ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ «ՀՈՒՄ ՄԱՐՄԻՆԸ»

ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ «ՀՈՒՄ ՄԱՐՄԻՆԸ»

Ծեգի այն  պահը: Ներքին օրգանները չեն գործում, կղանքն աղիներում անշարժ է, միզապարկում ալեկոծում չկա, գլխում հատուկենտ մտային առկայծումներ են՝ դանդաղ ու ծորուն: Նորածնի թույլ մկանունքով մարմինը խմոր է:

Կոպերը մինչև վերջ չեն բացվում. թարթիչները վարագուրում ու արգելում են պատկերի կլանումը, ասես հորիզոնադիր պառկած եմ սիզամարգի մեջ և փորձում եմ հեռուն տեսնել, մինչդեռ կանգնելու և տեսարան ապահովելու համար ոտքերս ընդարմացած են: Կենդանություն ենթադրողը աչքերս են, բայց սրանք Մարիանյան իջվածքում[1] են. աշխարհի ամենախորը կետում եմ ինձ զգում. անպաշտպանության, անհուսության, ամայության, նաև անիմանալի երանության միաձուլմամբ:  Շոշափելիքներն ու զգայարանները ննջում են: Քնատ մարմնում ընդամենը մի բջիջ է արթնացել: Կարծես սա հենց իր ժամն է, երբ անարգել տեղաշարժ ունի կառույցում, որտեղով որ անցնում է ակնթարթային արթնացումներ են տեղի ունենում: Կիսալուսնի ներքո զգուշությամբ քայլում է դաշտում ցիրուցան փռված ու նախորդ օրվա մարտից հոգնած զինվորների արանքներով և կարճ ցատկերով շրջանցում է մրափողներին: Զարթնելիս անմիջապես չքվող՝ մտությունից զուրկ բջիջն է, որը փրկվել ու մնացել է իմ մարմնում, դեռևս երեք ու կես միլիարդ տարի առաջվանից:

Փափկությունը մարմնին անկշռելիությամբ է պարուրում, եթե դանակով խոցեն՝ չի թփրտա: Ոչ մի հրապուրանք ունակ չէ արթնացնելու թմրած սերմին. անապատային սրբին բնորոշ մարմնական կայանում եմ. պտղի որովայնային քնաթաթախությամբ:

Նախկինում ապրած բջիջ-հուշերն ու մտորումները աստիճանաբար վերակենդանանում են: Ցանկանում եմ ճնշել սրանց՝ ինձ դուր է գալիս նոր օրը նորաստեղծ մարմնով ապրելու մտադրությունը: Առավոտյան արթնանալ՝ սկսելով ոչ թե նորից, այլ հենց սկզբից հասկանալու ջանքերով, որպեսզի անմիջապես չգիտակցես անկողնու հումքը: Միակ ձգտումս է անհայտ բջիջին արթնություն բերելը: Նախաբջիջը, մանրուքներով օրն ապրելու տենչից ազատված է, իր համար միևնույն է՝ թափառող, անտարբեր, կիսարթուն: Մարմինս նրա ընդարմությամբ է սնվում՝ ձևի և բովանդակության առարկաներից դուրս՝ տեղանքի լիցքը փխրեցնելով, որտեղ ամայությունն իրենից ոչինչ չի ենթադրում:

Պատին փակցված նեղ շրջանակով մանրանկարը, որի կարմիրը՝ նկարչի սահմանած քառակուսուն անցնում և տարրալուծվում է հարթության երկայնքով շուտով ցրիվ ճառագայթների պես սփռվում է պատերը հանգուցող անկյուններին: Սա լուսաբացից առաջ նախաբջիջի արտադրած վերջին տեսիլն է՝ նվերը ինձ:

Քիչ անց միտքս կենդանության նշաններ է ցանում. ճահճից ձեռքը հանել է, որպեսզի պատահաբար դեգերողի ոտքից բռնի և դուրս գա. մարմինս՝ ներսից ծակծկելով արթնացնում և ծանրությամբ է լցնում: Արթնացման դեմ ըմբոստացում. այսուայն կողմ եմ շրջվում, կծկվում՝ պտղի տեսք եմ ընդունում, որպեսզի մարմինն անզգայանա: Մարմինը դեռևս չունենալով ապրում, առավել թեթև է իրեն զգում, թե ֆիզիկապես, թե հոգեպես: Փոքրահասակ տարիներիս, ուր պատահեր քնում էի, իսկ մայրս հեշտությամբ էր գրկում, փոխադրում: Ներան զարմացնում էր  գրեթե անկշիռ մարմինը, իսկ արթնությանս ժամանակ չէր կարողանում ինձ բարձրացնել:

Կիսախմոր ու հատակին լղոզվող ոտքերով հասել եմ լոգարան: Չորս անգամ ջուր եմ շփել երեսիս, ծոծրակիս: Մաշկիս զգացի կաթիլների գլորումը: Ուրեմն: Արթնացել եմ: Նախաբջիջն անհետացել է: Ես այլևս ծանրացող մարդն եմ: Սուրճը քսվելով կոկորդիս ու հոտն ընկնելով քթիս՝ երկկողմանի ներս է իջնում՝ կենդանացնելով իր ներկայությամբ տեղի ունեցած հիշողությունները: Մտքերը՝ բարբարոսներ, աստվածավախեր, այլասերվածներ, մարդասպաններ, առաքինիներ, ապաշխարողներ, ոտքի են ելնում ու պայքար ձևավորում:

Մոլորումը որպես երկրի պտույտ, նստում է սրտիս: Աղիներում կղանքն անհանգիստ շարժվում է: Միզապարկում ալեբախություն է: Մկանները կծկվում-բացվում լայնանում են: Սերմը հոսում է իր կողովները: Մարմինն ու ներաշխարհը լցոնվում են:

[1]   Համաշխարհային օվկիանոսի ամենախորը իջվածքը: