Յամվլիխը պնդում էր, որ Թոթն ավելի քան քսան հազար գրքերի հեղինակ է; Մանետոն գրքերի քանակը հասցնում է մինչև երեսունվեց հազարի: Գիտությունների և արվեստների շարքին, որոնք, ինչպես պնդում են, Թոթը բացել է մարդկանց, պատկանում են բժշկությունը, քիմիան, իրավագիտությունը, աստղագուշակությունը, երաժշտությունը, բանախոսությունը, մոգությունը, փիլիսոփայությունը, աշխարհագրությունը, թվաբանությունը, հատկապես երկրաչափությունը, անատոմիան և հռետորական արվեստը:
Եգիպտացիները նրան պատկերում էին թռչնի գլխով, որի առավել անհավանական մասն էր կազմում մեհենական քաջահավի հզոր կտուցը: Մի ձեքում Թոթը բռնում էր Կադուցեյը, թևավոր գավազանը, որին երկու կռվող օձեր են փաթաթված; իսկ մյուս ձեռքին նա բռնում էր անմահ զմրուխտը, որի վրա փորագրված է ամբողջ փիլիսոփայության իմաստությունը: Թոթին անվանում էին Եռամեծ (Տրիսմեգիստ), որովհետև նա գիտեր ամեն ինչ երեք աշխարհների մասին, ինչպես նաև Եռամեծ (Հերմես) էր նա, քանի որ մեծագույնն էր փիլիսոփաներից, մեծագույնն էր քրմերից և մեծագույնն էր բոլոր արքաներից:
Թոթը հայտնի է որպես ունիվերսալ իմաստության մարմնավորում: Ամենայն հավանականությամբ Թոթ անունով մեծ իմաստուն և ուսուցիչ իրոք գոյություն ունեցել է, բայց պատմական դեմքին զատել հսկայական քանակության լեգենդար տեղեկություններից, որոնց մեջ փորձ է արվում նույնացնել նրան մտքի տիեզերական սկզբունքի հետ, ուղղակի անհնար է դառնում:
Ֆրագմենտների մեջ, որոնք, դատելով ըստ ոճի, պատկանում են Թոթին, կան երկու նշանավոր աշխատություններ: Նրանցից մեկը կոչվում է “Զմրուխտե Տախտակներ”, իսկ երկրորդը՝ “Աստվածային Պոյմանդրոս” կամ, ինչպես ընդունված է անվանել, “Այրերի Հովիվ”:
Այս վերջին ստեղծագործությունը, “Պոյմանդրոս, կամ Այրերի Հովիվ” վերնագրով, Նարցիսը հանձնում է իր ընթերցողների դատին:
ՊՈՅՄԱՆԴՐՈՍ, ԱՅՐԵՐԻ ՀՈՎԻՎ
(Text R.328-338; P.1-18; Pat. 5 b-8)
1.
Մի անգամ խորհում էի ես գոյի մասին, միտքն իմ սավառնում էր բարձրերում, և մարմնական բոլոր զգացմունքներս քարացել էին, ասես հագեցվածության, շռայլությունների կամ հոգնածության հետևանքով վրա հասած ծանր քնի մեջ:
Ինձ թվաց, թե մի հսկայական էություն, առանց որոշակի դիմագծերի, կոչեց ինձ անվանելով ինձ և ասաց ինձ. “Ի՞նչ ես ցանկանում դու լսել ու տեսնել, ի՞նչ ես ցանկանում սովորել և ի՞նչ ճանաչել”:
2.
Ես ասացի նրան. “Ո՞վ ես դու”:
Նա պատասխանեց. “Ես Պոյմանդրոսն եմ, Միտք-Դեմիուրգը*: Ես գիտեմ, թե ինչ ես դու ցանկանում և ես քեզ հետ եմ ամենուր”:
— — — — — — — — — * Դեմիուրգ – կամ Շինարար; աստվածային Ուժ, որը կառուցել է Տիեզերքը: Թաքնագետների մոտ դա երրորդ արտահայտված լոգոսն է (Բանը), կամ Պլատոնի “երկրորդ աստված”, — երկրորդ լոգոսը պատկերված է որպես “Հայր”, միակ աստվածություն:
3.
