Գուցե թմբիրն է օրն իսկական,
Վրիժակի պես սեղմված մեր կոկորդին,
Ո՞ւմ ցանկությունն եմ ես արդյոք կատարում,
Հապաղելով տողերի մեջ-մինչ անցում:
Ցավն է թխում ազդանշանն իր զորեղ,
Մի քաղց նահանջ գլորելով ասպարեզ
Ու երկուստեք մերկանում են իմ առջև.
Ինձ շեղելով իմաստից ներքնապատկեր:
Իրազննումից խորիսխը պարսառաք
Հեղվում է ու հարուցում է պտտահողմ,
Գրկախառնումից անպաշտպան՝ որպես իր
Շիկանում եմ ու շպրտվում դարերին:
Թախանձանքս երևույթ է ըմբռնման,
Բայց մի կյանք վախ ընթանում է առջևից,
Իբր հաշվելով պատրանքներս անմեկին՝
Հետ եմ ընկնում-ամփոփելու արվեստն իմ:
Ժխորներում որքա՜ն ձայներ են մարում,
Ո՞վ ժամ ունի-արթնացմանը անտերունչ,
Չտեսների համակարգն է հնարվել,
Հույս չտածենք, թե կարդալու են մեզ էլ:
Բայց կա հույսը բացահայտման գաղտնիքի,
(Հակիրճ խելքը չի ապրելու մինչև դար ),
Կտցելու է խնամված խոսքը նորից-
Հուր մի արտույտ կամ սոխակն իր ճյուղից:
Վերջին խնդրանք նրան, ով հսկում է ինձ
Ինձ տուր վերջին շանսը՝
հետո ավելի զուսպ կլինեմ,
չեմ պարծենա, թե գրելու պահին
բացարձակ եմ ապրել,
իսկ առօրյայում՝ հարաբերական…
Էլ չե՞մ երազի Նոտր-Դամ դը Փարին
աչքով տեսնել.
լրիվ ըմբռնելով իմ դատարկ քսակը,
կամ՝ ապրել ջունգլիների էակների հանգույն,
կամ՝ ծաղրել պաշտոնավոր անգրագետին,
ապա դեմ տալ նրան արդար դատին…
Ինձ տուր վերջին շանսը՝
կկողմնորոշվեմ նաև հրաշալիքների հարցում,
ձայնս գլուխս գցած չեմ աղոթի,
չեմ ասի, որ իմ լեզուն ամենահմայիչն է
անգամ համայն տիեզերքում.
կոպերիս տակ չեմ պահի Սիսն ու Մասիսը
ու չեմ ասի՝ ամենահինն եմ երջանիկներից.
իմն է պատկերն ամենախորհրդանիշ:
Ինձ տուր վերջին շանսը՝
էլ չեմ հավատացնի ոչ ոքի,
որ միակ ապաստանս
Շառլ Ազնավուրի երգերն են,
իսկ գրքերս նվիրում եմ միայն,
ոչ մի շահույթ չունեմ,
չեմ հնչեցնի անընդհատ նույն լեյտմոտիվը՝
գույնի մոգական խտացումի մեջ ասված է այնքան,
որ բավարար է անսխալ ապրելուն
կամ երևակայաությունս երկինքներ է տանում
վեհանձն իրադարձությունները հոգուս:
Ինձ տուր վերջին շանսը՝
չե՞մ զայրանա օտար հավատքների վրա,
չե՞մ զայրանա ինձ թարգմանող բառի վրա,
առավել ևս՝ չբացվող դռների,
դրամաշորթների, խառնակիչների,
Չեմ տենչա դառնալ Նավզիկե
և խաբել Ոդիսևսին,
խոնարհ կհատուցեմ Նեմեսիսին.
թոթափելով ինձնից կախվածությունը
նախասկզբնական հանգամանքների:
Վհատ իրականը չեմ ցուցադրի հայելուն
և պահանջի, որ ինքասպան լինի…
Ինձ տուր վերջին շանսը՝
չեմ լքի ինձ սիրող ամուսնուն,
չեմ ողջակիզի զգացմունքներս-
ի փառս աշխարհաճանաչման
կամ հակառակը՝
չեմ զոհվի հանուն նվիրման:
Անընդհատ մեղք չեմ գործի,
որ անընդհատ մեղանչեմ…
Չեմ այլաբանի հաղթած մետաֆորով,
չեմ վառվի քաջությամբ, որ երկյուղս թաքցնեմ,
նրբությամբ չեմ շրջանցի կյանքը
և գոյիմացությամբ չեմ կայծակի խրոխտ:
Տուր ինձ վերջին շանսը՝
էլ չեմ չափի մարդկանց հոգու դժոխքները,
իրերը չեմ խոսեցնի,
հանապազօր չեմ կրկնի.
«Թո՞ղ ընծայողն ուրախանա»,
գայթակղությունը պոեզիայի մեծարման
չեմ օրհնաբանի ջրերի ու ձկների հետ,
մետաֆիզիկայով չեմ ոգեղենվի…
Արդեն կամացուկ շշնջում եմ.
տուր ինձ վերջին ներհայեցումի վերջին շանսը՝
մի պահ նորից ապրելու
վերասացյալներիս հակառակը…
Երկվությունս
Երկվությունն իմ կանխասացն է հոգուս,
այս կյանքի համար-տարբերակ խենթ:
Հղացվել ենք.
մեկս սովորական մահկանացու,
մյուսը երկնի տվածով-էպիկական չափի…
Ծիրանագույն վեհ ակնթարթին
նյութը Աստծո մտածել սկսեց,
ապա ջրասուզվեց,
գրեց ջրհեղեղ ապրած ջրիմուռին
պտղավորումը ժամանակի հետահայաց,
հոգու չափանիշն էլ մեկնելով լույսի տևողությամբ:
Անթերիները հոգով աղքատներն են
պարզ ուղղորդությամբ-Աստծո արքայություն,
իսկ մենք՝ երկվություն իմ, կարդալու ենք
այբուբեններն ամեն-
բրայլյանից մինչև վերիրական,
միակողմ փողոցից մինչև ծաղկած երկինք,
հրեշտակի աչքերից մինչև փոքրիկ բլրակները
աշխատանքով արբած մրջյունների,
դառը համտեսումից մինչ մեղքի դուռ
և չենք սթափվելու…
Վերջի արձագանքը լսելու ենք- որպես ժամանց,
հատուցելով իրար միջև թունդ վեճերով անանց,
սրտնեղելով սխալների թպրտոցից:
Մեծ համբերանքն իրար՝ խաղ չէ,
բարեհաճ փառք է ծափահարված,
մեզ փնտրելու է վկան արևատես.
իմաստի երախտագետ գետափին,
կենսաթրթիռ առիթում նոր եկող Տոնի,
ոչ ոք չի կողոպտի մտածելակերպը
վեհի կազմավորման.
մաքուր աղերսանքի առասպելն անխորտակ:
Հոգեթով ապահովն է ձեռք պարզելու
ինքնաբուխ ճառագումին արարումի…
Մտապահիր արյուն
Ինձ գլխատել են, իսկ դո՜ւ, արյո՞ւն, մտապահիր
առանց պատանք թաղված մարդու զոհերին՝
խոշտանգումից մահով սայթաքած…
Մտապահի՞ր հետքերը կորած մանուկների,
որբի, որը հետո որպես քիմեռ-մարդ կսպանի…
Մտապահի՜ր արյո՞ւն, արյունոտ մտքերը,
մտապահիր ժամանակը տարածության,
անարգել գրիր պատերիդ, առաստաղիդ,
առանց սարսռալու մերձեցումից մթար,
որ կարող է քեզ պատճառել սիրտը՝
մարդկային, թե՞ մարդկայինը չեղյալ հայտարարած:
Վիշապները կային դարեր առաջ,
իսկ հետո ծնվեցին հիշողությամբ
ու տիրեցին՝ ըստ ցանկության ոմանց,
ժայթքող կրակն է միշտ կայացնում
մենախոսության պես որոշումներ,
որը գիտի՞ վերջին ակնթարթում-
ջուրն իրեն նույնիսկ չի տագնապի,
փառապսակն իրենն է ինչ էլ լինի,
միահեծան է ծանրումեծ,
ծածկագրված ոճիրով լաբիրինթի:
Թարախապարկ ներսից,
դրսից թեփուկավոր գորշ դոդոշներ,
որ պատրաստ են գարշ տեսքով անգամ
սպանել քեզ ու առանց – հարության…
Մտապահի՞ր արյո՜ւն, անբնական կեցվածքը
երկրում ապրողների,
չարի տարբեր գույնի պատանդները,
որոնք մատնված են գլխատումի,
պետք է լռեն պապանձվածի հանգույն:
Աստված հոգիներին է տեր միայն,
եթե ոչ՝ ձեռքերը կերկարեր ու կխլեր նրանց
դոդոշների տված մահից.
սպառնումից, շեղբից,
սահմռկումից…
Էս ի՞նչ տառապանք է անվերջ զոհաբերման,
Մտապահի՜ր արյո՞ւն, քանակով շատ ազգերն են
խառնշտորում կաթսան վարքագծի,
որ թույլերը մեջն ընկած եփվեն,
ապա ոգեկոչվեն իրենց կողմից՝
իբրև խոնարհում ամենեցուն,
իսկ մենք անփորձ հրճվենք ու ասենք մայրերին,-
ծնե՛ք նորից, մե՜կ է, ձե՛ր զավակները զոհված
ոգեկոչվում, սրբանում են-բա՝ դրանից լա՜վ բա՞ն:
Ծնեք նորից՝ դոդոշների համար թեփուկավոր.
արծվագլուխ վիշապների բոցեղենի,
որ վճարենք ու աբսուրդով հարբած
մեր մայրերին ասենք,-էլի՛ ծնեք.
ծիսակատարություն, զոհասեղան,
գիլիոտին՛ մե՜րն են սրա՛նք…
Մի՛ հրմշտեք իրար,
ով կարող է դուրս պրծեք խավարից՝
անափսոսանք արյան տրոփումին,
իսկ դո՜ւ… մտապահի՛ր արյո՜ւն,
մանուկ օրերիս երազները մտապահիր…
Համբարձման ծաղիկ
Ծաղկել ես նորից համբարձման ծաղիկ,
ողջույն երկնքից քեզ հատկացվածով,
որ ճռիկների բույնն է ոտներիդ
և ձևդ, գույնդ անանվանելի…
Լույսեր ես պարզում մոռացումներին,
նրանք հաշտված առոգանության
հույսերն են անհոգ արժանապատվում
ու պատսպարում սրբազնության մեջ
և աղոթքների ազնվությունում երանի՜ կանչում:
Քանի՞ դեղին կա երկրի վրա,
ո՞րն ես նրանցից՝ ոսկեփայլ ծաղկուն,
ոսկեզարդված, ոսկեղեն հսկող, ոսկեծիրանի՝
գուցե ոսկետոն՝ երկրի և երկնի միախառնումի,
որը միակն է մեր հոգիների վառ օրացույցի…
Ոսկեզօծումի ապարանքները
իրենց փորձության ոսկին են ծամում
ու ոսկեջրում մատուցած բառը ծաղկատեսնողի…
Առանց նյութ-քանդակներ
Վրանի տակ գովաբանման այցելուներ են տարբեր
ու պատմում են, թե ինչպես են իրենց արտերը վարել,
ակոսները շրջել շերտ-շերտ թողությանը երկնային,
իսկ լուսափայլ խաշնարածը նրանց սերմեր է տվել:
Լիահավատը նրանցից ցորենինն է ընտրել
ու ցանքսերը Արտոնք գյուղի շիկնած նետեր են ուղղել՝
վերևներին, ներքևներին, որսորդների կապարճին:
Այն որսորդը, որ բարուրում ծառն էր երգել նռնենու
և ինը նուռ նրա ճյուղքին սայլ էր նետահարել-
շիկագանգուր հասկերով լի,
իսկ հասկերը Արածո գետն անցնելիս ջուրն էին լցվել,
ջրից արդեն թռել էին զառ խոտերին
խաս բառերը բեղմնավորված՝
թպրտալով ձկների պես…
Ի՜նչ սրբագույն բառեր այցի. փառաբանող որսապետին,
ով վկայել էր որսորդի ծնված պահն ըստ բախտացույցի…
Արյան զարկերն են ի կատար ածում
հնազանդության ծեսերը մաքուր
բառերն արդեն-չխոսկան ձուկ,
լռության մեջ են քանդակում
առանց նյութ, բայց տարաշխարհիկ
թափառումը զարմանքի…
Կորցնել
Կորցնել ծաղիկը և գտնել մեկուսացումը ծաղկից,
կարծես տատի ձեռքերը կորցնել,
որ օրորել են ընտելացումդ աշխարհին,
մի կտոր խիղճ ծավալել աղքատի սուփրային
ու կորցնել զգացման չափը, լի՜քը զգացում կորցնել:
Ըմբռնել, որ ապրել ես մի քանի դար առաջ,
բայց կորցնել ժամանակը ներկա՝
դարի հետ հարցազրույցը կորցնել:
Դյութվել անձրևի ծլարձակումով, ցանկալ երկարի
տևումը նրա.
կորցնել մեդիումի շերտը՝ արևի շողերով լի, արևը կորցնել…
Վախենալ նկարել հեքիաթներ մանկանց համար,
փերիներ հեքիաթի, վայր ընկնող խնձորներ
ու կորցնել բարի կախարդին, հեքիաթի իմաստը կորցնել:
Հեռանալը փորձել երգով, վստահ հավատացնել հոգուն
և անվերադարձ կորցնել-սերն ու սիրո երգը կորցնել,
նժույգը բանտել փարախում, վազքը մեխել.
կորցնել երամակը, ազատ սլացքը կորցնել,
ճախրը կորցնել արծվի, ապա պղտորել ջուրը՝
ձուկը կորցնել, կորցնել մարդը
և ծիրը կորցնել հողագնդի, հողագունդը կորցնել.
կորցնելով նաև կորցնել բառը,
իսկ բառի հետ կորցնել կյանքը տիեզերքում,
կյանքը կորցնել…
Կարոտախտ
Հանգույցներ եմ ընդունում հղված վերին ծիրերից,
որոնք կարող է միայն հոգուս կարոտը քանդել…
Ի՞նչ քարեր ես մամռակալում, Հավթվա՜ն գյուղ,
ի՞նչ ջրերի ծարավներ ես անտուն երգում,
շարան-շարան սաղարթներիդ կանաչ դողը
ո՞ւմ ճամփեքին ես ստվերում մինչև խոստում:
Գիտե՜մ, ծիծեռը մեր տան երկու դար օճորքին լալիս,
անցյալում սովորած բառերն է որպես կեր ձագերին տալիս
ու թռցնում հյուսիս-հոգետաճարի խնդուն հանդեսի.
ապահովելով երկու ափերը Աստծո տված տնամերձի…
Ուրմիա ծովակի ձկնեղենը օրհնաբանվե՞լ է ձկներից վերին
և ի՞նչ է գրված գաղտնաբանության ջրե ճակատին.
նռնենիների ճոխ այգիների ո՞ր ուղղությամբ է
գնացել ջորին պապիս բեռների,
ընձեռի՝ կարդամ, ո՞ր պարտեզում են շողշողում
անթերի բառերն իմ ծաղկումների,
իսկ քո կենդանի ոգիներին, գյո՛ւղ Հավթվան,
քո սուփրայից բերած տատիս սափորներով
այսժամ կաթն եմ ես առաքում Կաթն ծիրի-
հնազանդվելով հարատև խորքին իմ կարոտի…