ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ. ՌՈՒՏԻՆ

ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ. ՌՈՒՏԻՆ

Հիմար, բայց վավերագրական պիես մեկ գործողությամբ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՔ.

ԿԱՌՌ, ԿԸՌՌ, ՄԱՅՐ, ԴՈՒՍՏՐ, ՄԸՌՌ                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

  Սանտա Մոնիկա գեղատեսիլ սարերում է, բնակավայրերից բավական հեռու մի տեղ, և նշանակում է, ոչ շատերն են   քայլում այս “հին ու փոշոտ” փողոցներով: Չակերտների մեջ, որովհետև իրոք փողոցներ են, իսկ եթե “իրոք փողոցներ” են, նշանակում է, նրանց իրենց մեջ ամփոփող գոնե հատուկենտ տներ էլ պետք է լինեն, չէ՞… Եվ կան: Հնաոճ, փայտից տներ են, ամերիկյան պիոներների ժամանակների այն տներից, որ հաճախ եք տեսել նույն ամերիկյան վեսթերններում: Մեկ-երկու հարկանի մի քանի տներ են, որ բեմի հետին պլանի վարագույրի վրա պրոեկցված, կորչում են բեմի հետին ձախ անկյունում: Իսկ այնտեղ, որտեղ փողոցը մի փոքրիկ հրապարակ է դարձել, կա նույնիսկ բանկ, կա եկեղեցի էլ, մի շինության վրայի ցուցատախտակին գրված է “Շերիֆ”: Եվ իհարկե, հրապարակի հպարտությունն է բեմի ձախ կողմում տեղ գտած պանդոկը, քանի որ ի՞նչ հրապարակ առանց պանդոկի: Բայց քաղաքն ամայի է, չկա ոչ ոք, չհաշված պանդոկի կարճոտ երկփեղկանոց դռների վրա նստած, ալարկոտ ճոճվող Կառռն ու Կըռռը, ինչպես նաև տարեց ամուսինները, որ իրենց շան հետ հաճախ են լինում այս վայրերում, բայց մենք նրանց չենք տեսնի, ուղղակի կլսենք նրանց մասին: Իսկ  բեմի աջ անկյունում, նախաբեմի վրա, խիտ ու բարձր թփեր են: Մի խոսքով, սա այն տեղն է, որտեղ սովորաբար նկարահանվում են ամերիկյան վեսթերնները, բայց վեսթերնների դարն արդեն անցել է, և վաղուց արդեն կինոխմբերն այստեղ չեն գալիս: Եվ սակայն, տեղն այս պահպանվում է որպես կինոարվեստի բացօթյա թանգարան, և հետո, եթե  ռետրոյի սիրահար մի կինոռեժիսորի մտքով երբևիցէ անցնի նորից վեսթերն ֆիլմ նկարել, — պատրաստի տեղն արդեն կա:

 Եվ ուրեմն, պանդոկի կարճոտ երկփեղկանոց դռների վրա նստած, ալարկոտ ճոճվում են Կառռն ու Կըռռը:

 ԿԱՌՌ — Կըռռ…

ԿԸՌՌ/Չի պատասխանում: Անշարժ նստած է, աչքերը հառած առջևի հավերժությանը:/

ԿԱՌՌ — Կը՛ռռ:

ԿԸՌՌ — Դե սպանեցիր, էլի՜: Բան ունե՞ս, — ասա: Ի՜նչ ես. Կըռռ-հա-Կըռռ, Կըռռ-հա-Կըռռ…

ԿԱՌՌ — Ֆաք յու: Բա որ մի հատ տվել եմ… Վախդ լրիվ կորցրել ես, հա՞: Ի՞նչ է պատահել քեզ այսօր, որ էդպես կորյուն ես կտրել: Քիչ առաջ էն բիձու խեղճ շան հոգին կերար, էնքան գժվեցրիր…

ԿԸՌՌ — Դե մի բանով պետք է զբաղվել, չէ՞: Թե չէ այսպես նստած, մի օր կարելի է քարանալ:

ԿԱՌՌ — Զբաղվելու բան ես ուզում, ավելի կարևոր ու հաճելի բաներով կարող էիր զբաղվել… Կարո՞ղ ես հիշել, թե վերջին անգամ երբ ես վրաս թռել:

ԿԸՌՌ — Նորի՞ց: Լսիր, հայրուր տարեկան պառավ ես արդեն, իսկ մտքումդ դեռ էդ հիմարություններն են, կըռռ…

ԿԱՌՌ — Հիմարը դու ես: Սեքսը` հիմարությու՞ն է… Եվ հետո, մեր ազգի համար, հարյուր տարեկանում ի՞նչ պառավ:  Ընդունիր ուղղակի, որ իմպոտենտ ես, ու վերջ:

ԿԸՌՌ — Կ՛ըռռ: /Բարկացած ֆռռթացնում ու արհամարհաբար շուռ է տալիս գլուխը, բայց այդ ժամանակ նկատում է լույսից մութ թռչելու հետևանքով կուրացած ճանճին և կայծակնային արագությամբ կուլ է տալիս վերջինիս:/

ԿԱՌՌ — Համ էլ` դալտոնիկ: /Ծամածռվելով (հետաքրքիր է, ագռավներն ինչպե՞ս են ծամածռվում…), կրկնօրինակում է Կըռռին:/  “Կներե՜ս, մութ էր, չնկատեցի, որ դու չէի՜ր…” Թո՛ւհ երեսիդ: Անբարոյակա՛ն: Բոզարա՛ծ: Լովելա՛ս: Ո՜նց էիր թառել էն ջահել էգի վրա, հը՞ն… Բայց ես էդ լրբի փետուրները լա՜վ քամուն տվեցի: Էլ երբեք չի համարձակվի մեր սահմանը մտնել, կա՛ռռ:

ԿԸՌՌ — Զզվեցրիր, էլի… Քանի տարի է անցել, հոգիս կերար:

ԿԱՌՌ — Ձայնդ կտրի՛ր: Հարյուր տարի էլ անցնի, հիշելու եմ: Թոռներիդ եմ պատմելու: /Չարացած թռչում դեպի Կըռռը և կտուցով հարվածում է նրա գլխին:/

ԿԸՌՌ — Կը՛ռռ: /Կառռից փախչում, թառում է տանիքին:/ Կտուցդ քեզ պահիր, լաչա՛ռ: /Որոշ ժամանակ նայում է հեռու ինչ-որ բանի:/  Լսիր, բայց ես զարմանում եմ, ինչպե՞ս է այդ կինը մենակ նստում այնտեղ ժամերով: Գիտի էլ, չէ՞, որ Մըռռն այս կողմերում է, մի՞թե չի վախենում նրանից…

ԿԱՌՌ — Ինչ պիտի վախենա: Գիտի, որ Մըռռն իրեն մոտիկ չի գնա: Այն ժամանակից ի վեր, երբ նրանց շունը լավ բզկտեց Մըռռին, Մըռռը հեռու շրջանցում է նրանց բոլորին էլ, կառռ: Հեն է, /կտուցով ցույց է տալիս նախաբեմի ուղղությամբ/  որքան ժամանակ է արդեն, դուրս չի գալիս այն թփերի միջից: Երևի ինքն է շանից թաքնվել, կառռ: Գիտի, որ տիրոջ հետ մոտակայքում ման է գալիս:

ԿԸՌՌ — Մի նոր մեքենա է մտնում ավտոկայան, կըռռ: /Դիտում է:/ Կանգնեցին ծառի հովի տակ: /Դիտում է:/  Կառռ, գնա՞մ, ծրտեմ դրանց մեքենայի ապակուն… /Դիտում է:/  Երկու կին են: /Դիտում է:/   Մոտեցան այն կնոջը, ինչ-որ բան են հարցնում:

ԿԱՌՌ — /Թռչում թառում է Կըռռի կողքին, տանիքին:/

ԿԸՌՌ — Հետաքրքիր է, ի՞նչ են հարցնում: Գնամ, լսեմ…

ԿԱՌՌ — Ուղեղդ աշխատեցրու երբեմն, ինչ կլինի… Ի՞նչ կարող են հարցնել երկար ճանապարհ կտրած երկու կին: Իհարկե, զուգարանի տեղը, կառռ… Տեսա՞ր, ուղղվեցին դեպի զուգարանները:

ԿԸՌՌ — Ի՜նչ են գտել այստեղ… Գալիս, իրենց հետևից աղբ են թողնում միայն:

ԿԱՌՌ — Իսկ այդ “աղբն” ո՞վ է հետո հաճույքով փորփրում… Այնպես որ, վերջ տուր փնթփնթոցիդ:

ԿԸՌՌ — Կը՛ռռ…

Ներս է մտնում Մայրը: Արագաշարժ, աշխույժ կին է, դա տեսանելի է, քանի որ դստերը սպասելիս, մեծ անհամբերություն է ցուցաբերում. որոշ ժամանակ կանգնած, շուրջն է դիտում, մի ոտքից մյուսին է հենվում…

ՄԱՅՐ — Լիլիթ, արագացրու: Հերիք է ձեռքերդ լվանաս, մաշվեցին արդեն… Եկ, տես ինչ գեղեցիկ է այստեղ: Ինչ գեղեցիկ տներ են…

ԿԸՌՌ/Կառռին/  Թե այս ավերակների ինչն է գեղեցիկ… Գեղեցիկ բնությունը թողած` ավերակներին. “ինչ գեղեցի՜կ են”… Թու՜հ…

