ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ «ԵՍ ԱԲԵՂԱՑՈՒ ՉԵՄ»

ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ «ԵՍ ԱԲԵՂԱՑՈՒ ՉԵՄ»

***
Ես հիմա անկեղծ եմ առավել ևս,
Քանի որ հեռու եմ բոլորից:
Եվ խոսքս որպես մի զառանցանք ձեր կյանքի դեմ
Ասում է.
«Ես ապրել չեմ ուզում, որովհետև կյանքը գնահատում եմ»:
Ու քանի որ աչքերս վաղուց են սովոր ներշնչանքի
Եվ մահվան դող են առել անգամ արևից,
Ձեզ ասում են`
«Մենք տեսնել չենք ուզում, որովհետև գույներին հասկանում ենք»:
Ու քանի որ ես ես եմ ու այս եմ, որ կամ,
Ես ասում եմ.
«Այսպիսին կլինեմ, քանի դեռ մահը սարսափեցնում է ձեզ»…
Ապրելու եմ հա՜ր…

***
Ես հաստատում եմ ինձ,
Ոչ նրա համար, որ կյանքը կապանքված է ինչոր կեռերից,
Ես հաստատում եմ ինձ,
Որովհետև
Ես եմ, որ օրերի դառնությունը նետել եմ սրտիս
Ու հասկանում եմ ինձ,
Ես եմ, որ արհամարհում եմ ինձ
Ու դարձյալ իմ վաղվա երգն եմ մոգոնում հրապուրված…
Ես եմ, որ ինձ տեսա հանդիպակաց աչքերում
Եվ փառքս երգեցի,
Որովհետև աչքերում աստղեր կային…

***
Ես ապրում եմ անհանգիստ վայրկյաններով,
Չհամակերպված, սակայն առանց բողոքի
Ու ջղատատանումների,
Քանզի ինձ հասկանում եմ այնպես,
Ինչպես մարգագետնի խոտը չի հասկանում իր աճելը…
Մտասևեռումը մտքի կորուստն է,
Բայց մտասևեռմանն էլ չեմ համակերպվում,
Որովհետև կորսված մտքերով մտքեր արտահայտելը
Տաղանդավոր բան է
Ու ինձնից դուրս…
Ես ապրում եմ` ահա անիմաստությունը,
Ես չեմ ապրում` ահա անիմաստ անիմաստությունը…
Ես ապրում եմ` ահա անհանգստությունը,
Ես չեմ ապրում` ահա անհանգիստ անհանգստությունը…
Ես գրում եմ` ահա՛ ես…

***
Հոգնել եմ հոգնությունից…
Չվաստակած ոչինչ`
Հոգուս ընդերքներում երանություն եմ վայելում,
Որն անտես է և գրգռում է շրջապատիս մարդկանց,
Որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հաղորդակցվել
Իմ բազմաչարչար էությանը…
Տհաճ է արարելը,
Երբ քո ստեղծածը
Նվաստանում է քո իսկ աչքին,
Տհաճ է շարունակվելը,
Երբ չես գոհացնում
Քո իսկ արարչին…

***
Չասել այն խոսքերը, որոնք ասվել են,
Չապրել այնպես, ինչպես ապրում են,
Եվ սա՞ է արդյոք իմ էության մաքառումը…
Սիրել այնպես, ինչպես հնում էին սիրում,
Նմանվել հորը, որն ավելի ստույգ էր գործում:
Ապրել այնպես, ինչպես ճակատագիրն է հուշում
Եվ դառնալ խեղկատակը սեփական մաքառման…
Քա՛վ լիցի,
Ես ամեն ինչ փոխելու համար
Բազում մեղքեր եմ գործել…

***
Ես աբեղացու չեմ
Եվ չեմ կարող ազատաբան խոսքս ծեփել խաչին,
Եվ մեղքերիս համար փրկագին որոնելով`
Աստծու ականջը բռնադատել…
Եվ ոչ էլ ածելի լիզող եմ,
Որ լեզուս արյունոտելով գցեմ խոսքիս կշիռը,
Որովհետև ազատածուփ խոսքս
Թեթև է սյուքի նման և ականջ շոյող…
Հե՜յ, Աբրահամի՛ գառներ,
Ձեր աղոթքների ընդերքում պահված
Ազատածարավ լուռ վկաներին
Աղոթքի կոչեք
Եվ Աստծու համար հայցեք թողություն…

***
Ես ափսոսում եմ հոգուս կորսված թռիչքների համար,
Որոնք չարձանագրվեցին և չարձագանքեցին
Հոգուցս անդին,
Սակայն նույնիսկ այս կերպ
Ես գտնում եմ ճանապարհը,
Որը քարտեզագրում է հոգուս վեհությունը…
Ես միշտ վերադառնում եմ դեպի կորուսյալ աշխարհը,
Ուր սկիզբն է արարչագործության
Եվ ուր հանգրվանում է փյունիկահառ կործանումը…
Ես ափսոսում եմ և դրա համար է, որ հառնում եմ
Վերստին` անցնելով իմ ճանապարհը
Եվ գտնելով կորուստներիս վերագտած արձագանքը…
Ես ձեր հայելին եմ…

Նարցիս 1, 2006