ՀՈՒՍԻԿ ԱՐԱ «ՄԻ ՔԻՉ ԿԵՍՕՐ ՈՒ ՄԻ ԿՈՒՄ ԱՐԵՎ»

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ «ՄԻ ՔԻՉ ԿԵՍՕՐ ՈՒ ՄԻ ԿՈՒՄ ԱՐԵՎ»

Հայր – երեսունութ տարեկան
Մայր – քառասունչորս տարեկան

Օլեֆ – յոթ տարեկան, նրանց տղան
Հարևանուհի – քառասունութ տարեկան
Ճակատագիր – ութսունն անց կակազող ծերունի
Գուշակ – ցնցոտիավոր տղա
Մարդու որդին

Կավաշեն, կիսով չափ գետնափոր տնակ, գերանակապ, ծղոտե առաստաղով: Միակ պատուհանագոգը հավասար է փողոցի մակերեսին: Տնակում մեկ զույգ մետաղե մահճակալ է՝ ամեն պատի տակ մեկական, կոմոդ՝ դիմացը վառարան՝ պատին կիպ, թախտ, սեղան՝ երկու աթոռով: Ծերունին, որ խորհրդանշում է ճակատագիրը, նստած է կոմոդի կողքին, դաստակը աթոռի թիկնակին, անշարժ հետևում է գործողությունների ընթացքին:

Արար
Օլեֆ – (վազում է սենյակի մի ծայրից մյուսը: Դիմացից ցատկոտելով գալիս է կատուն: Ծերուկը անշարժ նստած է կոմոդի առաջ): Կանգնի‏՛ր… սպասի՛ր… փիսո, բռնի՛ր… այդ այլանդակը կերել է իմ պանիրը… փիսո, մտավ մահճակալի տակ… դու այն կողմից, ես՝ այս, բռնե՛նք (չորեքթաթ մտնում է մահճակալի տակ, կատուն՝ նույնպես): Լավ էլ չաղ մուկ է, մի ամբողջ օր քեֆ կանես… ուզում ես, մի քիչ էլ հայրիկի օղուց կտամ… տեղը գիտեմ, մյուս մահճակալի տակ է թաքցրել… փոս է արել ու հողով ծածկել… ես չեմ խմում, բայց քեզ կտամ: Գիշերը այդ այլանդակը երեսիս վրայով է վազում, ցերեկն էլ պանիրս է ուտում… այլանդա՛կ, սատկա՛ծ… դե, ման արի, բռնիր, ի՞նչ ես պոչդ դրոշի պես թափ տալիս, հո ցույցի չե՞ս գնացել: (Գլուխը հանում է մահճակալի տակից): Ի՞նչ եղավ այդ ձրիակերը. չկա, ուրեմն մտել է ծակը: Մեր տանն էլ ինչքան ծակեր կան, ոնց որ հողե ցանցի մեջ ապրենք: (Նորից մտնում է մահճակալի տակ): Փիսո, դանդալո՛շ. մի մուկ էլ չկարողացանք բռնել, ճիշտ է, մի քիչ մեծ էր, բայց եղածը մուկ չէ՞ր… սատկածը պանիրս ո՞նց կերավ… փիսո, ես քեզ պատժելու եմ, պակաս գողն էլ դու չես…
Մայր – (արագ մտնում է սենյակ, տղայի ձայնը լսելով՝ նայում է չորս կողմը): Օլե՞ֆ… Օ՞լ… որտե՞ղ ես:
Օլեֆ – (գլուխը հանելով մահճակալի տակից): Մամ, էն գող-ավազակ մկանն եմ ուզում բռնել, պանիրս լրիվ կերել է, փախավ մտավ պատի ծակը… Էս հիմար փիսոն էլ կանգնած նայում է, ասես գթության քույր լինի:
Մայր – (անհանգիստ շուրջն է նայում): Ախ, մի՞ մուկ է, որ բռնես, վերջանա. ամբողջ սենյակով վխտում են: Առաստաղի գերանների ու ծղոտի վրայով էլ են վազվզում:
Օլեֆ – (դուրս է գալիս մահճակալի տակից): Էս մեկը բոլորից գող է. գիշերներն էլ երեսիս վրայով է վազվզում: Միևնույնն է, ես այդ սատկածին բռնելու եմ:
Ծերուկ – (նույն տեղում անշարժ նստած է, միայն շուրթերն են շարժվում, խոսում է կակազելով: Նրան ոչ ոք չի տեսնում, չի լսում: Այդ ընթացքում Օլեֆն ու մայրը փորձում են վառարանը վառել): Մի մարդ, մի օր, ջը-ջը-ջահել տարիքում, սովից հաց է գո-գողանում հարուստ հարևանի պը-պահեստից: Ասում է, էս մի անգամն է, էլ չը-չը-չեմ անի. է-էսօր ուտեմ, ապրեմ, վը-վաղը կաշխատեմ: Հաջորդ օրն էլի սը-սոված է մնում, նորից մտնում է հարևանի պը-պահեստը, հացի հե-հետ պանիր էլ է գո-գողանում: Էդպես ամեն օր: Կը-կտրում են աջ ձը-ձեռքը, ձա-ձախով է գողանում, ձախն էլ են կը-կտրում, գո-գողանում է ատամներով: Էդպես մինչև կյանքի վե-վերջը: Ոնց եկել էր՝ էնպես էլ գը-գնաց: Հիմա էս տը-տղայինն է. հողի մեջ թա-թավալվում, մուկ է բռնում. մեծանա էլ հո-հողի մեջ է թավալվելու: Ո-ոնց սկսել՝ էնպես էլ ա-ավարտելու է:
Մայր – (շարունակում է վառարանը վառել ու տղայի հետ զրուցել): Դու ամեն օր տարբեր մկներ ես տեսնեւմ: Քեզ է թվում, թե նույն մուկն է… Հիմա հայրդ կգա՝ էլի ծեծ ու ջարդ կսարքի. քանի շուտ է՝ գնանք տնից… Փայտը թաց է, վառարանն էլ չի վառվում:
Օլեֆ – Մյուս մահճակալի տակ օղի է թաքցրել, երկու շիշ: Հենց եկավ, կտամ՝ կխմի ու կքնի: Որ շատ է խմում, քնում է, էլ կռիվ չի անում… Ձյուն-ձմեռ է, ո՞ւր գնանք: Վառարանը վառենք:
Մայր – Մինչև հասցնես օղին տալ՝ մեզ ջադ ու փշուր կանի: Որ խմում է՝ ահռելի ուժ է գալիս վրան:
Դրսից ձայներ են լսվում, մարդկային, սակայն անհոդաբաշխ ձայնարկումներ:
Մայր – Եկավ…
Օլեֆ – Փախչենք…
Հայր – (ներս է մտնում՝ կիսախելագարի պես ձեռքերն ու ոտքերը թափահարելով): Մեծ արտիստն է մտնում բեմ. ծափե՛ր, բո՛ւռն… Ինչո՞ւ չեք ծափահարում, սողուննե՛ր: Ամենահանճարեղ արտիստն է ձեր առջև կանգնած, ինձ աշխարհն է ընդունել, ինձ Փարիզն է խոնարհվել: Իսկ դուք, թշվառականնե՛ր, վախից կուչ եք եկել… ա՜, հանճարիս վախի՞ց եք կծկվել, թույլիկնե՛ր…
Տղան վախից ծափահարում է:
Մայր – Սպիտակ տենդ է. կարծում է բեմի վրա է:
Հայր – (նույն ոճով շարունակում է): Հիմա կարտասանեմ իմ վերջին գրած բանաստեղծությունը. երեկ եմ գրել, մի շնչով, էքսպրոմտ:
Ձեռքերը տարածելով, խիստ արտիստիկ:
Փոքրիկ տղան մի վադ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդի փուշը ծակեց սիրտը,
Խոցեց ջիգարն էն տղի…
Տղան մտնում է մահճակալի տակ:
Պոռնիկ Լուդան հիացմունքից խելագարվում էր, ասաց, որ կյանքում այդպիսի ճիշտ բանաստեղծություն չի լսել, ասաց, որ ես իսկական հանճար եմ… Բայց պոռնիկը չտվեց, ինչ է, թե չվճարեցի, իսկ քի՞չ եմ վճարել, մի՛շտ: (Ցուցամատը գլխից վեր պարզելով): Կինը հոգի չունի, մեղքին հավասար է՝ խղճալ կնոջը: Թե դու չխաբեցիր, նա է խաբելու քեզ: Այդ իրավունքը նախ քոնն է. օգտագործիր ունեցածդ: (Շեշտակի շրջվում է կնոջ կողմը): Պոռնի՛կ, այդ ինչպե՞ս հայտնվեցիր բեմի վրա, այս բեմը միայն հանճարիս համար է… հա, ուզում ես բե՞մը հարդարել: Արագ հավաքիր դարերի փոշին հանճարիս ուսերից և կորիր, թշվառակա՛ն, մտքիս փայլատակումները մի մրոտիր…
Մայր – (դիմում է մահճակալի տակից դուրս եկած և ամեն ձեռքում օղու մի շիշ բռնած որդուն): Հալիցոնացիայի մեջ է, ոչինչ չի հասկանում:
Օլեֆ – Հայրիկ, քեզ օղի եմ բերել, վերցրո՛ւ:
Հայր – Օղի՞… որտեղի՛ց:
Օլեֆ – Մահճակալի տակից:
Հայր – Դրանք իմ օղիներն են: Դուք, ուրեմն, լրտեսում եք ինձ և գաղտնիքներս հայտնում Հաագայի դատարան: (Բռունցք արած ձեռքը գլխից վեր է բարձրացնում): Հիմա ես ձեզ կտոր-կտոր կանեմ, մսաղացով կաղամ ու թռչուններին կեր կդարձնեմ…
Օլեֆ – (հանկարծ շշերը մեկնում է առաջ՝ դեպի հայրը): Հայրիկ, վերցրո՛ւ օղիներդ…
Հայր – Հա, օղին, տո՛ւր (կայծակնային արագությամբ տղայի ձեռքից խլում է օղու շշերից մեկը և փորձում բացել): Oղի… տղաս… դու միշտ լավն ես… հորդ օղի ես տալիս…
Մայր ու որդի՝ իրար սեղմված, ետ-ետ գնում են սենյակի խորքը, հպվում ծերունուն՝ Ճակատագրին, տղան կրծքին սեղմել է օղու մյուս շիշը: Հայրը բացում է խցանը և շշից խմում, տրամադրությունը բարձրանում է, վայելքի զգացում ունենում: Ծերունու խոսքի ընթացքում կում-կում խմում է շշից, նստում հատակին, խմում է, ձախ արմունկով հենվում է հատակին, հետո պառկում՝ շարունակ խմում շշից: Օլեֆն ու մայրը մնում են՝ իրար կուչ եկած:
Ծերուկ – Մի մարդ, որ տուն ու տեղ չու-չուներ, մշտական բնակատեղի, թա-թափառական էր ու անտուն, աղբամաններ էր քը-քչփորում՝ կեր գտնելու համար, մու-մուրում էր ու փողոցում քնում: Մի օր էլ որոշում է իր տը-տղային մանկատնից գողանալ: Արդեն տը-տղայի հետ էր աղբը քը-քչփորում, մուրում: Տղան շատ էր օգնում հորը. մարդիկ խը-խղճում էին և ո-ողորմություն տալիս: Այդպես տը-տղան ապրեց այն կը-կը-կյանքով, ինչ կյանք ա-անցել էր հայրը: Հոր մը-մահից հետո մը-մը-մենակ մուրաց ու աղբ քը-քչփորեց մինչև իր վե-վե-վերջին օրը: Հիմա այս տը-տղայինն է. ինչ տեսնում, այն էլ սո-սովորում է: Ոնց հայրն է, նույնն էլ տը-տղան է լինելու: Հոր վերջը ո-որդու սկիզբն է: Ոնց եկավ, էնպես էլ գը-գնալու է:

Հավելված
Նույն սենյակն է, միայն Օլեֆը՝ սպասողական կանգնած: Ներս է մտնում Մարդու Որդին: Ձեռքերի ափերը, ոտնաթաթերը արյունոտված են, գլխին՝ փշե պսակ, ճակատին արյուն՝ ինչպես խաչից նոր իջած:
Օլեֆ – Եկա՞ր… երկար սպասեցի: Շատ ուշացար:
Մարդու որդի – Երբեք չեմ ուշանում: Ես միշտ գալիս եմ ճիշտ ժամանակին:
Նստում է սեղանի առջև դրված աթոռին: Ոտնաթաթերի թարմ վերքերից արյունը արցունքի պես դանդաղ, բարակառու հոսում է հատակին և փոքրիկ լճակ դառնում: Սեղանին շոշափած իրերը նույնպես արյան նուրբ շղարշով են ծածկվում:
Օլեֆ – Չեն բուժվել վերքերը…
Մարդու որդի – Նրանք այդպես թարմ էլ մնալու են մինչև աշխարհի վերջը, որպես մարդու լուսանկար:
Օլեֆ – Գիտե՞ս ինչ բան է աշխարհում լինել մենմենակ:
Մարդու որդի – Այդ մենակը ես եմ:
Օլեֆ – Դու Հայր ունես:
Մարդու որդի – Նա ձեր Հայրն է:
Օլեֆ – Իսկ ո՞վ է Քո՛ Հայրը:
Մարդու որդի – Ես մեղավորի մեջ եմ, ում ծեծում են ու խոշտանգում: Ես ընկածի մեջ եմ, ում տրորում են ու կրնկահարում: Ես խեղճի մեջ եմ, ում ծաղրում են ու ստորացնում, դատապարտվածի մեջ եմ, ում ազատությունն են ճզմում, մահապարտի` ում գնդակահարում են: Ես զինվորի մեջ եմ, ով իր զենքն է կրում՝ իբրև իր մահը, թմրամոլի, հարբեցողի, խելագարի ու շնացողի, ճշմարիտ ճանապարհից շեղվածի ու գարշանքի ճահճում խեղդվողի մեջ եմ, որոնց արհամարհում եք ու թքում: Ես նրանց մեջ եմ, ովքեր օգնություն են աղերսում իմ անունով՝ հանուն ինձ տրվող վարձք, խիղճ, և քացի ստանում քիթ ու մռութին, որ չարի անունից խոսողի վարձն է: Ամեն վայրկյան իմ անունով ինձ եք փնտրում և չեք տեսնում, որ ձեր մեջ եմ, ձեր կողքին. ձեզանից ցածրի մեջ նայեք, ձեր կոշիկներից ներքև, և կտեսնեք ինձ: Ինձ չեք լսում կենդանի խոսող, ինձ տեսնում եք չարչարող խաչի վրա և լսում տանջանքիս աղերսը: Մերժում եք ողջ կյանքիս ուժը, ընդունում միայն մեկ վայրկյան թուլությունս՝ մահից առաջ: Ամեն պտույտի մեջ ինձ խաչում եք, ամեն շրջադարձում ինձ սպանում ձեր նմանի մեջ: Սպանելով ինձ՝ սպանում եք իմ մեջ Հորը:

Արար
Զատիկի օրը: Սենյակը նույնն է: Ծերունին իր տեղում է՝ նույն անշարժ դիրքով: Մայրը նստած է թախտին, տղային գիրկն առել՝ ձեռքերով ամուր սեղմել է կրծքին: Ողջ գործողության ընթացքում հերոսները միմյանց չեն տեսնում, չեն լսում: Խոսում են՝ ինչպես մենակ, թմբիրի մեջ, օդում լողալով:
Մայր – (նայում է առաստաղին): Քրիստոս ծնվեց և հայտնեց մեզ իմաստը սիրո, տեղը լույսի:
Օլեֆ – Եվ մեզ, և ձեզ բարի առավոտի աստղը, որ տեսանք լույսը, որ ապրում ենք սերը:
Մայր – Քրիստոս ծնվեց մեզ վերադարձնելու մեր կյանքը և մեզանից վերցնելու մեր մահը:
Օլեֆ – (պոկվում է մոր գրկից, քայլում ու ոգեշնչված արտասանում): Մեր կյանքի ժամանակը տիեզերքն է, իսկ մեր մահը չունի ժամանակ: Վայրկյանն անգամ կանգ չի առնում տիեզերքում, և երկրագունդը չի դադարում պտտվելուց: Ժամանակը մեր կյանքն է, մեր մահը ժամանակ չէ:
Մայր – (քայլում է): Քրիստոս ապրեց մեր կյանքով՝ մեր մեջ. Նրա ապրած տարիներով է չափվում ժամանակը: Եվ մենք չափվող տարածքն ենք ու չափման միավորը, քանի որ Նա մեր մեջ մեր կյանքն է: Երկնքում ու երկրի վրա Նրա կյանքի ժամանակն է, և չկա Նրա մահվան ժամանակը:
Օլեֆ – Նա՝ ով իջել էր երկնքից, ապրեց հատակում՝ հատակի մարդկանց հետ: Հատակում ցույց տվեց երկինքը, և հատակը բարձրացնելով՝ դարձրեց երկինք: Խանգրած առաստաղ ու պատերով այս սենյակն էր և այս սենյակն է: Ճշմարտությունն այստեղ՝ հողե հատակին է. մի փնտրեք դղյակում: Հատակի մարդիկ ժառանգեցին երկինքը:
Հարևանուհի – (ներս է մտնում, ձեռքի շշով գինին ու կերակուրով խորը ափսեն՝ հացով ծածկած, դնում է սեղանին): Չամիչով փլավ է, խաշած ձուկ ու բանջար: Աստծո ամեն արարած, խոսուն, թե անխոս, երկնքում, թե երկրի վրա, պետք է ուտի (ձեռքը դնում է հացին)՝ ինչպես մարմինն էր և խմի (ձեռքը դնում է գինու շշին)՝ ինչպես երակից հոսողն էր(նստում է սեղանի առջև դրված աթոռին):
Մայր – (աղոթողի նման ձեռքերը վեր է պարզում): Միակ ծննդյան այս օրը, որ կրկնվում է ամեն տարի, երբ երկնքի բարին ու երկրի չարը հաշտվում են տարին մեկ անգամ, երկինքը տարածիր երկրի վրա. թող երկիրը չբարձրանա, երկի’քը թող իջնի: Լսիր ներքևում խեղճերի ձայնը. նրանք քեզ են կանչում: Հիշիր ցավի ստվերում մոռացվածներին. նրանք քո ճանապարհն են հսկում: Նայիր նեղ ու դժվար օրվա մեջ սեղմվածներին. նրանք արևից զրկված՝ քո լույսին են սպասում: Քո ժամանակի մեջ ապրողները քեզ ուրացել են. քո լույսից զրկվածներն են քեզ համար մոմ վառողները: Միայն մեկ օր սկիզբը վերջ դարձրու, վերջը՝ սկիզբ:
Օլեֆ – (դանդաղ քայլում է սենյակի մի ծայրից մյուսը): Կյանքի իմաստն ավելին է քան օրվա լույսը: Եվ մենք անընդհատ ենք շփոտում նրանց տեղերը. կորցնում ենք՝ ինչը պետք է պահպանենք և գտնում՝ ինչը հարկավոր չէ մեզ: Մեծ ժամանակը զոհաբերում ենք պահին, կարևորը՝ անկարևորին, իմաստավորն՝ անիմաստին: Իրերից, ոսկորից ու գդալից ենք կախված, և մեր բաժին երկինքը, որ մեր քայլելու համար էր, մեր ափսեի ու կերակուրի ճենճահոտի տակ ենք թաղում: Մարդուց հետո նրա կյանքն է մնում երկրի վրա: Քրիստոսի կյանքն ապրեց և ապրեցնում է: Մեր կյանքն ավելին է, քան մենք:
Հարևանուհի – (ձեռքերը կրծքին խաչած՝ անթարթ նայելով հատակին): Կեսօրին գերեզմանատուն գնացի, մոմեր վառեցի, ամեն գերեզմանին մեկական մոմ, խունկ ծխեցի, թող լույսի ու խունկի մեջ ճեմեն հոգիները: Այս փլավն ու ձուկը նրանց ուտելունն է, այս գինին նրանց խմելունն է. օրենք է, որ նրանց բաժինը տնից դուրս հանեն: Այսօր նրանց տոնն է. ծնունդ է: Ես լավ գիտեմ, որ ամեն տարի այս օրն իմ մեռյալները բարձրանում են Աստծո մոտ: Մեռյալների ժամանակը տեղափոխվում է ապրողների ժամանակ: Խաղաղություն նրանց հոգիներին, նրանք ավելին գիտեն, քան մենք՝ ապրողներս:
Մայր – (փորձում է վառարանը վառել): Անկեի տղան անարդար է դատապարտված. օգնիր այդ անմեղ դատվածին: Օլեն ջահել է ու ամբուժելի հիվանդ. փրկիր նրա մարմինն ու հոգին: Սառայի մինուճարը Արևելքի պատերազմում է՝ խաղաղապահ զինվոր. թույլ մի տուր սև արճիճին զոհ դառնա. երազներ ունի երկրի վրա, անտեր ու թափառական չմնան: Պետոն տունուտեղը կորցրել՝ իր հացը աղբի միջից է քչփորում և այս հունվարին քնում է բաց երկնքի տակ. մարդաչափ տանիք տուր թափառող անտունին: Նրանք քո կարիքն ունեն, առաջինը նրանց հասիր: Կյանքը ունեցողին էլի է տալիս, չունեցողից չեղածն էլ է խլում:
Օլեֆ – (առաջ է գալիս): Սիրո՞ւց է պտտվում երկիրը. միայն սերը քիչ է: Խի՞ղճն է որոշում մեր ներս ու դրսի սահմանները. միայնակ խիղճը մերկ է ու անպաշտպան: Արդարությո՞ւնն է պահում երկնակամարը. արդարությունը դեռ ամբողջը չէ: Ավաղ, ամենակարևորն իր տեղում չէ:
Մայր – (լայն բացելով թևերը): Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող լինի. հողը հոգնել է անմեղ արյուն կուլ տալուց: Արևմտյան կողմն աշխարհի բերրիություն թող լինի. մեր ձեռքերը ցավում են հողից քար ու չորուկ հավաքելուց: Հյուսիսային կողմն աշխարհի առատություն թող լինի. մեր աչքերի գույնը դառնացել է դատարկության մեջ նայելուց: Հարավային կողմն աշխարհի պտղաբերում թող լինի. հողը հոգնել է… հոգնել մեր ամայությունից… հոգ-նել…
Հարևանուհի – (նույն անշարժ դիրքով): Իմ բոլոր հարազատները մեռած են, չկան արևի տակ ու ամպերի: Ես դատարկ եմ, ոչինչ չունեմ հողի վրա, ինձնից վերցված է իմ տարածությունը, և ես անտեղ եմ ժամանակի մեջ: Չկան իմ խաղընկերները. իմ մանկությունն է մեռած: Չկա իմ զուգընկերը. իմ երիտասարդ տարիքն է հողի տակ, չկան իմ մոտիկները. իմ կյանքի հասունությունն է մոխիր ու փոշի: Չկան իմ զավակները. իմ ապագան է թաղված: Ես չգիտեմ, ա՞յս աշխարհում եմ, թե՝ այն, իմ իրականությունն այստե՞ղ է, թե ստվերների մութ երկնքում:
Օլեֆ – Կրակը գողացավ և տվեց մարդկանց. հին աստվածները միամիտ էին և թույլ տվեցին ու ձևի համար պատժեցին լուսատուին՝ հանուն իրենց խստության: (Հանդիսավոր): Երկնքի ամենակարևորը դեռ չի տրվել երկրին. էլ միամիտ չեն աստվածները. և մենք չենք պարզել ապրելու գաղտնիքը: □Ես եմ ճանապարհը□. չենք գտնելու իբրև միակ ուղի՝ առանց այդ ամենակարևորի:
Ծերուկ – Մի մարդ է լի-լինում, սրա ծը-ծնողները դեռ մանուկ հա-հասակից պատգամում են Զը-Զը-Զատիկին, եկեղեցու բո-բոլոր տոներին ողորմություն բա-բաժանել. աշխարհին ու մա-մարդկանց խղճի և բա-բարության աչքերով նայել: Խեղճին ու տը-տրորվածին բարձրացնել. մարդը հենց նը-նրանց մեջ տե-տեսնել: Տղան, երբ հա-հասուն մարդ է դա-դառնում, հոր և մոր մահից հե-հետո նրանց ժա-ժառանգած հարստությունը ո-ո-ողորմություն է բա-բաժանում ոչ միայն Զը-Զը-Զատիկին ու տոներին, այլ տարվա բո-բոլոր օրերին: Նրա դուռն են թա-թակում աղքատ ու հա-հարուստ: Հարուստը, որ հա-հազարն ուներ, նրանից վե-վերցնելով՝ իր ունեցածը դա-դարձնում էր հազարմեկ: Աղքատը, որ չու-չուներ, դառնում էր ու-ունեվոր: Այդ մարդը հա-հարստությունը բա-բաժանելուց հետո, բա-բարության կույր մը-մղումով՝ տունն էլ է վաճառում ու մե-մեկնած ափը դատարկ չի թո-թողում: Եվ մի օր էլ ի-ինքն է հայտնվում փո-փողոցում՝ անտուն, չու-չունեվոր ու մուրացող: Հերթով ծե-ծեծում է այն դռները, ո-որոնց իր ունեցածն էր տը-տվել, և նրա առաջ ո-ոչ ոք դուռ չի բա-բացում, անգամ տվածի տը-տասանորդը չի վե-վերադարձնում: Եվ մարդը մե-մեռնում է փողոցում՝ մե-մերկ ու սոված, իր բարության հա-հարվածից, քանի որ բա-բաժանել էր հարստությունը և գը-գը-գնացել բարության հե-հետևից: Հիմա սը-սրանցն է, իրենց մո-մոռացած՝ աղոթում են խե-խեղճերի ու զը-զը-զրկվածների համար: Աստված լը-լսելու է սրանց ձը-ձը-ձայնը, քանի որ արդար են և փը-փրկելու է տառապանքի մեջ մո-մոռացվածներին ու չի փրկելու սը-սը-սրանց, քանի որ չեն ա-աղոթում իրենց հա-համար:

Հայր –(նստած է սենյակի խավար անկյունում, որ խոսելու պահին դանդաղ լուսավորվում է ու խավարում) Մաքո՜ւր, սպիտա՜կ, լուսավո՜ր… Ես նույնպես մաքուր եմ ծնվել, սպիտակ, լուսավոր, ինչպես մանուկն է՝ կյանքին, երկրին ընծայվող մանուկը: Ծաղկաթերթի պես նուրբ մանկություն, երկնագույն պատանեկություն: Ես էլ սիրել եմ հեքիաթներ լսել ու պատմել երազներ: Խաղացել եմ մանկությունս՝ գնդակ ու ճոճանակ, հարթ ու ողորկ անիվ՝ գլորել պատանեկությունս: Պարզ ու թեթև գարնան միջով գնում էի ամառ՝ մրգեր ու բուրմունք, հասունություն: Ամեն լուսաբաց խոստանում էր արև ու առավոտ, տաք կեսօր ու անմայրամուտ ընթացք: Օրն սկսվում էր ու չէր ավարտվում:
Մայր – Նրա վարդապետությունը մեզ համար էր, ապրեց մեր կյանքով և մեր նմաններին ընտրեց: Մենք քայլեցինք նրա ցույց տված ճանապարհով, որ տանում է դեպի մեզ, և համառորեն չենք հասնում:
Օլեֆ – Օրվա մեջ մենք չունեցանք առավոտ. տուր մեր առավոտը: Երկնքում մենք չունեցանք աստղ. տուր մեր աստղը: Մեր ոտքերը չունեցան ճանապարհ, տուր մեր քայլելու ճանապարհը: Մեր ձեռքերը չբռնեցին անիվ, տուր մեր պտտվող անիվը: Չտրվածը նույնպես խլված է:
Հարևանուհի –(քայլելով դեպի դուռը) Իմ մահացածներն այլևս չկան երկրի վրա և ժամանակի մեջ. նրանց միայն ես եմ հիշում: Իմ մարմնի մասերն էին, հոգուս շերտերը: Երբ նրանք ապրում էին, հզոր էին և իրականության տերը: Հիմա նրանք հիշողություն են, և իրենց լարելու ժամացույցն իմ ուղեղն է: Նրանք ասես չեն էլ եղել, փոշի են ու ոչինչ: Իրականություն որ լցնում էր տարածություն ու ժամանակ:(դուրս է գնում)
Մայր – Մենք ենք նրա սիրելին, ցանկալի զավակը, աղը՝ կերակուրի համար, և նա կլսի մեր ձայնը, կտեսնի մեր մարմինը, մեզ կհանի այս անձավից, մեր խավարի ժամանակը կդարձնի լույսի ժամանակ: Մեր կերպավորվելու համար է նրա մարմինը, մեր խոսելու համար է նրա լեզուն, մեր քայլելու համար է նրա ճանապարհը: Երկու հազար տարի կանչում ենք ու սպասում այս անձավում, տիղմի մեջ ու փոշու տակ, երկու հազար տարի գիշերից առավոտ ենք ձգտում, գոռում ենք ու խեղդվում, չենք լսվո՜ւմ…
Օլեֆ – Մոռացումն է երկրի վրա, անհիշողություն է երկնքում, և մոռացվածներն անկարող են հիշեցնել իրենց գոյության առասպելը: Մի բարկացրեք վերևներին, որ չավերեն ներքևները և մոռանան փլատակների մասին: Մոռացվածների գոռոցն է վաղուց՝ որպես անհիշողության խլություն:
Հայր – (քայլելով դեպի ճակատագիրը)Սև ու սպիտակ ոչխարներն էին իմ առաջ պարում. ես ցատկեցի սպիտակին ու սևի վրա ընկա, և իմ ճանապարհը խավարի միջով էր: Դու կարող էիր իմ ցատկը սպիտակ ոչխարին հասցնել և ինձ տանել առավոտի միջով: Չէ՞ որ ամեն բան քո ձեռքում է, ամեն իրական ու երազ քո կամքով է կատարվում երկնքում և երկրի վրա: Դու կարող ես փոխել գետերի հունը, անապատը կանաչեցնել, սարին ասել՝ շարժվի՛ր, և կշարժվի, վերջապես՝ մահը փոխել կյանքի: Քո կամքով է անապատը անապատ, օազիսը՝ օազիս: Դու ես ճակատագիր գրողը և քո գրածի դատավորը: Կյանքը մաքուր տվեցիր և ընդունում ես կեղտոտ՝ քո կամքով: Ինչո՞ւ հենց ես պետք է ցատկեի սև ոչխարին: Դու կարող էիր… բայց ինչո՞ւ…

Հավելված
Նույն տեսարանը՝ ինպես նախորդ հավելվածում:
Օլեֆ – Մենք պատժվում ենք, որովհետև մեղավո՞ր ենք:
Մարդու որդի – Դեռ ոչ ոք մեղքի սահմանումը չի տվել. մի տեղ մեղքն անմեղություն է, մի տեղ անմեղությունը՝ մեղք:
Օլեֆ – Մենք պատժվում ենք մեր մոր արգանդում, պատժվում է մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը, հասուն տարիքն ու ծերությունը: Մենք մեղք չգործած, մեղքի տեղը չիմացած, պատժվում ենք մեղքի համար. ո՞վ է գրել այս օրենքը:
Մարդու որդի – Մեղքը աշխարհի սկիղբն է. առաջին մարդու առաջին քայլը մեղքն էր. մեղքով կանգնեց Աստծո առաջ:
Օլեֆ – Մեղքը չգիտակցած մեղավորները պիտի չարչարվեն, և անմեղներն ամբողջացնեն ժամանակը երկրի վրա: Ովքե՞ր են անմեղները:
Մարդու որդի – Երկրի վրա միշտ եղել է մեղքի և մեղավորների ժամանակը: Սպանողը գիտի կյանքի արժեքը: Ստողի մեջ է ճշմարտությունը: Շնացողն է սրբորեն համբուրելու Տիրամաոր աջը: Շրջվիր մերձավորից, որպեսզի ամբողջովին զգաս նրա կարևորությունը, ինչպես հեռանալով Տիրոջից՝ ընդհուպ մոտենում են նրան: Մեղավորն է ճշմարիտ աղոթում: Մեղքը տիեզերքի սկիզբն է, ժառանգականությունն ու հարատևությունը: Ուրեմն նախ մեղավորները, նոր միայն անմեղները: Մի խոնարհվիր. դեռ չի եղել մեկը, որ խոնարհվածին չտրորի: Խոսքի հեզությունը չի բարձրանում երկինք, հողին կպած:

Արար
Սենյակի տեսքն անփոփոխ է: Ուշ սեպտեմբերյան օր: Ճակատագիրը նստած է իր համառ տեղում: Մահճակալներից մեկին, չբացված անկողնու վրա քնած է հայրը՝ հագնված ու կոշիկներով, առանց ծածկոցի:
Օլեֆ – (մտնում է կծկված, ցուցամատը շրթունքներին սեղմած, չորս կողմը երկյուղած նայելով): Սսս՜… քնած է: (Ոտնաթաթերի վրա առաջանում է՝ նայելով սեղանին դրված կես շիշ օղուն): Ոչ լիքը, ոչ դատարկ, ոչ սևին, ոչ սպիտակին. անէություն: (Վերցնում է օղու շիշը, պահում ափի մեջ՝ ուղիղ աչքերի առաջ, ինչպես Համլետը Յորիկի գանգն էր պահել, և սենյակում շրջելով՝ մենախոսում): Ի՞նչ ծագում ունես, հողածի՞ն ես, թե ջրածին, մա՞րդ ես, թե անասուն, ի՞նչ է քո անունը, հո՛րդ անունը: Ինչո՞ւ քեզ իր մեջ առնողը դառնում է գետնաքարշ, թավալգլոր: Թշվառակա՛ն, հողին ես կպած, մեջդ երկինք չկա, ճախրանք չունես, չես նայում արևին: Խեղճ ես, չնչին ու փոքր, գետնին ես պառկած: Եվ որքա՜ն գեղեցիկ բան ես սպանել երկրի վրա, որ պետք է երկինք բարձրանային՝ որպես ծաղիկ, աստղ: Ավա՜ղ, խեղճ շիշ:
Մայր – (Օլեֆի շեքսպիրյան մենախոսության ժամանակ ներս է մտնում մայրն ու աննկատ մոտենում որդուն): Տե՛ղը դիր: Արթնացավ՝ օղի է ուզելու, չգտավ՝ մեզ է ջարդելու: Նրա ճախրանքն այդ շշի մեջ է, երկինքը հողին է խառնված, նրա արևը գետնից է ծագում: Դիր տեղը: Ոնց որ եկեղեցում, հավատացյալի առաջ, պղծես իր սրբությունը:
Օլեֆ – Եթե սա է իր աստվածը, ուրեմն թող միանա իր աստծուն: (Շիշը դնում է սեղանին): Չլինենք ավելի դժոխասեր, քան սատանան է:
Մայր – (տագնապած): Շո՛ւտ-շո՛ւտ, հիմա կարթնանա… դասագրքերը, պայուսակդ գտիր, պիջակդ էլ: Ես անկողինը կվերցնեմ. (փութով մոտենում է անկողնուն) կքնենք այգում՝ խաղողի վազերի տակ: Դեռ շատ ցուրտ չէ:
Օլեֆ – Բայց ես կմրսեմ, հետո էլ՝ վախենում եմ սողուններից: Դեռ անցած շաբաթ էի մրսում: Իսկ եթե անձրև գա՞:
Մայր – Ի՞նչ անենք, (կլոր փաթաթած անկողինը կրկին դնում է մահճակալին) հարևանի պատշգամբի տակ գնա՞նք… ախր փնթփնթում են, թույլ չեն տալիս: Ասում են՝ տուն ունեք, գնացեք ձեր տանը քնեք, մեր պատշգամբը հանարակացարան չէ: Անցյալ անգամ էլ հայրդ աղմուկ սարքեց, թե՝ կնոջս սիրահետում եք, կսպանեմ ձեզ, գրպանումս ռումբ կա, տունը կպայթեցնեմ: Ռումբ, չէ մի՝ պոզեր: Նրա ռումբը շիշն է:
Օլեֆ – Լավ, ես ամուր կսեղմվեմ քեզ, որ չմրսեմ, երևի անձրև չի գա, լուսինը պոչի վրա է կանգնած, սողուններն էլ կքնեն… Իսկ եթե հայրիկին արթնացնեմ ու խնդրեմ՝ տանը մնանք, մեզ չծեծի՞…
