Տրագիկոմեդիա` մեկ գործողությամբ
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ԱՐՔԱ
ԾԱՂՐԱԾՈՒ
ԹԱԳՈՒՀԻ
ԴԵՍՊԱՆ
ՍՊԱՍԱՎՈՐ
ԱՎԱԳ ԻՇԽԱՆ
ԻՇԽԱՆՆԵՐ
ԴԱՀԻՃ
ՊԱՏՎԻՐԱԿ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐ
Դեպքը կատարվում է բոլոր ժամանակներում և ամենուր:
Բեմը ներկայացնում է արքայանիստ դահլիճ՝ գորգապատ աստիճանահարթակի վրա թագավորի և թագուհու գահերն են։ Ձևավորման մյուս դետալները՝ ըստ ցանկության և ճաշակի, քանզի դրանք դերակատարություն չունեն, շեշտվածը, կարևորն այստեղ արքայական գահն է՝ աթոռը։ Փութկոտ մտնում է Արքան՝ պալատականների շքախմբով։
ԱՐՔԱ – (Բազմում է գահին): Ինձ համար այլևս ամեն ինչ պարզ է, իշխաններ։ Ով էլ որ լինի, ինչպիսի տաղանդ էլ որ ունենա, իրավունք չունի այպանելու արքային։ Հրամանս է՝ մա՜հ բանաստեղծին։
ԻՇԽԱՆՆԵՐ – (Գոհունակ): …Մա՜հ բանաստեղծին։ Մա՜հ… Արդա՛ր վճիռ։ Վաղուց էր պետք…
ԱՐՔԱ – Այս գիշեր իսկ գլխատել ստահակին։ Նա չպետք է տեսնի լուսաբացը։
ԻՇԽԱՆՆԵՐ – (Խոնարհվում, դուրս են գնում): Հրամանդ ի կատար։ Փա՛ռք արքային։ Արդարացի վճիռ, արքա։
ԱՐՔԱ – (Տիրական կեցվածքով մնում է այնքան, մինչև բոլորը հեռանում են, ապա, առօրեական, ոտքը ոտքին է գցում, կզակը հենում ափին, մտորում է։ Ոչ ոքի չդիմելով): Դո՜ւրս արի։
ԾԱՂՐԱԾՈՒ – (Բոլորից աննկատ՝ գահի տակ թաքնված տեղից): Դուրս չեմ գա։
ԱՐՔԱ – Ինչո՞ւ։
ԾԱՂՐԱԾՈՒ – Դուրս չեմ գա և վերջ։
ԱՐՔԱ – Բայց ինչո՞ւ։ Մի պատճառ պիտի լինի՞, թե՞ ոչ։
ԾԱՂՐԱԾՈՒ – Առանց պատճառի… Իմ տեղն այստեղ է՝ արքայի հետույքի տակ։ Արքան բազմած է գահի՛ն, պալատականները նրա դիմաց խոնարհվո՛ւմ են, չերևացող հեռուներում ժողովուրդն է, իսկ իմ տեղն այստեղ է, չէ՞ որ ես ծաղրածու եմ։
ԱՐՔԱ – Մի՜ խառնիր։ Ես քեզ լավ եմ ճանաչում։
ԾԱՂՐԱԾՈՒ – Անհնար է, որ թագավորները լավ ճանաչեն ծաղրածուներին։
ԱՐՔԱ – Ասացի՝ մի՜ խառնիր։ Կամ դուրս արի, կամ պատճառն ասա։
ԾԱՂՐԱԾՈՒ – Մի՜ գլխատիր բանաստեղծին։
ԱՐՔԱ – Դա լինելու բան չէ, նա իրեն լկտի է պահում։
ԾԱՂՐԱԾՈՒ – (Գլուխը հանում է գահի տակից, վարից՝ վեր): Օրինա՞կ։
ԱՐՔԱ – Նա ծաղրալի ոտանավորներ է գրում իմ մասին, ժողովուրդն անգիր է անում, արտասանում հրապարակներում, հարսանիքներում և նույնիսկ հուղարկավորությունների ժամանակ։
ԾԱՂՐԱԾՈՒ – (Թաքստոցից դուրս գալով): Իսկ ի՞նչ վատ բան կա, թող բոլորը համոզվեն, որ թագավորը ժողովրդավա՛ր է։
ԱՐՔԱ – Հիշի՜ր, միմոս, ժողովրդավարությունը միշտ էլ պարտադրված է տիրակալներին։ Գալով բանաստեղծին… Նա… նա ինձ համբակ է անվանել։
ԾԱՂՐԱԾՈՒ – (Խեղկատակորեն ծիծաղում է): Հա՛մբա՞կ։ (Լրջանում է): Չեմ հավատում։
ԱՐՔԱ – Ես էլ չէի հավատում։ Բայց բերեցին նրա գրվածքները։ (Ծալված թղթեր է հանում): Ահա, տե՜ս, համոզվիր։
ԾԱՂՐԱԾՈՒ – (Վերցնում է թղթերը, հպանցիկ նայում): Մի՞թե այդքան մեղմ է արտահայտվել։
ԱՐՔԱ – (Սպառնանքով): Գլխիցդ ձե՞ռք ես քաշել…
ԾԱՂՐԱԾՈՒ – (Վերադարձնում է թղթերը): Ես ավելի սուր բաներ եմ լսել… Նույնիսկ… ըմմ… անգիր արեցի։
ԱՐՔԱ – Ինչպե՞ս համարձակվեցիր։
ԾԱՂՐԱԾՈՒ – Քո պալատականներն էլ անգիր գիտեն… Անկյուններում արտասանում են ու ծիծաղում…