ԿԱՌՌ — Նորի՞ց սկսեցիր:

ՄԱՅՐ — Լիլի՜թ, այ Լիլի՜թ… Քեզ ի՜նչ եղավ… Որքան կարելի է սպասել, օֆֆ… /Նստում է պանդոկի պատի տակ դրված նստարանին, իսկ տանիքին թառած Կառռին ու Կըռռին չի նկատել:/

 Չորացնելու համար թաց ձեռքերը թափահարելով, ներս է մտնում Դուստրը: Նստում է մոր կողքին:

 ԴՈՒՍՏՐ — Բայց ինչ անհամբերն ես, մամ: Չես թողնի, մարդ հանգիստ զուգարան գնա: /Հենվում է պանդոկի պատին, երկարում է ոտքերը:/  Հոգնեցի ճանապարհից, շատ էր հեռու… Բայց լավ տեղ է, իրոք…

ՄԱՅՐ/Տեսնելով, որ Դուստրը հենվել է պատին, վախեցած հրում է նրան:/ Մի՛ հենվիր էդպես… Կարիճ-բան կլինի էստեղ:

ԴՈՒՍՏՐ/Վախեցած վեր է թռչում տեղից/  Վայ, իրոք որ… /Քաշում է մոր թևից/  Բա դու ինչ ես նստել, վեր կաց, շուտ արա…

ՄԱՅՐ/Նույնպես վեր է թռչում/  Հա, էլի…

ԿԸՌՌ — Հա՜-հա՜… Նո՞ր եմ դրանց վերջը տվել, կըռռ:

ԿԱՌՌ — Կառռ…

Լսելով ագռավների ձայնը, Մայրն ու Դուստրը վախեցած նայում են վերև:

ԴՈՒՍՏՐ/Վախեցած հպվում է մորը/  Մա՜մ… Ինչ մեծ ագռավներ են: Երբեք այսքան մեծ ագռավներ տեսած չկամ:

ՄԱՅՐ/Նույնպես վախեցած է, իհարկե, բայց չէ՞ որ աղջկան պետք է պաշտպաանել: Այնպես որ, ձեռքը թափահարում է ագռավների կողմը:/ Քը՛շշշ… Քը՛շ, ասում եմ:

ԿԸՌՌ — Սկսվեց, կըռռ… Բա որ ասում էի գնամ ծրտեմ դրանց մեքենայի ապակուն…

ԿԱՌՌ — Լավ, հանգստացիր, կառռ:

ԴՈՒՍՏՐ — Մամ, վերջ տուր: Սա նրանց տունն է, ոչ թե մերը: Եկ գնանք, տես ինչ գեղեցիկ սարեր են այնտեղ:

ՄԱՅՐ — Ըհըն… Մյուս անգամ գալիս, հորդ հետներս կվերցնենք, — սարերը` նրանն են: Բայց զգույշ եղիր, այն կինն ասում էր, որ այստեղ ինչ-որ լուսան է պտտվում:

Ուղղվում են դեպի թփերի կողքով անցնող ճանապարհը:

ԿԱՌՌ/Ցուցաբերում է մեծ անհանգստություն: Այստեղ շատ կարևոր է, որ բեմադրող ռեժիսորը մանրամասն բացատրի Կառռի դերակատար ագռավին, և նույնիսկ ինքը ցույց տա, թե ինչպես են ագռավներն անհանգստություն ցուցաբերում: Շեշտում եմ. Մեծ անհանգստություն:/ Կըռռ, այ Կըռռ, նրանք գնում են դեպի թփերը, իսկ Մըռռն այնտեղ է, կառռ… կա՜ռռ… կա՜ռռ…

ԿԸՌՌ/Նույնպես անհանգստացած է, բայց քիչ ավելի քիչ:/ Մարդավարի էլ բացատրել են իրենց, ասել են, որ այստեղ լուսան կա: Իսկ սրանք ոչխարի պես առաջ են գնում կըռռ… կը՛ռռ… կը՛՜՜ռռռ…

ՄԱՅՐ — Տես, թե ինչպես են ձայները գլուխները գցել:

ԴՈՒՍՏՐ — Ըհըն… Ոնց որ մեզ բան ասեն: Հետաքրքիր է…

ՄԱՅՐ — Գնացինք:

Նորից ուղղվում են դեպի թփերը:

 ԿԱՌՌ — Կառռ, կառռ, այո, ասում ենք, այո, ասում ենք: Մի՛ գնացեք այն կողմ, Մըռռն այնտե՛ղ է: Կառռ, մի՛ գնացեք: Երբ եք դուք մարդիկդ վերջապես սովորելու մեզ հասկանալ: /Թռչում է դեպի վախից իրար սեղմված մարդիկ և սկսում է պտտվել նրանց գլխավերևում:/