Եվ ես ասացի. “Ես ցանկանում եմ տեղյակ լինել իրերում, ճանաչել նրանց բնույթը և ճանաչել Աստծոն”:
“Ընդունիր քո միտքն ամենն, ինչ ցանկանում ես գիտենալ, և ես կսովորեցնեմ քեզ”, — ասաց նա:
4.
Ասելով այս խոսքերը, նա փոխեց իր դեմքը, և անմիջապես ամեն ինչ բացահայտվեց ինձ մի ակնթարթում, և տեսա ես տեսարան մի անբացատրելի: Ամեն ինչ փոխակերպվեց հայացքներ հմայող, նուրբ և հաճելի Լույսի:
Դրան հաջորդեց, թրթռալով, զարհուրելի, սարսափելի Մութը:
Ինձ թվաց, թե Մութը փոխակերպվում է մի խոնավ, դողդոջուն, ասես կրակից ծխալով, ինչ-որ չարագույժ աղմուկ արձակող մի անհայտ էության:
Եվ հնչեց այնտեղից մի անկապ ճիչ, ասես Կրակի ձայնը լիներ դա:
5. Սուրբ խոսքը (Բան)* Լույսից վայր իջավ Խոնավ Էության մեջ, և Խոնավ Էությունից մաքուր Կրակը նետվեց դեպի բարձունքները; թեթև էր նա, սրտագեղ և միաժամանակ գործուն:
Եվ Օդը, իր թեթևությամբ, հետևեց Կրակին; Հողից-և-Ջրից նա բարձրացավ դեպի Կրակը, և ասես կախվեց այնտեղ:
Հողը-և-Ջուրը գտնվում էին խառնված վիճակում, և անհնար էր տարբերել Հողը Ջրից, և խառնված էր նրանց Խոսք-Ոգու (Բան) շնչառությունը:
— — — — — — — — — * Բանի (Լոգոս) գաղափարը հելլենիստական աստվածաբանության կենտրոնական կոնցեպտն էր: Այդ խոսքն ուներ բազմաթիվ նշանակություններ, նախ և առաջ Միտք և Խոսք, բայց նաև շատ ուրիշ:
6.
Եվ ասաց ինձ Պոյմանդրոսը. “Դու հասկացա՞ր, թե ինչ է նշանակում այս տեսիլքը”:
“Ես կիմանամ”, — պատասխանեցի ես:
“Այդ Լույսը, — ասաց նա, — Ես Էմն է, Միտքը, Աստված, Մտքից ելած Խոնավ Էության նախակարապետը: Իսկ Լուսապայծառ Խոսքը (Բան), Լույսից Ճառագող Լույսից, Աստծո որդին է”:
“Եվ ի՞նչ”, — մրմնջացի ես:
“Գիտեցիր. Այն, ինչ տեսնում և լսում է քո երևակայությունը, Աստվածային Խոսքն է (Բանը); իսկ Միտքը՝ Հայր Աստվածն է: Նրանք անբաժան են իրարից, քանզի նրանց կյանքը՝ միասնության մեջ է:
“Շնորհակալ եմ քեզ”, — պատասխանեցի ես:
“Ուրեմն բացահայտիր Լույսը և ճանաչիր նրան”:
7.
Ասելով այս, նա երկար նայեց իմ աչքերի մեջ, և ես դողում էի նրա հայացքի տակ; և նրա նշանով ես տեսա իմ մտքում Լույս և նրա անհամար Ուժերը, ծնունդն անսահման Տիեզերքի* և եռանդուն ուժի մեջ պարունակվող կրակի հավասարակշրության հասնելը:
Ես հասանեցի այդ Պոյմանդրոսի խոսքերից:
— — — — — — — — * Kosmos բառը նշանակում է կամ “կարգ”, կամ “աշխարհ”, և բնագրում հաճախ խաղարկվում են երկու նշանակություններն էլ, ինչպես Լոգոս բառի դեպքում:
8.
Եվ քանի որ ես զարմացած էի, նա ավելացրեց. “Դու զննում ես քո մտքում Նախասկզբնական Մարմինը, անսահման սկզբի նախակարապետին”: Այդպես ասաց ինձ Պոյմանդրոսը:
“Որտեղի՞ց, — առարկեցի ես, — հայտնվեցին Բնության տարերքները”:
Նա ասաց ինձ. “Աստվածային Կամքից: Իսկ Բնությունը*, վերցնելով Խոսքը (Բանը) և տեսնելով նրա կառուցվածքն ու գեղեցկությունը**, կառուցեց աշխարհն ըստ այդ նմուշի, հենց նրանից բխած տարերքների, և հոգիների ծիլերի հետ մեկտեղ:
— — — — — — — — * Բնությությունը և աստվածային Կամքը նույնական են: ** Այսինքն՝ իդեալական աշխարհակարգը դրսևորվածի ոլորտում:
9.
Միտք-Աստված, միաժամանակ արական և իգական, որը Կյանքն է և Լույսը, Բանի միջոցով ծնում է մեկ այլ Միտք, Միտք-Դեմիուրգ, Կրակի և Ոգու Աստծուն, որն իր հերթին կազմավորեց Յոթ Տիրակալների, նրանց ոլորտների մեջ ամփոփեց Զգայական աշխարհը* և սկսեց կառավարել այն միջոցով նրա, ինչը Ճակատագիր է կոչվում:
— — — — — — — — * Զգայական և դրսևորված աշխարհը, մեր ներկա տիեզերքը, ի տարբերություն իդեալական հավերժական տիեզերքի, բոլոր տիեզերքների նախատիպի:
10.
Աստվածային Գիտակցությունը (Բանը), շուտով ցածրագույն տարերքներից ուղղվեց դեպի արարված բնության մաքուր շրջանները և միացավ Արարիչ Մտքին*, քանզի նրանք մի բնույթ ունեն: Եվ ցածր, անգիտակից տարերքները թողնվեցին մաքուր նյութի վիճակում:
— — — — — — — — * Կամ Միտք-Դեմիուրգին:
11.
Արարիչ Միտքը, Գիտակցության հետ մեկտեղ, գրավելով ոլորտները և արագ պտտելով դրանք, իր արարածներին ամփոփեց շրջապտույտի մեջ, թողնելով պտտվել նրանց անսահման սկզբից դեպի սահման չունեցող վերջը: Քանզի սկսվում է այն նույն տեղում, որտեղ և ավարտվում է:
Եվ հրամայեց Գիտակցությունը (Բանը). Բնության ցածրագույն տարերքներից թող շրջապտույտը ստեղծի գիտակցությունից զուրկ անխոս կենդանիներին: Օդը ստեղծի թռչողներին, ջուրն էլ լողացողներին: Հողը-և-Ջուրը անջատվեցին մեկմեկուց, քանզի այդպես հրամայեց Միտքը; և Երկիրը ծնեց ընդերքից՝ այնտեղ պարունակվող կենդանիներին, չորս ոտք ունեցողներին, սողուններին, գազաններին վայրի և ընտանի:
12.
Բայց Միտքը, Հայրն ամենայն գոյի, որ հենց ինքն էլ Կյանքն է և Լույսը, ծնեց Մարդուն*, Իր կերպ և նմանությամբ, և սիրեց նրան որպես սեփական զավակի: Սա գեղեցկությամբ արտաբերեց պատկերը Հոր, և Աստված սիրեց հիրավի Իր սեփական Պատկերը** և նրան հանձնեց բոլոր արարածներին:
— — — — — — — — * Նախատիպ, — Տիեզերական, Իդեալական կամ Կատարյալ Մարդ: ** Կամ Գեղեցկությունը:
13.
Բայց Մարդը, տեսնելով, թե ինչ է ստեղծել Դեմիուրգը, ցանկացավ ինքն էլ ստեղծել իր հերթին, և Հայրն իր համաձայնությունը տվեց նրան:
Մտնելով ոլորտը ձևավորման, նա տեսավ ստեղծածներն իր Եղբայրների, և նրանք սիրեցին նրան, և ամեն մեկը նրանցից տվեց նրան սեփական իշխանության մասը:
Այդժամ, ճանաչելով իր էությունը և ձեռք բերելով մասը նրանց բնույթի, ցանկացավ նա անցնել նրանց ոլորտների Սահմանը* և ենթարկել իրեն հզորությունը նրա, ով իշխում է Կրակին**:
— — — — — — — — * Կամ ցանկացավ ձեռք բերել ճանաչում: ** Համեմատեք § 9.
14.