Հայր – (արթնանալով՝ նստում է անկողնում, դժվարությամբ ոտքերն իջեցնում է հատակին, ձեռքով նշան է անում տղային՝ շիշը տա: Տղան հնազանդ կատարում է պահանջը, ասես հենց դրան էր սպասում: Կում է անում շշից, աչքերը քիչ-քիչ բացվում են: Մայրն ու տղան լարված ու անորոշ կանգնել են՝ չիմանալով ինչ անեն):
Մտնում է Գուշակը՝ Օլեֆին հասակակից տղա, ցնցոտիներով, զառամյալ ծերունու տեսքով: Ծվծվալով պարում է ու մեյմունություններ անում: Նրա բոլոր խոսքերը շուտասելուկներ են:
Գուշակ – (մուրացկանի պես վիզը ծռած՝ ափը հերթով պարզում է ներկաներին՝ այլանդակ ծամածռվելով): Ինձ տալիս եք իմ անցյալը, ձեզ եմ տալիս ձեր գալիքը: Տուր և ա՛ռ, առ և տո՛ւր:
Մայր – Մեր առնելուն վաղուց ենք տվել: Մեր երեկվա մեջ է մեր վաղվա օրը: Ի՞նչ պետք է գրես, որ նոր լինի ու նորից չլինի:
Գուշակ – Ես ճակատագիր գրողը չեմ, ընթերցողն եմ, և հավասարապես կիսում եմ անեծքը:
Հայր – Ո՞վ է այս մահից մոռացվածը:
Օլեֆ – Հայրիկ, սա իմ ընկեր Գոսոն է, մեր հարևանի տղան: Մենք՝ տղաներով, նրան Սատանի ճուտ ենք ասում:
Գուշակ – (դիմելով հորը): Ես ապագայից եմ գալիս, տեսել եմ քո վաղվա օրը և մյուս օրը:
Հայր – Այդքան տխո՞ւր է ապագան:
Գուշակ – Հայտնին միշտ էլ տխուր է, անհայտն է ուրախ. դու ուրախ ես, իսկ ես՝ տխուր:
Մայր – Իսկ ի՞նչն է, որ այդպես գեղեցիկ է ապագայում, որն արժանի լինի մեր մոտենալուն:
Գուշակ – Ապագայում քո անցյալն է: Ավելի գեղեցիկ ուրիշ ի՞նչ ունես տեսնելու համար:
Հայր – Իմ անցյալը իմ կորցրածն է, չունեցած ու դատարկ ժամանակը, ինձ չտրված իմ բաժին լույսը: Խավարն ու ցեխը թիկունքում են, քանի որ նրանք միշտ կառչած են մեր ուսերին, ոտքերին՝ գետնելու համար: Իմ անցյալում իմ մահն է, իսկ մահն ունի շարունակություն, բայց չունի ապագա: Ապագան կյանքն է, մինչև մահը ժամանակն է: Ես չունեմ մահին հասնելու կյանքի ժամանակ, իմ մահն ավարտված է:
Գուշակ – Մահ, թե կյանք՝ նույնն է. կյանքը մահով է պայմանավորված, մահը՝ կյանքավ: Կյանքի մեջ մահը կա, մահվան մեջ՝ կյանքը: Կա կյանքի ժամանակ, կա մահվան ժամանակ: Ապրած, թե չապրած՝ քոնն է. թող լիներ ապրած ու չլիներ չապրած: Դու ես տերը և տեր լինելու իրավունքը: (Բարձրաձայն հորոնջում է և ափով բերանն արագ-արագ բացուխուփ անում): Գնամ` մի քիչ քնեմ, շատ եմ հոգնել ձեզ անիմաստ ձեր առաջ դնելուց: (Նստում է Ճակատագրի կողքին, գլուխը դնում նրա ծնկներին ու խռմփացնում):
Օլեֆ – Սա միշտ էլ նույն խեղկատակն է, ամեն օր մեյմունություններ է անում, իսկ մենք ուրախանում ենք, հետո էլ պառկում խոտերի մեջ` քնում է: Մեր միմոսն է, սատանի ճուտը:
Հայր – (կրկին խմում է շշից): Մահը կյանքի լավագույն կեսն է, բայց նրանց համար, ովքեր կյանք են ունեցել: Իմ կյանքն իմ մահն էր միայն, իմ ապրածը մահ էր և կյանք չէր: Այդ սև ու միակ, չվերադարձող պահից մինչև հիմա կյանք չէր, մահվան շարունակություն էր: Իմ մահն անընդհատ է, նույն կանոնով, խաղի նույն տանուլով: Ուստի ես մեռած եմ այժմ և վաղուց. պառկում եմ մահվան սահմանումով, ավարտուն ժամանակով: Վերջ իմ մահվանը:
(Մեջքով պառկում է անկողնուն՝ շիշը բռնած ձեռքը կախելով մահճակալից, հետո պտտվում է ու դեմքի վրա ընկնում հատակին: Օլեֆն ու մայրը մոտենում են ու երկու կողմից կռանում վրան):
Մայր – Մեր սերը մեր տարեկիցն է, ճիշտ այնքան, որքան ապրում ու չենք ապրում, իսկ ցավը մեր նախնիների կենսագրության միջով անցել ու եկել, մեր զավակների մեջ մեզ է սպասում: Մենք բոլորս սխալ ենք ապրում:
Օլե‎ֆ – Այն մի քիչ հողը, ուր մենք ենք, միշտ փլվում է:
Ճակատագրի մենախոսության ընթացքում Օլեֆն ու մայրը հոր մարմինը բարձրացնում են հատակից տեղավորում մահճակալին, ձեռքի շիշը դնում են սեղանին, հանում կոշիկները, վերմակով ծածկում: Այդ ամենն անում են դանդաղ ու խնամքով, ցավով ու խղճահարությամբ:
Ճակատագիր – Մի մարդ է լի-լինում, իր ե-երկրում տեր էր ու թա-թագավոր, ամեն ինչ ուներ և ո-ո-ոչնչի պակաս չու-չուներ: Բայց կարևուր մի բան էր փը-փնտրում, առանց որի, նրա կա-կարծիքով, կյանքում կարևորը պա-պա-պակաս էր և կյանքն անիմաստ էր ե-երկրի ու ե-երկնքի արանքում: Մի օր էլ իր երկրի մը-մը-մյուս թագավորների հետ նա-նավարկում է Մեծ քաղաք և ինը տա-տարի պատերազմում ու միայն տա-տասներորդ տարում կո-կործանում են պաշարված քը-քը-քաղաքը հենց այդ մարդու խո-խորամանկության շնորհիվ, քանի որ այդ թա-թագավորների երկրից նե-նենգաբար առևանգել էին գը-գը-գեղեցկությունը: Այդ մարդը էլի տը-տասը տարի թա-թափառում է ծովերում ու օտար հո-հողերում: Նրա երկրի աստվածները թու-թույլ չէին տը-տալիս մոտենալ հա-հայրենի ափերին, ո-ո-որովհետև այդ մարդը դեռ չէր գը-գտել այն՝ ինչ փը-փնտրում էր, չէր հասկացել ո-որտեղ է իր փնտրածը՝ ճը-ճը-Ճշմարտությունը: Փոթորկվող ծովերում նա կո-կորցրեց իր ռազմի թը-թանկ ընկերներին, պատերազի ավարը, ամեն հա-հարազատ ու կա-կարևոր բան: Նոր միայն հա-հասկացավ, որ իր փը-փը-փնտրածը հենց իր ե-երկրում է, այնտեղ ո-որտեղից քսան տա-տարի առաջ նավ էր նստել՝ գը-գտնելու նպատակով: Եվ աստվածները ու-ու-ուղեկցեցին հայրենի ե-երկիր: Հարազատ ափ դուրս եկավ ցը-ցը-ցնցոտիներով և ոչնչով, բո-բոլորովին անինչք: Նայեց շուրջը և չը-չը-չտեսավ գտած ճը-ճշմարտությունը, որովհետև ինքն արդեն ճը-ճը-ճշմարտությունն էր, և ինքն ու իր փը-փնտրածը մեկ մա-մարմին ու մեկ հոգի էին: Հիմա այս տը-տղայինն է. եթե այս գե-գե-գետնափորում ու հո-հողածածկի տակ չփտել ցը-ցը-ցանկանալու ուժն ու հա-համառությունն ունենա, պետք է երկար թը-թը-թափառի ու որոնի ինքն իրեն հա-հասնելու, իր հետ նու-նույնանալու համար:
Գուշակ – (արթնանում է): Գտնելու համար կորցնել է պետք. առանց գտնելու՝ չես կորցնի: Կորցրու, որ գտնես. գտիր, որ կորցնես. վերջին արդյունքը նույնն է, ինչպես վերջին արցունք: Մնում է միայն թափառումը, որը քո իրականությունն է՝ սեպած ժամանակը քո հողի վրա: (նորից քնում է):
Օլեֆ – Եթե մենք չծնվեինք, երկիրը չէ՞ր պտտվի:
Մայր – Կպտտվեր՝ նույն համաչափությամբ, ոչինչ չէր փոխվի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Բայց մի տեղ՝ երկրում, ցավի կրողները քիչ կլինեին, և ավելորդ ցավաբաժին կառաջանար: Մենք չենք եկել երկրի ժպիտը պակասեցնելու, մենք եկել ենք երկրի ցավը թեթևացնելու՝ մասը տանելով մեր ուսերին: Եթե այդքան ցավ հողին մնար՝ վերցնող չլիներ, երկիրը ծանրությունից փուլ կգար: Մենք երկրի դավաճանվածներն ենք. մենք ավելի ենք պետք երկրին:
Օլեֆ – Մեր բաժին երկրի վրա երկինք չկա՞:
Մայր – Կա, բայց դատարկ է Աստծուց:
Օլեֆ – Ուրեմն էլ ո՞ւմ ենք սպասում:
Մայր – Աստծուն, այնքան պետք է սպասենք, մինչև վերադառնա մեր երկինք. ուրիշ եկվոր չունենք:
Օլեֆ – Մեր եկվորը մենք ենք:

Հավելված
Նույնն է տեսարաը՝ ինչպես նախորդ հավելվածներում:
Օլեֆ – Փրկվե՞ց աշխարհը:
Մարդու Որդի – Երկիրը միշտ էլ ժամանակի նույն միավորով է պտտվել: Ոչ լույսը, ոչ խավարը, անգամ խոսքը դեռ չեն բաժանել կամ բազմապատկել նրա ընթացքը:
Օլեֆ – Հայրը չգիտե՞ր, որ չենք փրկվելու:
Մարդու Որդի – Եթե ամեն մարդ իրեն փրկի, աշխարհը փրկված կլինի: Էլ աստված անելիք չի ունենա: Մի կյանքի չափով փրկվելու ցանկությունը չկա:
Օլեֆ – Նա գիտեր, չէ՞ որ Աստված է. էլ ինչո՞ւ քեզ զոհեց, հանուն անկատարի՞:
Մարդու Որդի – Ավելին չպահանջենք մեզանից, քան ի սկզբանե տրվել է: Չձգտենք այն տարածությանն ու ժամանակին, որ մատչելի է միայն Աստծուն: Այդպիսիները կյանքով են հատուցել հին և նոր աշխարհներում: Պահանջը, երբ կյանքից վեր է, ընդամենը բառ է՝ թղթից անշարժ նայող, կամ` բառարանում: Իրականությունից դուրս օրենքը մանուկ է. մաքուր, սակայն անկարող, անպաշտպան է: Կյանքն իրական է իր սահմանների մեջ, երբ նրանից վերցնում ենք բնականը, հարազատը, նրա իրականը վերջանում է: Տերը լիարժեք է, որովհետև ամեն տեղ է: Կատարյալ է տիեզերքը, քանի որ բոլոր կողմերից է երևում: Կյանքը կատարյալ է, երբ լիարժեք է: Ինչպես Տերը, այնպես էլ կյանքն է անվիճելի: Չի փոխվում իրականը, քանի որ բնականն է: Ժամանակը թելադրում է, խոսքը նորից ու նորն է ուզում, գրվածը՝ վերագրվել՝ երկինքը մոտեցնելով երկրին. տարածությունն անհասնելի է երկրի ու երկնքի միջև: Երկու հազար տարի է անցել. աշխարհն ամեն օր փոխվում է, իսկ իմ խոսքը նույնն է մնացել:

Նարցիս 4, 2008