ԿԸՌՌ — Զգու՛յշ, կարող են պայուսակով հարվածել, կըռռ, կըռռ, կըռռ:

ՄԱՅՐ — Գժվե՞լ են այս ագռավներն, ինչ է… Քըշշշ… Քըշ, ասում եմ, քըշ…

ԴՈՒՍՏՐ — Մամ… գնացինք, մամ…

Նորից փորձում են առաջ շարժվել, բայց Կառռը փակել է նրանց ճանապարհը և հիմա արդեն թռչում է հենց նրանց դեմքի առջև:

 ԿԸՌՌ — Կը՛ռռ, կը՛ռռ… Վայ, ես ձեր մարդ ասողի…

Բարձրաձայն կռկռոցով թռչում է դեպի թփերն ու սկսում է շատ ցածր պտտվել թփերի վրա:

ԿԱՌՌ — Կըռռ, զգու՛յշ, շատ ես ցածր…

Թփերից դուրս է ցատկում Մըռռը և փորձում է թաթերով որսալ Կըռռին: Բայց Կըռռը պատրաստ էր դրան և, կորցնելով ընդամենը պոչի մի քանի փետուր, փախչում է Մըռռից:

ՄԸՌՌ — Մը՛՛՛ռռռռռ… /Հեռանում է բարկացած/

Կըռռը նորից թառում է պանդոկի տանիքին: Կառռը թառում է դռան փեղկին: Մայրն ու Դուստրը սարսափած, գրկած իրար, նայում են հեռացող Մըռռի հետևից, իսկ հետո այդպես էլ գրկված շուռ են գալիս դեպի Կառռն ու Կըռռը և շշմած հայացքով երկար նայում են նրանց:

ԴՈՒՍՏՐ — Մամ, իսկ ինչու՞ լուսանը չհարձակվեց մեզ վրա:

ՄԱՅՐ — Մի՞թե դու չգիտես, որ լուսանը երբեք դեմից չի հարձակվում: Մեջքից միայն: Եվ այդ ժամանակ նրանից չես պրծնի:

ԴՈՒՍՏՐ — Հա՞… /Վախեցած հետ է նայում/

ԿԸՌՌ — Փառք Աստծո, գոնե գիտեք այդ մասին, կըռռ…

ԴՈՒՍՏՐ/Նորից շրջվում է դեպի ագռավները/  Մա՞մ: Ստացվում է, որ նրանք իսկապե՞ս մեզ զգուշացնում էին…

ՄԱՅՐ — Մեծ ցանկություն ունեմ հակառակը պնդել, բայց ինչպե՞ս… Աստված իմ, նրանք մեզ… փաստորեն… փրկեցին լուսանի ճանկերից…

Երկար ու շվարած նայում են զույգ ագռավներին, որոնք նույնպես լուռ նայում են նրանց: Դուստրն անջատվում է մորից և դանդաղ մոտենում է Կառռին: Լուռ դիտում են իրար:

ԿԱՌՌ/Հանգիստ/  Կառռ:

ԴՈՒՍՏՐ/Երախտանքով (Ինչպե՞ս կարող ես երախտանքդ հայտնել քեզ փրկող ագռավին)/  Կառռ: /Բարձրացնում է գլուխն ու նայում է Կըռռին:/

ԿԸՌՌ/Փնթփնթալով/  Կըռռ: /Ռեժիսոր, անպայման կբացատրես դերակատարին, թե ինչպես են ագռավները փնթփնթում:/

ԴՈՒՍՏՐ/Ժպտում է:/  Կըռռ…

Դուստրը դանդաղ վերադառնում է դեպի մայրը և նրանք հեռանում են, աչքներն ուղղած ագռավներին:

ԿԱՌՌ — Կըռռ:

ԿԸՌՌ — Ի՞նչ է:

ԿԱՌՌ — Ես թոռներիդ չեմ պատմի էն պոռնիկ էգի մասին, որ քեզ չբզկտեն: Իսկ պոչիդ մասին մի մտածիր, շուտով նոր փետուրներ կաճեն:

ԿԸՌՌ — Առաջին անգամն է, ինչ է: /Պաուզա/  Թե ե՞րբ վերջապես էս մարդիկ նորից կսկսեն մեզ հասկանալ… Ուֆֆ, ռուտին, ռուտին, ռուտին…

ՎԱՐԱԳՈՒՅՐ

 

Դրամատուրգի պարզաբանումները.

ա) Այո, կռկռոցը շատ է մի քիչ, բայց դե ինչ արած, ագռավ են, կկռկռան;

բ) Բազմակետերն էլ են շատ, բայց դե դա էլ իմ թուլությունն է…