Կանայք ասում են՝ դու ուրիշ ես: Դե իհարկե, մորս փորում ձեզնից մեկն էի:
Նե նորածնի ժանյակազարդ հագուստներ էր առել, լուսիններով և աստղազարդ երկնքով գիշերանոց, բրդյա երանգավոր ծածկոցներ, բազմաթիվ շապիկներ: Փաթաթելու շալեր, որոնք ամիսներով տատս էր գործել, հետն էլ երգելով՝ խելացի, սիրուն, թռվռան աղջիկ…
Առաջիկա մեկ տարվա հագուստեղեն՝ օրը երեք-չորս անգամ փոխելու հաշվարկով: Մի ամբողջ տուն ծաղկազարդ զգեստներ. թաթման, ձեռնոց, զուգագուլպա: Տատիս նկարագրելով՝ մաշիկներն այնքան փրփուշ են եղել, որ գործելիս մատները թափանցում էին: Ասում էր՝ քո երկինքը մենք էինք ասեղնագործում, էս չորուկ մատներովս տեղ-տեղ թելը հատում էի:
Խորհրդային ժամանակներ էին, սեռը որոշելու ապարատներ չկային, իսկ տարեց կանայք հաստատել էին մորս ցանկությունը: Նրանցից մեկը թելված ասեղի ծայրը դրել էր մորս ափին ու վերևից պահելով սպասել, որ ինքն իրեն մի քանի շրջան պտտվի՝ աղջի՛կ է: Մայրս ծով էր գնացել՝ հատուկ նրա համար, որպեսզի կանգնի ափին գլորվող ալիքներին և իր դստեր աչքերը կապտագույն բացվեն: Փորատակից գրկել, խաչել էր ձեռքերն ու դստեր համար կնոջ առանձնահատկություններից էր պատմել, դեռ չծնված աղջկան յուրաքանչյուր հասակում պատկերացրել էր՝ պարմանուհի, երիտասարդ և կին, ազատորեն զրուցել էր, լսել ներա խոսքերը. նե դառնալու էր իր մտերիմ ընկերուհին: Գարնանը գյուղ էր գնացել ու նորից դիմել մեծերին, տատմերը խմորի գունդ էր տվել, որպեսզի թիկունքով կանգնի ու խմորագունդն իր գլխավերևով թոնիրը նետի:
-Ստացվեց, — ասում էր մայրս, — գցեցի ուղիղ մեջը, հետո հանեցին, տատմերը վերցրեց բացված գունդը, տնտղեց, ու՝ աղջի՛կ է: Եթե հավաքվեր խմորը՝ տղա կգուշակեր:
Մորաքույրս գործուղվել էր արտերկիր և տիկնիկների հավաքածու էր ուղարկել: Մեկ այլ փակ երկրից օրորոց էին ձեռք բերել՝ ժամանակներին համահունչ զարդարանքով, անկյուններին՝ նարնջագույն ժապավեններ:
Պառավներից մեկը մորս կոնքերը շոշափել՝ երկար մազերը բռի մեջ հավաքելով բարձրացրել ու թողել էր ուսերին: Եվ ներանից հին նկար էր ուզել:
-Նկարը քթի մոտ պահած, մի աչքով ինձ էր նայում, մյուսով ձեռքի պատկերին՝ էլի ինձ: Ասաց՝ շատ ես սիրունացել, մեկ մեռնողներն են գնալուց առաջ փայլում, մեկ հղիները, որոնց պտուղն աղջի՛կ է:
Եթե քեզ գրկիս հանդիպում էի այս տարեցներին, ճամփեքը փոխում էին, քո ծնվելով խեղճերի հեղինակությունը կասկածի տակ մնաց: Մայրս իր տենչանքում հեռացել ու անգամ մտածել էր դստեր պորտալարը մինչ բժիշկների մշակումը դնել ջրաշուշաններով տարայի մեջ:
Ծնվում եմ՝ նե ամբողջ օրն արտասվում է, բժիշկները համոզում են, որ կերակրի ինձ, որովհետև իր երազանքը փլուզվել էր, ինչպես ինձնից առաջ եղբայրներս՝ ես տղա էի ծնվել: Հայրս համբերատար դիմացել էր կնոջ երազանքի դասավորմանը՝ մինչ անէացում: Հիվանդանոցից վերադարձել էր տուն, աղջկական հագուստը, գույքն ու օրորոցը նվիրել էր հարևան-բարեկամներին:
Նե այդպես էլ դուստր չունեցավ: Ինձնից հետո հույսը կորցրեց. մտածելով՝ իրենից միայն տղամարդ է ծնվում: Նե աղջիկ երեխու կարոտով ապրեց:
Հինգ տարեկան էի ու ամռանը գյուղի մեր այգում էինք, տաշտի մեջ կանգնած էի, մայրս լողացնում էր ինձ, վազելով եկավ հարևանի աղջնակը, տեսնելով մերկությունս՝ ճչաց՝ ինքը պոչ ունի, ու փախավ: Մայրս խնդաց՝ …որ աղջիկ ծնվեիր քեզնից չէին վախենա:
Ամենաչարաճճի որդին ես եղա՝ կռվարար, թոկից փախած: Փոքրուց պապիս ցնորքների իրագործումն էի դարձել: Ձեռքս բռնում, տանում էր պարսկական անապատներից եկած կույր ընկերոջ մոտ, վերջինս արյան մեջ հակաթույն ունեցող մարդ էր, սարերում խայթվածներին, եթե հասցնում էին բերել տուն՝ թքով բուժում էր: Իր օձասեր բնավորությամբ ու խայթոցը թքի միջոցով բուժելու հատկությամբ ճանաչված մարդ էր: Դաշտում աշխատողները սողուն նկատելով նրան էին կանչում, որ բռնի, չէին սատկացնում, քանի որ վախենում էին զույգի վրեժխնդրությունից: Պապը թևատակերիցս բռնած տեղավորում էր կողովի մեջ, ինքն էլ հարմարվում կողքի թախտին, մինչ ընկերը կգար՝ ուսերս էր ճմռում, ասես բռնցաքամարտին նախապատրաստող մերսումներ աներ: Նրա ընկերը թույնը քաշած օձերի խրձերը մարագից հանում, գլխավերևս էր կանգնում ու պապուն դիմելով գովում էր՝ քիչ առաջ թույնը քաշեցի, այնուհետև լցնում էր մարմնիս: Ես սարսափահար փորձում էի դուրս ցատկել, տնքում, բայց չէի բղավում, մտածելով, թե դրանից կխայթեն, իսկ պապն ինձ կողովն էր քաշում՝ համբերի՛, իմաստուն ու պինդ մարդ կմեծանաս…
Համակերպվեցի: Սողուններն այնքան էլ վախենալու չէին, գուցե կույրը ինչ-որ կերպ թմրեցնում էր նրանց, գրեթե սատկած դանդաղկոտոթյամբ էին շարժվում, հիմնականում փաթաթվում էին ոտքերիս ու երևի ինձ նման ննջում: Այնքան էի ընտելացել, որ ժամով քնում էի, պապն ու իր կույր ընկերը կողովի շուրջը նստած ծխում և ցածրաձայն զրուցում էին: Երբեմն արթնանում էի ջղային քնատեսիլից, պապը սրբում էր մարմնիս քրտինքը, կույրն էլ շոշափում էր կողովն ու կախված օձերին էր վերադարձնում. զարթնում էի, որոշ ժամանակ լուռ պառկում, սպասում, որ պապն ինձ գրկի ու հանի դժողքից:
Մինչև մայրս իմացավ սրա մասին և հորս հետ բաժանվելու եզրին կանգնեցին, մինչև պապս համոզվեց, որ ժամանակն է ինձ կտրել կողովային ու լորձոտ օձերի հետ պառկելու արարողությունից, ես արդեն իսկական տղամարդ էի, նաև կիսախելագար: Այնուհետև պապն իր հետ որսի էր տանում, կարգադրում էր նոր զարկված կենդանու ոտքերն ու թաթերը բռնել, իսկ ինքը բացում էր պարանոցի զարկերակր: Մուֆլոնի ոտքերը ձեռքերումս ցնցվում՝ քիչ անց թրթռոցով դողում էին, վերջում հատուկենտ ձգվում-կռկվում, ասես վերջին թռիչքներն էր կատարում լեռներից դեպի երկինք… Պապն ասում էր՝ տե՛ս արյան զորությունը, էսօրվա քո տարիքին էի՝ ավելի փոքր, երբ ամբողջ գերդաստանս մորթին: Հայերի համար մարդու արյունը երակի տակ է եղել՝ արգելված, բացելը՝ սրբապղծություն: Դու արյան հոսքը հիմիկվանից կզգաս, որ գառի պես չհոշոտեն:
Երբ որոշակի փորձ ունեցա, ինձ վստահեց կենդանու պարանոցը, իսկ ինքը եղնիկի ոտքերն էր բռնել, ասում էր՝ սիրուն ես, շա՜տ սիրուն ես… ու խելացնոր հայացքով նայում էր դանակիս շարժումներին: Ծիծաղում էի տարօրինակ պահվածքի վրա: Որսի գլխից ասի՝ պա՛պ, համ սպանում ենք, համ էլ խեղճին գովաբանում ես, ոնց որ ձեռ առնես: Չէ՛, ասաց՝ մորս վիզը կտրողի խոսքերն եմ կրկնում:
Պապն արդեն ինը տարեկանից խելագարված էր, չգիտեմ, ով և որտեղից էր լսել նրա աղոթքը, բայց նա հաղթել էր մորս երազանքին և բոլորս տղաներ էինք ծնվել, որպեսզի արյան հոտն ու համը ճանաչենք և իր քենը փոխանցի մեզ:
Այս ամենով հանդերձ, հենց մորս որովայնը տեսնում էի՝ ինչ-որ բան ինձ հիշեցնում էր, որ այնտեղ ես աղջիկ եմ եղել՝ անոխ, նուրբ, սիրուն գուլպաներով, կապտավուն բարի աչքերով, գուցե շեկին խփող մազերով: