**
ամեն բան էլ կարող ես վարի տալ իմ սեր,
ամեն բան էլ կարող ես վարի տալ
տնայնագործ պայթուցիկների բաղադրատոմսեր
գուգլում նայի կգտնես երևի սիրելիս
մի քիչ որ ջանք դնես մի պայթուցիկն ինչ է
որ չսարքես
ու երևանը՝ այս կլոր աչքանի աղջկան
ցրիվ կարող ես տալ սիրելիս
առանց ներողություն խնդրելու
առանց մեղա գալու առանց նեղսրտելու
մի բան էլ առանց մտածելու երկար
այս նախկին վարդագույն մազերով աղջկան
ցրիվ կարող ես տալ սիրելիս
գունաթղթերի պես երկնքից շաղ տալով
ասես փշուր-փշուր թռչուններ դարձած պատուհանի ապակի
և մենություն և նկուղներում պահ մտած անուժություն, անկարողություն,
անտեսվածություն
այնտեղ ուր ես ու դու էինք հիմա ոչինչ է սիրելիս
կապույտ կետ երկնքի սպիտակ լաքաներով ապակու վրա
մենք նոր բանի սկզբի սկզբի սկզբի սկիզբը կդառնանք իմ սեր
ու ոչ ոք մեր տեղը չի իմանա
դու կպայթեցնես, դու ցրիվ կտաս մեզ
ու շաղ կտաս գունաթղթերի պես կլոր աչքերով
այս նախկին վարդագույն մազերով աղջկա բերանի մեջ
մնաց ինը վայրկյան սիրելիս, մնաց չորս վայրկյան իմ սեր ու
էլ բան չկա
մնաց այն ինչ ուժներս չի պատի հիշել,
ու խտացված գույներով խաղալիքի պես վարի կտանք
ու կհրճվենք միլիոնակտոր թռիչքից մեր թեթևացած, այնքան թեթև ու
անզգա
այնքան թեթև որ ես ու դու չենք զգա
**
մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ
առանց հետքայլի տեղի
մեր ծնողների բներում կծկված
մենք կիսատպռատ դրսում ենք
ծխում ենք աններդաշնակ ու հիստերիկ աչքերով
անտեսանելի ու ազատ դարձած
մինչև ժամը տասնմեկը, մինչև մութը կոխելը
մինչև մենք քայլում ենք կացնի տակից փախած շան պես
շշմած ճակատներով, բիբներս չռված, եղունգներս կրծած
սեդատիվներից հալումաշ լյարդով, ներսներս փուչ
փուլ եկած ու խուլ
մինչև կոկորդներս ծուխ ու մոխիր եղած
թափվում ենք փարպեցի փողոցն ի վար
մենք հուրհավիտյան ճխտած ենք
ծակումակ դիպլոմների, չսիրած մարմինների
սեր չտեսած ու հարազատ լրբերի ու բթացած կինաղջիկների ու տղուկ-բիձեքի
խեղդոցում, որոնց բոլորին սիրում ենք անհիշելի սիրով
մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ
խոհանոցի սեղանի ու բարի կանգնակի մեջտեղում
հետուառաջ անող կարճաոտ, տատուոտ աղջնակի նման
և մեզնից ամենքը մի ոտքն է նրա, մի մատը նրա, շունչը նրա կրծքի
գույնը նրա քիմիական ներկով ներկած մազերի
մեր մատները, մեր մատները սուտ ու սեր ու սև գարեջրի,
սև լռության ծարավի
մերկ մսի, մերկ փորի, մերկ մեջքի քրտինքը վրաները լրիվ
չորացած ու մաշկը առանց վիտամինների
մեր կեսը դուրս, կեսը ճամփի կեսին, կեսը օդի մեջ
կեսը ամենատակը
անտեղյակ, չստացված, անընդունակ, ժառանգական ծուռումուռ ոտքերով,
մազմզոտ, ատամներով դուրս ցցված
մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ
մեր ներսը ով ասես չի տնտղել
մենք երիտասարդ ենք, ապերջանիկ
տակից դուրս գալ չունենք
հետքայլի տեղ չունենք
տունուտեղ չունենք
մոխրոտի կեսից մոռացված պատմությունն ենք
երիտասարդ, ապերջանիկ, մի տեղում մեխած, տառասխալներով լի
մթի մեր պատառով հիացած
մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ
բոլոր կռիվներից ուշացած, բոլոր ամրոցները տված, դաշտավայրերը հանձնած
առանց հետքայլի տեղի, մինչև կոկորդներս ծուխ ու փոշի
անտուն, մութ ու գոլորշի
մութ ու գոլորշի:
**
Հայր մեր որ ազատվեցիր ու թոկից կտրված լցվեցիր փողոցներ
ու հրապարակներ
դուրս եկար ու ներս բերեցիր անկախություն
թեթևություն ու անհայտություն ամեն, ցնորք, փամփուշտներ ու մութ սենյակում
սառը պատին դեմ տված դրոշ
հայր մեր որ ազատ բերեցիր ինձ ու անկախացում բերեցիր ու դեմք ու սիրտ ու միս ու արյուն ու խոսք ու լեզու ու ձեռք տվեցիր
ու հերթ կանգնեցիր բոլոր դեսպանատների առաջ
կեղծեցիր ինչ պետք էր ու հուսահատ ու ամուր պատսպարվեցիր
ընդհանուր բաղնիք-զուգարան ունեցող մարդաշատ լագերներում
ապահով վերահսկողության տակ
հայր մեր թողածդ անկախության մեջ ես ինչպես թագավորեմ, գործ գտնեմ, վարձ վճարեմ, երեխա ունենամ, հիվանդանամ, սիրեմ, վարկ տամ, կենդանի չմնամ, ողջ մնամ
հայր մեր ինչպես մնամ
երբ դու ոչ երկնքում ես, ոչ էլ իմ մեջ
ու դու որ երկինք բարձրացար
ինքնաթիռով իջար մի ուրիշ իսկական երկրում ու
մոտ վեց-յոթ թե երկուհազար տարի է լուր չունենք քեզնից
հայր մեր դու որ գնացիր ու մեզ թողեցիր քո թողած անկախության հետ
հիմա հեռվից ձեռքով ես անում որ ինձ ու փոքր եղբորս իսկական երկիր տանես
իսկ մենք թարսի պես շան պես կապվել ենք թողածդ անկախությանը
ընտելացրել դրան ու տարի է լինում մի քանի անգամ
տասնհինգ-քսանհազար հոգով դուրս ենք հանում փողոցներ մաքուր օդի
որ իրեն լավ զգա, քայլի, աչքը մեր երեսը տեսնի, գոռա, սիրտը ուրախ լինի
սիրտը միշտ ուրախ լինի
մենք գիտենք որ սիրտը միշտ պետք է ուրախ լինի
հայր մեր որ շուտով ես հայր կդառնամ
թող մեզ չիմացվածությունը քո
ինչպես որ մենք եղանք քեզ չիմացված
իսկ մնացածը մի բան կանենք, մի ձև կստանանք, մի կերպ տակից դուրս կգանք
**
սենյակս թռչուն էր մտել
ու ամբողջ ներսս տակնուվրա եղավ
ես նրան հանդիպեցի օրվա երկրորդ կեսին
հանդիպեցինք սրճարանում
խոսեցինք, ինչից ասես որ չխոսեցինք
թեպետ հագի շորը շատ կարճ չէր
ներքնազգեստը երևում էր
բաց դա ավելի շատ անփորձության պատճառով էր
ավելի շատ իրար խառնված լինելուց
ասում էր ամեն գույն մի երաժշտություն է
ասում էր քարտուղար է աշխատել
ասում էր կկարդա բերածս գիրքը
քայլելուց քիչ էր մնում վրաս ելներ
ու շատ բարակ էր մեջքը
սպիտակ թել
խոսքի մեջ ինքն իրեն ուղղում էր
ես չէի ծիծաղում որ սխալ չհասկանար
ու չգնար
ես ասում էի որ պետք է նոր բաներ փորձել
ինքնազարգանալ
ես չէի ուզում որ նա գնար
գիրքը կարծեմ չհավանեց, այդպես էլ չկարդաց
քարտուղար էլ չաշխատեց
ու կամաց քուն մտնողի վերջին տեսածի պես երկար
նայեց ինձ, ասաց
մի մտածիր
ու չքացավ
սենյակս թռչուն էր մտել
ու ամբողջ ներսս տակնուվրա եղավ
**
առավոտ լուսո
առավոտ արձակ, առավոտ ազատ,
առատ, քամուն տված կրծքերով սրտաբաց
առավոտ մեծ ու լայն, շատ, լիակատար
մերկ ու ամբողջովին պայծառ
առավոտ օվկիանոս, թռչուն, խոտ, ջուր-ջուր
վարարած ու շփացած ու մեջս պռնկեպռունկ ծփացող
ներսս ալիքալիքվող արևարյուն
տաք ու մուգ կարմիր, ջլապինդ
առավոտ, որ բացվեցիր առնանդամիս մեջ
լուսարձակելով հարյուր միլիոն
լուսնային տարի այն կողմ
առավոտ լուսո դեռահաս պեպենոտ
անթերի դեմքով ու փափուկ մարմնով
գիրկս նետվեցիր հրաշեկ ինչպես երեխա
վստահ որ կբռնեմ ու կրծքիս մեջ կլցնեմ քեզ
անչար ու առանց ամոթից տեղյակ լինելու
առավոտ բաց ու հարթ մաշկով, տկլոր
որ թրթռում ես երկփեղկ դարպասների արանքում
վարդագույն, ծաղկոտ ու թարմ
կաթնահամ ու ամեն տեղից երևացող
հողից երբեք չպոկված, քոքդ պինդ
առավոտ լուսո
որ պար ես բռնել ամենուրեք ուր աչքս է տածում
երգերիդ մեջ աստվածներ կան մկանոտ, բարձր ձիանման գետեր,
սարեր ու մարդիկ հաղթանդամ
առավոտ լուսո բացված շուշան
մերկ աղջկա կրծքերին ու հեշտոցին
ու ժպիտ ճերմակ
բացվիր ամեն երակիս մեջ որ տարածել եմ քո առաջ վարդի թերթերի նման
ողնաշարս պողպատի պես ձիգ ու ձեռնատարած
եռ եկ արյանս ամեն ատոմի ծալքերում, պայթիր
ու ծառս եղիր վրնջուն ձիու սմբակներովդ ճամփա բացիր
մարմնիս միջից ու դաշտերով, երկնքով, փողոցներով
թև առ բարձրացիր ու մաղիր ուր հասնում է ձայնս
ու բեր հրճվանք ամենազոր ու ամենախոր
առավոտ լուսո
առավոտ արդար ծիծաղ ու խայտանք մերկանդամ
ճերմակատամ, թացլեզու, բացվիր երկու ոտքերի արանքում
բացվիր աչքերի մեջ, երկու սրտերի միջև
ճանապարհին բացվիր լրիվ,
անվախացնելով մատների ծայրերը մեր
փրկելով իմ ոսկորներից որ ընկած են մեր միջև
ու բացվելով արևի հովին
բացվիր ներսդ ինձ տալով
ու տարածվելով վեր
հիմա երբ հողից կտրվել չեմ կարող ու երկնքից իջնել չեմ ուզում