Եվ աշխարհի ու գիտակցությունից զուրկ արարածների այդ տիրակալը, ուղղելով իր դեմքը Ներդաշնակության* միջով, կոտրեց ոլորտների հզոր պատնեշը և ցածրագույն Բնությանն ի հայտ բերեց Աստծո սքանչելի Պատկերը:
Այդ հրաշալի գեղեցկության առջև, որի մեջ բոլոր յոթ Տիրակալների ուժերը համադրվել էին Աստծո Կերպարի հետ, Բնությունը ժպտաց սիրուց, քանզի Մարդու պատկերը տեսավ նա Ջրի մեջ և նրա ստվերը Երկրի վրա:
Եվ նա, սեփական արտացոլանքը տեսնելով Ջրի մեջ, համակվեց սիրով նրա հանդեպ և ցանկացավ բնակվել նրա մեջ: Գործողությունը հետևեց ցանկությանը, և բեղմնավորվեց գիտակցությունից զուրկ մարմինը:
Բնությունն իր գիրկն առավ իր սիրելիին և համակեց նրան ամբողջովին և միասնացան նրանք փոխադարձ սիրով:
— — — — — — — — * Դա Տիրակալների կողմից կառավարվող ներդաշնակ փոխազդեցությունն է, համաձայնությունը կամ ոլորտների համակարգը; այլ խոսքերով ասած, Ճակատագրի համակարգը:
15.
Եվ ահա թե ինչու երկրի վրա ապրող արարածներից մարդը միակն է, որ երկակի է. մահկանացու է մարմնով և անմահ՝ էական Մարդու մեջ: Լինելով անմահ և տիրապետելով իշխանությանն ամեն ինչի վրա, նա ճաշակում է այն, ինչին, հպատակվելով Ճակատագրին, ենթակա են մահկանացու արարածները: Գերազանցելով Ներդաշնակությանը, նա ստրուկ է նրա սահմաններում; տղամարդա-կին* է, ինչպես իր Հայրը; և ենթակա է քնի, քանզի, ծագելով նրանից, ով քնի ենթակա չէ, գտնվում է քնի իշխանության ներքո”:
— — — — — — — — *Այսինքն՝ միասեռ, բայց ունեցող երկու սեռերի ներուժը:
16.
“Հմայում են ինձ այդ խոսքերը, — այդ ժամանակ ասաց իմ միտքը:
Իսկ Պոյմանդրոսն ասաց. “Ահա գաղտնիքը, որը քողարկված էր մինչև օրս:
Բնությունը, միանալով Մարդու հետ, ծնեց հրաշքներից ամենազարմանալին: Այն բաղկացած էր, ինչպես ես արդեն ասացի, Ոգուց և Կրակից և համատեղել էր իր մեջ Բնույթը* Յոթի: Բայց բնությունը կանգ չառավ և ծնեց յոթ “մարդ”, երկսեռանի, Յոթի բնությանը համաձայն, և շարժվող երկնքում”:
“Ո՜վ Պոյմանդրոս, — գոչեցի ես, — հետաքրքրասիրությունն իմ բազմապատկվում է”:
“Լռիր ուրեմն, — ասաց Պոյմանդրոսը, — քանզի ես չեմ ավարտել խոսքն իմ”:
“Լսում եմ”, — պատասխանեցի ես:
— — — — — — — — * Ներդաշնակությունը:
17.
“Այդ յոթի ծնունդը, ինչպես ասացի, տեղի ունացավ հետևյալ կերպ. Հողը տվեց սկիզբը կանացի, Ջուրը՝ ծագումնային սկիզբը; Կրակը տվեց հասունություն, Օդը՝ ոգի, և Բնությունը լույս աշխարհ բերեց մարմիններ Մարդու կերպով:
Կյանքից և Լույսից Մարդը ստացավ հոգի և միտք; հոգին ի հայտ եկավ նրա մոտ Կյանքից, իսկ Լույսից էլ՝ Միտքը:
Եվ Զգայական աշխարհի* բոլոր մասերը գոյատևեցին այդպես մինչև ժամանակաշրջանի ավարտը և մինչև նոր սկիզբներ:
— — — — — — — — * Այսինքն, մասերը նրա, ում Եռամեծն անվանում է “տիեզերական մարդ”:
18.
Այժմ լսիր մնացյալը, որ դու ցանկանում էիր լսել:
Եվ այդտեղ ժամանակաշրջանն ավարտվեց, կապերը, որոնք սահմանափակում էին նրանց, Աստծո Կամքով քանդվեցին, քանզի բոլոր կենդանիները, որ երկսեռ էին սկզբում, մարդու հետ միաժամանակ բաժանվեցին և ձևավորվեցին արուներ մի կողմից և էգեր մյուս: Եվ Աստված անմիջապես ասաց իր Սուրբ Խոսքը (Բանը).
“Աճեք ձեր աճի մեջ և բազմացեք բազմապատիկ, և դուք բոլորդ իմ գործն եք և իմ արարածները; և թող գիտենա նա, ով ունի Գիտակցություն, որ անմահ է ինքը, և որ մահվան պատճառն է սերը, Սիրո միջոցով գոյություն ունի ամեն ինչ”:
19.
Եվ այդ խոսքերի հետ միասին, Ճակատագրի և Ներդաշնակության օգնությամբ, Նրա Նախախնամությունը* սկիզբ դրեց մերձեցումներին և հիմնեց ծնունդներ: Եվ բոլոր արարածները բազմացան ծնունդով, իսկ նա, ով ճանաչեց ինքն իրեն, հասավ կատարյալ երանության; բայց նա, ով մոլորության մեջ գցվելով սիրո կողմից, ծախսեց իր սերը սեփական մարմնի վրա, գտնվում է Մթնում և զգացմունքների պատճառով ենթակա է մահվան”:
— — — — — — — — * Այսինքն, Բնությունը որպես Սոֆիա, կամ Նախախնամություն, կամ Կամք:
20.
“Ինչպիսի՞ն է ուրեմն, — գոչեցի ես, — մեծագույն սխալը տգետների, որ այդ սխալի պատխառով նրանք զրկվում են անմահությունից”:
“Ասես թե, — պատասխանեց նա, — դու չհասկացար այն, ինչ լսեցիր; չասացի՞ ես քեզ արդյոք՝ խորհել”:
“Ես խորհում եմ, ասացի ես, և վերհիշում եմ, և երախտապարտ եմ քեզ”:
“Եթե խորհեցիր, ասա ինձ, ինչու՞ Մահվան մեջ գտնվողներն արժանի են մահվան”:
“Որովհետև մեր նյութական հիմքը ծագում է այն մռայլ Մթից, որտեղից դուրս է եկել Խոնավ Բնությունը; որից էլ ծագել է զգայական աշխարհում ձևավորված մարմինը, — մահվան գանձարանը”:
21.
“Դու հասկացա՞ր, — ասաց նա, — թե ինչու “նա, ով ճանաչել է իրեն, գնում է Մահվան մոտ”, ինչպես ասել է Աստվածային Խոսքը (Բանը)”:
Ես առարկեցի նրան. “Որովհետև Կյանքից ու Լույսից է բաղկացած ամենայն գոյի Հայրը, նրանից էլ Մարդն է ծնվել”:
“Բարի խոսքեր են, — ասաց նա, — Հայրը և Աստված, որից ծնվել է մարդը, — Լույս է և Կյանք”:
Եթե ուրեմն հայտնի է քեզ, որ ծագում ես Կյանքից ու Լույսից և բաղկացած ես նրանցից, — դու կվերադառնաս դեպի Կյանք”: Այսպիսին էին Պոյմանդրոսի խոսքերը:
“Ասա նաև ինձ, ով Միտք, ինչպե՞ս ես կարող եմ կյանք մտնել”, — ասացի ես… Եվ պատասխանեց իմ Աստված. “Մարդը, որն ունի Գիտակցություն, գոյության անմահության մեջ թող ճանաչի ինքն իրեն”:
22.
“Նշանակում է, ո՞չ բոլոր մարդիկ ունեն Գիտակցություն”:
“Բարի խոսքեր են, — ասաց նա, — մտածիր, թե ինչի մասին ես խոսում: Ես՝ Միտքը, առկա եմ սրբերի մոտ, բարեպաշտների մոտ, գթասիրտների մոտ:
Իմ հզորության օգնությամբ նրանք անմիջապես ձեռք են բերում բոլոր իրերի ճանաչումը և դիմում են Հորը սիրով, և դեպի նա են հղում աղոթքները, նրան արժանի: Եվ նույնիսկ, նախքան կլքեն մարմինն իրենց մահվան, արհամարհում են այն զգացմունքները, որոնց գործերն իրենց հայտնի են; կամ, ավելի ճիշտ, Ես՝ Միտքը, թույլ չեմ տալիս, որ կատարվեն մարմնի գործերը: Որպես դռնապան, փակում եմ ես մուտքը վատ արարքների առջև և կանխում եմ վատ մտքերը:
23.
Ինչ վերաբերվում է Մտքից զուրկերին, անբարոներին ու չարերին, նախանձոտներին ու շահամոլներին, մարդասպաններին և պատվազուրկներին, Ես հեռու եմ նրանցից և տրամադրում եմ վրիժառու Դևին, իսկ նա սրանց զգացմունքները լցնում է թափանցող կրակով, ավելի ու ավելի է հրում նրանց դեպի չարը, որպեսզի խստացնի նրանց պատիժը, և անվերջ բորբոքում է նրանց կրքերն անհագ ցանկություններով, սնուցում է նրանց, այդ անտեսանելի թշնամին, և բորբոքում է նրանց մեջ անմար կրակը”:
24.
“Ո՜վ Միտք, դու սովորեցրիր ինձ ամենին, ինչ ես ցանկանում էի; բայց լուսավորիր ինձ նաև այն հարցում, թե ինչպես է ի կատար ածվում վերելքը:”
Այստեղ Պոյմանդրոսն ասաց. “Սկզբում նյութական մարմնի փտումը նրա բաղկացուցիչ մասերը կենթարկի փոխակերպումների; տեսանելի տեսքն անտեսանելի է դառնում; անհատական բնավորությունը, կորցնելով իր ուժը, տրվում է դևին, հետո մարմնական զգացմունքները համապատասխանաբար վերադառնում են դեպի իրենց սկզբնաղբյուրները և տարրալուծվում են որպես էներգիաներ: Կրքներն ու ցանկությունները* վերադառնում են անգիտակից բնություն:
— — — — — — — — * կանացի և տղամարդկային տեսանկյունները որպես “կենդանական հոգու” դրական և բացասական տեսանկյուններ:
25.
Մնացածը համբառնում է Ներդաշնակության միջոցով, առաջին տարածքում լքելով Աճի կամ Նվազեցման Էներգիան; երկրորդ տարածքում վերանում է Չարի աղբյուրը; երրորդում՝ Ցանկությունների Պատրանքը; չորրորդում՝ Իշխանության Սնափառությունը, որն այլևս մնում է չբավարարված, հինգերորդում՝ անազնիվ Գոռոզությունը; վեցերորդում՝ վատ մտադրություններով դեպի հարստություն Ձգտումը; յոթերորդում՝ խարդախ Սուտը:
26.
Եվ երբ ամենն, այդ կերպ ազատվելով Ներդաշնակությունից, վերանում է, — նա հայտնվում է Ութերորդ ոլորտում, մաքրված, իր սեփական ուժի մեջ և երգում է հիմներ ի փառս Հոր, նրանց հետ, որոնք-ինքը-գոյն են:
Այնտեղ գտնվողները ցնծում են Նրա հետ, իսկ Նա, նմանվելով նրանց, լսում է քաղցրահնչյուն ձայնն Ուժերի, որոնք գերազանցում են Ութերորդ ոլորտի Բնույթին և Աստծո փառքն են երգում: Եվ այդ ժամանակ բարեկանոն համբարձվում են նրանք Հոր մոտ և միանում են Ուժերին և, իրենք էլ դառնալով Ուժեր, ծնվում են Աստծո մեջ: Այդպիսին է վերջնական բարիքը Գնոզիսին տիրապետողների համար՝ դառնալ Աստված:
Ինչի՞ ես ուրեմն սպասում հիմա: Դու սովորեցիր ամեին; այժմ դու պետք է ուղեցույց լինես մարդկանց, և քո միջոցով Աստված թող փրկի մարդկային ցեղը”:
27.
Ասելով սա, Պոյմանդրոսը միացավ Ուժերին:
Իսկ ես, օրհնելով Տիեզերքի (Ուժերի) Հորը և հղելով աղոթք նրան, հառնեցի, նրանով ամրապնդված, ճանաչելով Ամենի բնույթն ու մեծ Տեսիլքը:
Եվ սկսեցի ես դասավանդել մարդկանց հոգևոր Ծառայության և Գնոզիսի Գեղեցկությունը.
“Ո՜վ ժողովուրդներ, հողածին մարդիկ, որ սուզված եք արբեցման, քնի և Աստծո անգիտության մեջ, թափ տվեք ձեր զգացմունքային կապանքները, արթնացեք ձեր թմրությունից”:
28.
Նրանք լսեցին ձայնս և հավքվեցին իմ շուրջ: Իսկ ես ասացի.
“Ինչու՞, ով հողածին մարդիկ, դուք հանձնում եք ձեզ Մահվան, երբ ձեզ թույլատրված է Անմահություն ձեռք բերել: Ուշքի եկեք, մոլորության մեջ թափառողներ, անիմացության մեջ տառապողներ, փախեք Մթի լույսից, նահանջելով Ունայնությունից, հաղորդվեք Անմահությանը”:
29.
Եվ ոմանք, ծաղրի առնելով ինձ, սլացան դեպի Մահվան Ճանապարհ; մյուսներն, ընկնելով ոտքերս, աղերսում էին իրենց ուսուցանել:
Եվ ես, ոգեշնչվելով, դառնալով ուղևարը Ցեղի*, խրատում էի նրանց իմ ճառերով դեպի փրկության ուղի: Ես նրանց մեջ իմաստության սերմեր էի սերմանում**, և սնվում էին նրանք Անմահության Ջրով***:
Իսկ երբ եկավ երեկոն և աղոտացան արևի վերջին շողքերը, ես կոչեցի նրանց աղոթքի: Եվ, կատարելով բարեպաշտության գործերը, նրանցից ամեն մեկն իր անկողին վերադարձավ:
— — — — — — — — * Լոգոսի (Բանի) ռասաները, բոլորը, ով գիտակցում է Բանն իր սրտում: ** Մարկոս, Դ-4 *** Խմիչք, որն Իզիդան տվեց Հորոսին
30.
Իսկ ես իմ սրտում շարադրեցի Պոյմանդրոսի բարեգործությունների պատմությունը, և, տիրելով ցանկություններիս առարկային, քնեցի ուրախությամբ համակված: Մարմնի քունը ծնեց հոգու հստակություն, իմ գոցված աչքերը ճշմարտությունն էին տեսնում, արդյունավետ լռությունն իր գրկում բերեց ամենաբարձրյալ Բարիք, արտահայտված խոսքերը սերմերն էին բարիքի:
Ահա երանությունը, որը գանձեցի ես իմ Մտքից, այսինքն Պոյմանդրոսից, Խոսքերը (Բանի); այդպես աստվածային Ներշնչման միջոցով, տիրապետեցի ես Ճշմարտությանը: Ահա թե ինչու իմ ամբողջ հոգով և ամբողջ ուժերով երախտապարտ եմ ես Աստվածային Հորը:
31.
Սուրբ է Աստված, Հայրն ամենայն գոյի:
Սուրբ ես Դու, ով Աստված, ում Կամքը կատարվում է Քո Ուժերով:
Սուրբ ես Դու, ով Աստված, որ ցանկացար, որ ճանաչի Քեզ նա, ով Քեզ է պատկանում:
Սուրբ ես Դու, որ Քո Խոսքով (Բանով) ստեղծեցիր լինելությունը:
Սուրբ ես Դու, ում պատկերն է արտահայտում Բնությունը:
Սուրբ ես Դու, Բնությամբ չարարվածդ:
Սուրբ ես Դու և հզոր ես ամեն ուժից:
Սուրբ ես Դու և մեծ ես ամենայն մեծությունից:
Սուրբ ես Դու և բարձր ես ամեն գովասանքից:
Ընդունիր իմ մտքի, հոգու և սրտի զոհաբերությունը Քեզ մեծարող, ով Աննկարագրելի, ով Անըմբռնելի, Ում ճանաչել կարող է Լռությունը միայն:
32.
Մի գցիր ինձ մոլորության մեջ, տուր Ճանաչում մեր էության*, տուր Ուժը Քո, Քո Ողորմածությամբ լուսավորիր Ցեղի անիմացներին, իմ եղբայրներին, Քո զավակներին:
Հավատում եմ Քեզ և վկայում եմ Քո մասին, քայլում եմ Կյանքի և Լույսի միջով: Ո՜վ Հայր, երանի Եղիր; Մարդը, որ պատկանում է Քեզ, կճաշակի Քո սրբությունը, քանզի դրանում Դու նրան լիակատար իշխանություն ես տվել:
— — — — — — — * Էության, որը մարդը կիսում է Աստծո հետ:
ՎԵՐՋ
Թարգմանեց՝ Սամվել Առաքելյան