լի՛րբ, ո՞ւր էիր գնացել: Ամեն խոսակցությունից կռիվ ես սարքում: Խայտառակել ես մեզ: Մեր տներում խոսք-խաբար չի՞ լինում, ո՞վ ա իմանում: Քեզ վռազ դուրս ես քցում: Գնա՛, թող փողոցային մերդ պահի քեզ: Մեր հոր տանից մի չոփ էլ չես տանելու: Կգնաս, հոգիներս կազատես:
Սուսոն մեխվել-մնացել էր հյուրասենյակի մեջտեղում:
-Գիժ ա: Հորն էլ խփեց… խփեց ու…
Սկեսուրը տեղից վեր թռավ: Սուսոն ծղրտալով վազեց սենյակն ու կողպվեց:
4.
Թաղայինի սև ԲՄՎ-ն դանդաղեցրեց արագությունը, և մտազբաղ թաղայինը մտավ Սուսոյենց տուն: Սկեսուրը հաստաբուն ընկուզենու տակ նստած` հավաքում-ամրացնում էր ճերմակադեղին վարսերր: Նկատելով թաղայինի արևածաղկի պես փռված աչքերը` սրտնեղած ասաց.
-Արի՛ տղա ջան, արի՛,- կոկորդում սպանում էր թաղայինին դուրս շպրտելու ցանկությունը,- վայթեմ դու մեզ օգնես էդ չարքից պրծնել:
Թաղայինին տարավ-նստեցրեց իր կողքին` ծառի տակ, և ամպագոռգոռ բառերով պատմեց ողջ եղելությունր. տղան Ռուսաստան էր գնացել, ծովափ, շեկ աղջիկներ, արև-ավազ, լուսանկարներ, որոնք եկել-հասել էին հարսին: Վերջինս, իբր թե, խանդել էր, կռիվներ սարքել…
-Խեղճ երեխուս կյանքդ կերավ, շատ լեզվանի ա: Տուն ա ուզում, բայց էս տան վրա գրանցում չունի: Ժամանակին տղես հայրական տնից առանձնացավ, որ տնամերձ հողամաս ստանա: Ստացան, հրեն չոլերի մեջ: Թող գնա, ապրի: էս իմ տունն է, չեմ թողնի մի թիզ իրենով անի: Ես թոռներիս կպահեմ, մենակ դրա երեսը չտեսնեմ,-հաղթական տոնով ավարտեց պառավը:
Թաղայինը աչքը պտտացրեց, բայց Սուսոյին չտեսավ: Գիշերը սև կատվի պես մլռտաց Սուսոյի գլխավերևում: Սկեսուրը փրփրած բացեց ննջասենյակի դուռն ու փետելով Սուսոյի մազերը` հասցրեց ետնաբակ, գցեց շեմքին, ու շրխկոցով դարպասը ապտակեց նրա երեսին: Ամուսինր փորձեց սաստել մորը, բայց սկեսուրը ծղրտաց.
-Քեզ էլ դուրս կշպրտեմ, չխառնվես:
5.
Սուսոյի զգացմունքներում չկար ցուցադրանք, բայց ապրումներր հանկարծակի հավաքվեցին-թափվեցին-ցրվեցին գյուղի բոլոր մայթերին: Սուսոն հայտնվել, կիպ գրկել էր գյուղի մարմնավաճառի տան անկողինը, որից թքոտ համբույրի և տաք արհամարհանքի բույր էր գալիս: Նրա աչքերից ցայտող ջերմությունդ բարձրացել, հարսի շոր էր դարձել: Դաշտերի կանաչ ու չոր ծաղիկները լռին համաձայնությամբ պար էին բռնել ծաղկազարդ սփռոցի վրա:
-Ինչ սիրուն հարս է… Սարի սմբուլ է,- ասին Սուսոյին:
-Սարի սմբուլ է, շուրթը կեռաս է,–երգել էր սերը:
Սուսոն ջերմում էր: Ծանրացած կոպերի տակ խլվլում էր ցավը, բայց վաղը արևի շողերի հետ պիտի զարթներ ու համրեր այն մարդկանց թիվը, ում պիտի իրեն առաջարկեր: Սուսոն բռնաբարվում էր ներսուդրսից: Կյանքը փախփխում էր մատների արանքով: Լույսերը շողում էին, և օդը տնքում էր հոգեվարք ապրողի պես: Սուսոն հայացքը խցկեց ապագայի ծաղկամանը և հալվեց, անէացավ ներկայի մեջ: Ձեռքը քսեց փորին և ուզեց զգալ իր երեխաների խլրտոցը, սակայն ծաղկամանում կյանքը վիժել էր, ու ծաղիկները թերթաթափ մեկիկ-մեկիկ ցողուններ էին դարձել, որոնք ասես մոմեր լինեին: Սուսոն ուզեց աղոթել, բայց դողացող ձայնը հպվում էր կյանքի դատարկ թևքերին ու ծղրտում` պրծա՛նք, քեզնից պրծա՛նք…
Կյանքը ծաղկավիժում էր Սուսոյի կոպերի տակ:
Նա տենդ ուներ:
Գարունը շատ հեռու էր:
Նարցիս 1, 2008