ԱՐՔԱ – Մի՜ չարախոսիր։ Այս գրվածքներում ծաղրվում են նաև պալատականները, և հազիվ թե դա նրանց դուր գա։
ԾԱՂՐԱԾՈՒ – (Թեք նստում է մյուս գահին, ոտքը գցելով բազկահենին՝ ճոճում է): է՛, արքա՛, արքա՜… Պալատականներդ այն կարծիքին են, թե քո պատճառով են իրենք ծաղրի առարկա դարձել… Ահա թե ինչու այդ գրվածքներն ինչ-որ չափով նրանց սրտովն են։ Արարքի համար պատժելը չի վերացնում արարքն ու հետևանքները։ Պատճառները պետք է վերացնել, արքա՜։
ԱՐՔԱ – Ոչ թե` «արարք», այլ՝ «հանցանք»։
ԾԱՂՐԱԾՈՒ – Թեկուզ։ (Բարձրաձայն մտորելով): Բանաստեղծը կգլխատվի՛, նրա գրվածքներն ավելի կարժեքավորվե՛ն։ (Հեգնական): Չէ՞ որ ժողովուրդը վեհացնո՛ւմ է նահատակներին։
ԱՐՔԱ – Հըմ։ Այդ դեպքում ասա՝ ինչո՞ւ է այդպես։
ԾԱՂՐԱԾՈՒ – (Անկիրք): Ճշմարտությունը չի մեռնում։
ԱՐՔԱ– Խեղկատա՜կ, ուրեմն ես համբա՞կ եմ, դա՞ է ճշմարտությունը։
ԾԱՂՐԱԾՈՒ – (Տեղից վեր թռչելով՝ խեղկատակի ռևերանսով): Օ, ո՛չ, դու արքա՛ ես։
ԱՐՔԱ – (Հրամայական): Լո՜ւրջ պատասխանիր։
ԾԱՂՐԱԾՈՒ – Լուրջ չեմ կարող, ես ծաղրածու եմ։
ԱՐՔԱ – Ես քեզ հրամայում եմ։
ԾԱՂՐԱԾՈՒ – (Կես լուրջ): Ի՞նչ կարիք կա ասելու այն, ինչ ինքդ էլ գիտես։
ԱՐՔԱ – Շարունակի՜ր։
ԾԱՂՐԱԾՈՒ – (Ասես գլխին իջնող հարվածից կծկվելով): Ամեն մի համբակի մեջ թագավոր կա նստած, արքա՜։ Մեկի մեջ՝ մե՛ծ, մյուսի մեջ՝ փոքր… (Խորամանկորեն): Պատահում է և… ընդհակառակը։
ԱՐՔԱ – Սա արդեն ծաղրածուի խոսք չէ։ Դու համարձակվում ես ինձ այդպիսի բանե՞ր ասել։
ԾԱՂՐԱԾՈՒ – Ես համբակների մասին էի խոսում, արքա՜, և ոչ թե թագավորների։ Առավել ևս, Աստված մի՛ արասցե, քո մասին… Ի՞նչ ասացի՝ մեկի մեջ մեծ թագավոր կա, մյուսի մեջ՝ փոքր, պատահում է և ընդհակառակը՝ մեկի մեջ՝ փոքր, մյուսի մեջ՝ մեծ…
ԱՐՔԱ – (Իբր հաշտվողաբար): Տակից դուրս եկար, խեղկատակ։ (Դավադիր): Լա՛վ, շա՛տ լավ։ Տիրակալների մասի՞ն ինչ կասես։
ԾԱՂՐԱԾՈՒ – Ամեն մի տիրակալի մեջ էլ մի համբակ կա, մեկի մեջ՝ մե՛ծ, մյուսի մեջ՝ փոքր։ Իսկական տիրակալները իշխանության ուժով քողարկում են իրենց համբակին, մինչդեռ համբակները, սի՛ն փառամոլությամբ, ցուցադրում են իրենց մեջի արքային։
ԱՐՔԱ– (Լսածի վրա խորհում է։ Դավադիր): Իմ մեջի համբակը մե՞ծ է։
ԾԱՂՐԱԾՈՒ – Դու բացառություն ես։ Քո մեջինը համբակ չէ։
ԱՐՔԱ – (Այնպիսի անհամբերությամբ, ասես ճշտում է՝ գիտե՞ն իր գաղտնիքը): Ի՞նչ է… Հը՞, իմ մեջինն ի՞նչ է։
ԾԱՂՐԱԾՈՒ – Ծաղրածու։
ԱՐՔԱ – Հըմ։ Իսկ քո մեջի՞նը։
ԾԱՂՐԱԾՈՒ – Արքա է։
ԱՐՔԱ – (Դավադիր): Այդ ինչպե՞ս հասկանալ։
Ծաղրածուն մոտենում, նույն՝ Արքայի դիրքով նստում է կողքի գահին։
Այդուհետ նրանց բոլոր շարժումները միաժամանակյա են, խոսում են միաժամանակ՝ նույն բառերով, նույն տոնայնությամբ։
ԱՐՔԱ – Դե՞, ասա, լսում եմ, այդ ինչպե՞ս հասկանալ… Դու լավ միմոս ես, խոսք չկա… (Քմծիծաղով): Գուցեև դու ճիշտ ես… Չէ՞ որ ես միայն քեզ հետ եմ անկեղծանում, և շատ հարցերում համամիտ ենք լինում… Նշանակում է՝ ոչ թե երկխոսում, այլ մենախոսո՞ւմ եմ… Հետաքրքի՛ր է… (Սթափվելով): Լավ։ Այդ մասին դեռ կմտածեմ… Վերջ տանք։ Ասացի՝ վե՜րջ։ Վերջ տուր հիմարություններիդ… Քեզ հետ եմ, ապո՜ւշ։
Արքան կանգնում, ետ ու առաջ է քայլում։
Ծաղրածուն շարունակում է նմանակել։
ԱՐՔԱ – Խաղը լավ է ստացվում։ Խոսք չկա։ (Դարձյալ նստում են գահերին): Սակայն շարունակենք զրույցը։ (Նյարդային): Ասի՝ վե՜րջ խաղին… Ախ, այդպե՛ս։ Ես հենց հիմա կհրամայեմ գլխատել քեզ, և խա¬ղը կավարտվի։ Չե՞ս հավատում, լա՛վ։ Հե՛յ, դահիճ։
Մտնում է դահիճը։
ԱՐՔԱ – (Դահճին): Թափթփված տեսք ունես… Գնա, ուղղիր քեզ։ (Դահիճը տարակուսած խոնարհվում, դուրս է գնում):
ԾԱՂՐԱԾՈՒ – (Ծաղրալից): Չհամարձակվեցի՞ր ինքնասպան լինել…
Արքան ջղային շարժումով փորձում է պատասխանել, բայց խուճապահար ներս ընկած սպասավորը կանխում է նրան։
ՍՊԱՍԱՎՈՐ – (Խոնարհվելով): Դրսում խռովություն է, արքա՛…
ԱՐՔԱ – (Հեգնական): Ի՞նչ ես ասո՛ւմ… Արդե՞ն… (Լրջորեն): Ովքե՞ր են, ի՞նչ են ուզում։
ՍՊԱՍԱՎՈՐ – Ժողովուրդ է հավաքվել։ Բողոքում են իշխանավորներից, հարկերից, աղքատությունից…
ԱՐՔԱ – Սարսափելի ոչինչ չկա… Իսկ ես կարծեցի, թե բանաստեղծի համար են հավաքվել։ Շտապ այստեղ կանչիր ավագ իշխանին։ (Սպասավորը դուրս է գնում):
ԾԱՂՐԱԾՈՒ – Եթե բանաստեղծի համար ըմբոստանային, սարսափելի՞ կլիներ։
ԱՐՔԱ – Եթե բանաստեղծի համար ըմբոստանային՝ ժողովուրդ էր, եթե ապրուստի համար է՝ ամբոխ է։
ԾԱՂՐԱԾՈՒ – Հանճարե՛ղ միտք, որ պետք է ծնվեր փիլիսոփայի գլխում։
ԱՐՔԱ – Թքել եմ այն փիլիսոփայի վրա, որ ավելի լավ կիմանա կառավարելու արվեստը, քան՝ տիրակալը։
ԾԱՂՐԱԾՈՒ – Խե՜ղճ փիլիսոփա… խեղդվեց տիրակալի թքի մեջ։
ԱՐՔԱ – Տիրակալները չլինեին, մարդկությունը քարանձավից դուրս չէր գա։
ԾԱՂՐԱԾՈՒ – Այո։ Սակայն մարդը վաղուց պալատներ ու թանգարաններ է կառուցում, իսկ տիրակալները ժողովրդի հետ վարվում են ինչպես քարանձավաբնակների հետ։
ԱՐՔԱ – (Վրդովված): Դա՜ է շարժիչ ուժը։ Գիտնականն ու բանաստեղծը, փիլիսոփան ու վարժապետը, գյուղացին ու արհեստավորը չե՜ն կարող երկիր կառավարել։ Տուր նրանց թագավորների կյանքը, արքայական հարստությունը, ամբոխին անհայտ վայելքներն ու ճոխությունը, և նրանք կդադարեն արարելո՛ւց, բողոքելո՛ւց… Ամբոխը պարտավոր է տքնել մի կտոր հացի համար, և դա նրա համար արդեն վայելք է։ Սա՜ է ճշմարտությունը։
ԾԱՂՐԱԾՈՒ – Իսկ ո՞ւր մնաց իդեա՛լը, գաղափարախոսությո՛ւնը…
ԱՐՔԱ – Միշտ եղել է, կա ու կլինի մեկ իդեալ՝ փո՛ղը… Եղել է, կա ու կլինի երկու գաղափարախոսություն՝ տիրակալների համար, և՝ ամբոխի։
Մտնում է սպասավորը։
ՍՊԱՍԱՎՈՐ – Խռովարարների պատվիրակներն են եկել, արքա, խնդրում են Ձեր տեսությունը։
ԱՐՔԱ – (Մտորում է): Որտե՞ղ է ավագ իշխանը։
ՍՊԱՍԱՎՈՐ – Ուր որ է՝ այստեղ կլինի։
ԱՐՔԱ – (Վճռական): Ներս թող պատվիրակներին։
Ծաղրածուն թաքնվում է գահի տակ։ Մտնում են պատվիրակները։
ԱՐՔԱ – Ովքե՞ր եք։
ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԻՐԱԿ – Գյուղապետեր ենք, տեր իմ։
ԱՐՔԱ – Ինչո՞ւ է հուզված իմ ժողովուրդը։
Գյուղապետերը չեն համարձակվում խոսել, մեկը մյուսի վրա են գցում…
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱԿ – (Համարձակվելով): Սով է, արքա։ Իշխանները մեր արտ ու արոտները խլել են, որսատեղի և զվարճությունների ասպարեզ են դարձրել… Հարկերով, տուրքերով խեղդում են մեզ…
ԵՐՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱԿ – Նրանց գանձերին թիվ-համրանք չկա…
ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԻՐԱԿ – Ներիր մեր համարձակությունը, արքա… Իշխանները, այո՜, հարուստ պիտի լինեն, դա է Աստծո կամքը, սակայն դա թալանով դիզված հարստություն է: Ժողովուրդը թալանվել է ու մնացել անգործ…
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱԿ – Մարդիկ փախչում են երկրից…
ԱՐՔԱ – (Ընդոստ ոտքի է կանգնում): Ինչպիսի՛ սրիկայություն, ինչպիսի՛ ոճիր… Սովի մատնել իմ ժողովրդի՞ն… Իմաստո՛ւն, համբերատա՛ր ժողովրդին… Ես դա թույլ չե՜մ տա… Իսկ դո՞ւք, դուք որտե՞ղ էիք: (Պատվիրակները տարակուսած միմյանց են նայում): Ինչո՞ւ ժամանակին տեղյակ չեք պահել արքային: Ես միշտ պատրաստ եմ լսել իմ ժողովրդին: Մի՞թե իմ դռները բաց չեն ձեր առջև…
ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԻՐԱԿ – Ժողովուրդը եկել, խնդրում է լսել իրեն, արքա, և տենչում է քո խոսքը լսել:
ԱՐՔԱ – Օ՛, իմաստուն է իմ ժողովուրդը… Բացե՜ք պատուհանները:
Սպասավորը կատարում է հրամանը: Բեմը լցվում է վրդովված բազմության ժխորով:
ԱՐՔԱ – (Կանգնում է գահի վրա՝ թիկունքով հանդիսատեսին, ի նշան լռության՝ բարձրացնում է ձեռքը: Ժխորը մեղմանում է): Ի՛մ սիրելի ժողովուրդ: Ձեր արքան շնորհակալ է ձեզանից, որ թույլ չտվեցիք խաբել ձեզ և իրեն: (Լռություն): Ես մեծ ցավ եմ ապրում, որ այսքան ուշ եմ իմացել ճշմարտությունը: Ճշմարտությունն ու արդարությունը վե՛ր են ամեն ինչից, անգամ՝ թագավորից: (Հավանության արձագանքներ): Ա՛րդ, մեղավորները կպատժվեն հենց այսօր: (Բացականչություններ՝ «Փա՛ռք թագավորին», «Կեցցե՛ արքան»): Այսօր իսկ ձեզ սնունդ կբաշխվի, երեխաներին՝ հագուստ: («Աստված պահի թագավորի՛ն», «Գահդ հաստատ լինի, արքա՛»): Լսեք նաև իմ հայրական խորհուրդը: (Խոր լռություն է տիրում): Ականջ մի՜ կախեք սադրիչներին: Նրանք իմ և ձեր թշնամիներն են: Մի՜ թողեք ձեր ոստանը և բազմությամբ մի՜ եկեք պալատ… Հարկ եղած դեպքում ուղարկեք ձեր պատվիրակներին, և հայր թագավորն արդարացի վճիռ կկայացնի: (Հավանության ձայներ): Ուրեմն լսեք իմ արքայական հրամանը, այսուհետ, պալատի մոտ խռնված բազմությունը կգնդակահարվի՝ որպես սադրիչների, դավաճանների կողմից կազմավորված բանակ: ժողովուրդն իմաստո՛ւն է: Նա իր ձայնը արքային կարող է հասցնել իր պատվիրակների միջոցով: Արքան պատրաստ է օրվա բոլոր ժամերին լսելու իր ժողովրդի ճշմարիտ խոսքը: (Հավանության ձայներ): Այժմ շտապեք ձեր ոստանները: Ստացեք արքայական օգնությունը: Հավատացած եղեք՝ ժողովրդին տառապանք հասցրած մեղավորներն այսօր իսկ կպատժվեն:
Վանկարկում՝ «Փառք արքային»: Ձայները մարում են:
Արքայի շրջվելուն պես պատվիրակները բերանքսիվայր փլվում են գետնին:
ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ – Փա՛ռք արքային… Շնորհակալ ենք, տե՛ր…
ԱՐՔԱ – (Բազմում է գահին: Մեղմաբարո): Վեր կացեք, զավակներս: Այժմ կհյուրասիրեն ձեզ, որից հետո կարող եք ճանապարհ ընկնել:
ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ – Շնորհակալ ենք, տեր: Հաստատ լինի գահդ, արքա… (Խոնարհվելով՝ ետընթաց դուրս են գալիս:
ԱՐՔԱ – (Սպասավորին): Ներս թող ավագ իշխանին: (Սպասավորը դուրս է գնում: Դադար): Դո՜ւրս արի:
ԾԱՂՐԱԾՈՒ – Դուրս չեմ գա:
ԱՐՔԱ – Ինչո՞ւ:
ԾԱՂՐԱԾՈՒ – Դուրս չեմ գա և վե՜րջ:
ԱՐՔԱ – Պատճա՞ռը:
ԾԱՂՐԱԾՈՒ – Առանց պատճառի… Իմ տեղն այստեղ է՝ արքայի հետույքի տակ… Արքան բազմած է գահի՛ն, իշխանները հարստահարում են ժողովրդին, ժողովուրդը փառաբանում է արքայի՛ն, իսկ իմ տեղն այստեղ է…
Գաղտնադռնից փութկոտ մտնում է ավագ իշխանը, գլուխ է խոնարհում:
ԱՐՔԱ – Իշխան, դու տեղյա՞կ ես, թե ինչ էր կատարվում դրսում:
ԱՎԱԳ ԻՇԽԱՆ – Տեղյակ եմ և խիստ վրդովված, արքա:
ԱՐՔԱ – Ո՞ւմ վրա:
ԱՎԱԳ ԻՇԽԱՆ – Գյուղապետերի, արքա: Այդ նրանք են գլխավորել ժողովրդի երթը պալատ: Ամբողջ ճանապարհին վանկարկել են բանաստեղծի գրվածքները:
ԱՐՔԱ – (Վերամբարձ, խրատական): Երբե՛ք, իշխան, երբե՛ք մի՜ ասա թագավորին այն, ինչից նա բարկանում է: Մի՜ առաջարկիր անել այն, ինչը դու պիտի անես: Միտք մի՜ հուշիր տիրակալին, այլ ասա, որ այդ հրաշալի միտքը արքայի գլխո՛ւմ է ծագել, և դու, ընդամենը, հիշեցնում ես նրան: Քե՜զ, հարկահավաք իշխանին և զորապետին քանի՞ցս եմ ասել՝ մի՜ կատաղեցրեք ամբոխ-գազանին… Երբ սովից ոռնում է, մի աման լա՛փ տվեք, երբ չարություն է անում, խփեք գլխին ու հո՛ւյս տվեք, հո՛ւյս տվեք… (Ավագ իշխանը խոնարհվում է): Գնա, իշխան, և հենց այսօր, լսո՞ւմ ես, հե՛նց այսօր պետք է վերահաստատվի անդորրը։ Մեղավորները պետք է պատժվե՜ն, նահատակները՝ փառաբանվե՜ն, հերոսները՝ պատվի արժանանան։
ԱՎԱԳ ԻՇԽԱՆ – Ես հասկացա, արքա: (Նույն դռնից դուրս է գնում):
Դռան մեջ հայտնվում է սպասավորը:
ՍՊԱՍԱՎՈՐ – (Հանդիսավոր): Թագուհին, արքա:
Մտնում է թագուհին:
ԹԱԳՈՒՀԻ – (Անհանգստացած): Ի՞նչ է պատահել, արքա, խռովությո՞ւն է:
ԱՐՔԱ – (Ընդառաջ գնալով՝ համբարում է թագուհու ձեռքը): Ի՛նչ խռովություն, թագուհիս: Պատվիրակներ էին եկել, բողոքում էին հարկահավաք իշխանից:
ԹԱԳՈՒՀԻ – Սակայն վրդովված ժողովուրդ էր հավաքվել, մեծ բազմություն…
ԱՐՔԱ – (Վերադառնում է գահին): Նրանք խնդրում էին իմ արքայական օրհնությունը…
ԹԱԳՈՒՀԻ – (Նստում է իր գահին, մտերմիկ բռնում արքայի ձեռքը): Ինչպես միշտ դու ինձնից թաքցնում ես ճշմարտությո՞ւնը:
ԱՐՔԱ – (Ձեռքը ետ քաշելով): Ճշմարտությունը հեղհեղուկ բան է, թագուհի: Մեկի համար ճիշտ է, մյուսի համար՝ ոչ:
ԹԱԳՈՒՀԻ – Բոլորի համար չկա՞ ճշմարտություն:
ԱՐՔԱ – Կա: Ծնունդն ու մահը:
ԹԱԳՈՒՀԻ – Դրանց միջև կյանքն է, արքա: (Փորձում է դարձյալ բռնել արքայի ձեռքը, բայց վերջինս խուսափում է): Մի՞թե կյանքը ճշմարիտ չէ:
ԱՐՔԱ – (Անհոգ թեթևությամբ): Ո՜չ: ճշմարտություն ասածդ մե՜կ տեսք է ունենում, մե՜կ վիճակ: Իսկ կյանքը հազարատեսք է՝ տառապանք ու վայելք, առողջ ու հիվանդ, թագավոր ու ճորտ…
ԹԱԳՈՒՀԻ – (Ոտքի կանգնելով): Թագավոր և ամուսի՛ն, թագուհի և հա՛րճ… (Քայլում է դեպի ելքը, կանգ է առնում: Չշրջվելով): Գիտե՞ս, արքա, ես ինձ թագուհի չեմ զգում… գեղջկուհի էլ չեմ կարող լինել: Ես քեզ ամուսին չեմ զգում… հարճ էլ չեմ կարող լինել: Ես քեզ չեմ զգում թագավոր… ճորտ էլ չեմ կարող լինել… Ո՞վ եմ ես, թագուհու դերակատա՞ր… (Կտրուկ շրջվում է): Լա՜վ, թեկուզ այդպես: Բայց ո՞վ է ինքը՝ թագուհու դերակատարը, նա՝ երբ, ասենք, քնած է և ոչ մի դերակատարություն չունի… Երբ քնած եմ՝ մեռած եմ, երբ արթնանում եմ… Ո՞վ եմ ես… ցավն այն է, որ ավելի ու ավելի եմ համոզվում, որ ես քո կառավարած երկրում թագուհի չեմ և ոչ նույնիսկ մա՛րդ… Ես թագավորի իշխանությունը խորհրդանշող մի ինչ-որ առարկա եմ, ինչպես… թագը… գահը… արքայական թիկնոցը… գայիսոնը… Քո վարքը տղամարդու սառնություն չէ կնոջ նկատմամբ, չէ՛… Եվ ոչ էլ՝ թագավորի անտարբերություն… Դու բոլորի հետ ես այդպես վարվում: Իշխաններիդ ավազակ դարձրիր, որ գանձարանդ լցնեն, մինչդեռ նրանց հայրերը աշխարհաշեն, հայրենանվեր մարդիկ էին: Զորապետներդ ողորմելի պատժիչներ են, մինչդեռ նրանց նախնիները պաշտպանում, զորացնում էին երկիրը: ժողովուրդը քեզ համար բանող անասուն է, դահիճներդ՝ մսագործ… Դու այնքան եսասեր ես, որ չուզեցիր նույնիսկ ժառանգ ունենալ… Միայն այն միտքը, որ այս գահին կարող է հավակնել մեկը՝ օրինական իրավունքով, սարսափեցնում է քեզ… (Ինքն իրեն): Մինչդեռ այն թագավորը, որը ժառանգ չի թողնում, իր երկրի ամենամեծ դավաճանն է:
ԱՐՔԱ – (Կեղծ հուզականությամբ): Զարմանալի՛ բաներ ես ասում, թագուհի… Ինձ թվում է՝ դու տկար ես, քեզ ապաքինվել է պետք, հանգստանալ…
ԹԱԳՈՒՀԻ – Տկա՛ր… Երբ թագուհին է տկարանում, բժշկի հոգսն է, իսկ երբ թագավորն է հիվանդ… Մտածիր այդ մասին, արքա: (Կտրուկ շրջվում, դուրս է գնում):
Ծաղրածուն դուրս է գալիս գահի տակից, ծվարում է արքայի ոտքերի մոտ:
ԱՐՔԱ – (Հոգնած): Ի՞նչ ես մտածում, միմոս:
ԾԱՂՐԱԾՈՒ – (Ասես ինքն իրեն): Ես կարծես հասկանում եմ, թե ինչու ամայացավ հայերի մայրաքաղաքը՝ Անին:
ԱՐՔԱ – (Հորանջելով): Դա բոլորը գիտեն: Թշնամին ավերեց… Ներքին գժտություններ… Տիրակալ չկար…
ԾԱՂՐԱԾՈՒ – Իսկ ինձ թվում է, հակառակը՝ տիրակալ չկար, ներքին գժտություններ, թշնամին ավերեց…
ԱՐՔԱ – Կարևորը տիրակալն է, միմոս: Առանց տիրակալի ամբոխը նախիր է:
ԾԱՂՐԱԾՈՒ – Մի՜ վիրավորիր հպատակներիդ, գոնե ժողովուրդ անվանիր նրանց:
ԱՐՔԱ – (Քմծիծաղում է): Ժողովո՞ւրդ… Ընդամենը 15 օր սոված պահիր ամենաքաղաքակիրթ ժողովրդին ու մի կտոր հաց գցիր նրան: Կտեսնե՛ս, թե ինչպես են ամբոխանում, իրար կոկորդ կրծում… Փոքր ուղեղներն այդպես էլ չհասկացան ու չեն կարող ընկալել այն, ինչը ղեկավարում է իրենց: Աշխարհում ոչինչ չի անէանում, և ոչինչ չի ավելանում նախաստեղծ վիճակից: Ամե՛ն, ամեն ինչ հաջորդում են միմյանց՝ առավոտ ու գիշեր, տարվա եղանակներ, բույս ու կենդանի… Բայց բոլորը պայքարում են իրար դեմ՝ ուժեղը հաղթում է թույլին, ապահովում հաջորդվելու ընթացքը… Այդ պայքարում ամեն մեկը ծնում է իր տեսակին, միմոս, իսկ ինքը մեռնում է: Ահա թե ինչու յուրաքանչյուրը ձգտում է իրեն բաժին ընկած ժամանակում տոկա՛լ, պահպանել իր ցեղտեսակի ուժը… Կաղնին իր արմատները խորն է թաղում՝ ճանապարհին խլելով թփուտների կենսահյութը, առյուծը գայլ է հոշոտում, գայլը՝ եղնիկ, եղնիկը՝ բույս… Ընդհակառակը չի կարող լինել՝ բոլորը կկործանվեն: Եթե բնությունը չի հասցնում ծաղկել, ուրեմն՝ ձմեռն ուժեղ է եղել, կամ ամառն է վրա հասել ու կյանքի օրեր խլել գարնանից: Պայքարի շղթայում խախտվե՞լ է կանոնը… Զոհողությո՜ւն է պետք, զո՛հ: Ու զոհ է գնում եղնիկը, որի կերը պակաս էր ու թույլ ոտքերը չփրկեցին գայլի երախից: Եվ սկսվում է եղնիկների կոտորածը… Հարյուրավոր անոթի, անուժ եղնիկներ զոհ են գնում գայլերի խրախճանքին: (Դադար): Եղնիկների կոտորածը, թույլերի զոհվելը վերականգնում են բնության հավասարակշռությունը:
ԾԱՂՐԱԾՈՒ – Ուրեմն թույլե՞րն են փրկում աշխարհը:
ԱՐՔԱ – (Քմծիծաղում է): Բայց ի՛նչ գնով: Թույլերը զոհվում են՝ ուժեղներին կերակրելով, պահպանելով, որովհետև, միմոս, ո՜րո՜վհե՜տև՛ ուժեղն է կառավարում աշխարհը… Ի՞նչ տարբերություն կա ամբոխի և նախրի միջև, գիտե՞ս… Ո՛չ մի տարբերություն: Իսկ ի՞նչ տարբերություն կա ոհմակի և նախրի միջև… Ոհմակը առաջնորդ է ունենում, միմոս, տիրակա՛լ… Դրա համար էլ նախրից ուժեղ է:
ԾԱՂՐԱԾՈՒ – (Դավադիր): Իսկ ամբոխից հնարավոր չէ՞ ժողովուրդ ստեղծել:
ԱՐՔԱ – Կե՜րա՜կը՜րելո՛վ… Հենց դա է մարդկության համար վիրավորականը:
ԾԱՂՐԱԾՈՒ – (Խորամանկ): Նաև տիրակալների՞ համար:
ԱՐՔԱ – (Հոգոցով): Նաև՝ տիրակալների: Ինքնաներշնչում է, թե մարդը բնության կատարյալ էակն է: Մարդը բնության թագավորը դարձավ միայն այն բանի շնորհիվ, որ իր մեջ ամփոփեց բոլոր գազանների, սողունների, թռչունների, մժեղների յուրահատկությունները՝ գազանությունը, արյունառշտությունը, թույլին ոչնչացնելու կիրքը: Նաև… (Քմծիծաղում է): Աշխատասիրությունը… Մարդու գիտակցությունը միայն մեկ բանով օժտեց նրան՝ իր աչքում արդարացնե՛լ իր արարմունքը: Արդարացնել՝ բանաստեղծություննե՛ր գրելով, նկարելո՛վ, թե՝ տեսե՛ք, իմացե՛ք, հանուն դրա եմ ապրո՛ւմ, սա՛ է իմ կոչումը: Մինչդեռ, աշխարհի բոլոր արյունալի պատերազմները, որոնք գովերգվել են բանաստեղծների կողմից, հավերժացել պատմիչների գրչով, փիլիսոփաների ջանքով համարվել բարոյակա՛ն, այդ վիթխարի սպանդանոցները եղել են միայն ու միայն մեկ բանի համար՝ հա՜-րը՜ս-տո՜ւ-թյա՜ն… Հարստություն դիզելու համա՛ր… Մի՞թե այդպես չէ, միմոս: Ա՜յսպի՜սո՛վ, մարդը բնության ամենակատարյալ էակը չէ: Նա միայն բնության լավագույն ստեղծագործությունն է: (Իրենից գոհ բազմում է գահին): Կյա՛նք… ստրուկի համար դա ֆիզիկական գոյություն է, ճորտի համար՝ ազատվելու հույս, ազատի համար՝ բարեկեցություն ապահովելու ուղի, իշխանավորի համար՝ վայելք, տիրակալի համար… Տիրակալի համար, միմոս, այդ ամենը միասին, և դեռ ցանկացածին կյանքից զրկելու մենիշխանությո՜ւն…
Ներս է խուժում սպասավորը:
ՍՊԱՍԱՎՈՐ – (Փռվում է գահի առջև): Գո՛ւյժ, գո՛ւյժ… դժբախտություն, արքա, դժբախտությո՛ւն…
ԱՐՔԱ – (Մռայլվելով): Ի՞նչ է պատահել:
ՍՊԱՍԱՎՈՐ – Տունդարձի ճանապարհին գյուղապետերը սրախողխող են արվել հարկահավաք իշխանի կողմից…
ԱՐՔԱ – (Անկիրք): Ինչ ես ասո՛ւմ…
ՍՊԱՍԱՎՈՐ – Իսկ հարկահավաք իշխանին սպանել է զորապետը…
ԱՐՔԱ – (Նույն անտարբերությամբ): Այ քեզ բան… Իսկ որտե՞ղ է ավագ իշխանը:
ՍՊԱՍԱՎՈՐ – Նա մեկնել է ժողովրդին մթերք բաժանելու:
ԱՐՔԱ – (Հաղթական, հրճվագին ոտքի ցատկելով): Դպի՛ր… Այստեղ կանչեք դպիրին: (Սպասավորը գնում է: Տենդագին մտածելով՝ ետառաջ է քայլում): Աշխարհը չի կործանվի, միմոս, գահերը չե՛ն թողնի… Աշխարհը գահերի վրա է հենված, ուժեղների՛ վրա…
ԾԱՂՐԱԾՈՒ – Ներիր, արքա, բայց ինձ թվում է, թե հենց գահերն էլ կկործանեն աշխարհը:
ԱՐՔԱ – Փուչ խոսքեր, փո՛ւչ և կարճամիտ խոսքեր… Դա համընդհանուր կործանում կլիներ, աշխարհի ինքնասպանություն: (Մատյանը ձեռքին ներս մտած դպիրին): Գրիր հրովարտակս: «Հարկահավաք իշխանի վայրագությունների մասին: Հարազատ ժողովրդի արդարացի վրդովմունքը արքային հայտնելուց և ճոխ հյուրասիրությունից հետո, տունդարձի ճանապարհին, գյուղապետերի վրա է հարձակվել վրիժառու հարկահավաքը և կոտորել նրանց: Արքայի հրամանով ձերբակալվելու պահին հանցագործ իշխանը դիմադրություն է ցույց տվել և սպանվել տեղում՝ զորապետի կողմից: Հրամայում եմ. առաջին՝ պաշտոնական պարտականությունները կատարելու ժամանակ խիզախություն դրսևորելու համար զորապետին նշանակել արքունի դահճապետ: Երկրորդ՝ նկատի առնելով ավագ իշխանի բարերարությունը` ընչազուրկ ժողովրդին անվարձահատույց օգնություն ցուցաբերելու գործում՝ նրան պարգևատրել արքայական առաջին աստիճանի շքանշանով: Երրորդ՝ դավաճան հարկահավաք իշխանի շարժական և անշարժ կայքը առգրավել՝ հարքունի: Չորրորդ՝ իրենց ծննդավայրերում կանգնեցնել նահատակ գյուղապետերի հուշարձանները»: Վե՜րջ: (Բազմում է գահին, իսկ ծաղրածուն անմիջապես մտնում է գահի տակ): Այս հրովարտակը կհրապարակես վաղը՝ կեսօրից հետո: (Դպիրը խոնարհումով դուրս է գնում): Դո՜ւրս արի:
ԾԱՂՐԱԾՈՒ – Դուրս չեմ գա:
ԱՐՔԱ – Ինչո՞ւ:
ԾԱՂՐԱԾՈՒ – Դուրս չեմ գա և վե՜րջ:
ԱՐՔԱ – Պատճա՞ռը:
ԾԱՂՐԱԾՈՒ – Առանց պատճառի: Իմ տեղն այստեղ է՝ արքայի հետույքի տակ… Արքան բազմած է գահին, մեղավորները պատժված են, նահատակները փառաբանվում են, հերոսները՝ պատվի արժանանում, թագուհին հիսաթափված է կյանքից, իսկ իմ տեղն այստեղ է…
ԱՐՔԱ – Հիմա՛ր խեղկատակ…
ԾԱՂՐԱԾՈՒ – (Գլուխը դուրս է հանում): Ինչո՞ւ հրովարտակը այսօր չես հրապարակում:
ԱՐՔԱ – (Անմիջապես չի պատասխանում): Ո՜չ ճշմարտությունը, միմոս, ո՜չ սուտը, անմիջապես չպետք է ասվի ամբոխին: Այսօր բոլորը ցնցված են գյուղապետերի ու հարկահավաքի սպանության լուրով: Վաղը կցնցվեն՝ իմանալով բանաստեղծի գլխատվելը: Ամբոխը չի հասցնի ուշքի գալ, կողմնորոշվել… Իրարով կխփվե՛ն, ասեկոսեներ կտարածե՛ն, կբամբասե՛ն, կհերքեն ու կհաստատե՛ն, կպաշտպանեն ու կքարկոծե՛ն, կմատնեն ու հավատարմության երդում կտան, կսպանեն, կտենչան տիրակալի վճռական խոսքին և… կհրապարակվի հրովարտակը: Մեծ մասը հույսով ու հավատով կլցվի ու բնազդաբար… բը՜-նա՜զ-դա՜-բա՛ր չի ցանկանա հիշել բանաստեղծին: Հիշել նրան, մտածել նրա մասին, նշանակում է ետ բերել այդ դեպքերի վախը… Ամբոխի բնազդը հեռու կվանի վտանգի ուրվականը, որի թիկնոցի մեջ մեռած բանաստեղծն է…
Մտնում է սպասավորը:
ՍՊԱՍԱՎՈՐ – (Խոնարհումով): Դեսպանն է ժամանել, արքա:
ԱՐՔԱ – Հըմ: Դա էլ ջոկ կրակ: Ներս հրավիրիր: (Սպասավորը շտապում է կատարել հրամանը):
Ծաղրածուն թաքցնում է գլուխը: Մտնում է դեսպանը:
ԴԵՍՊԱՆ – Ողջո՛ւյն արքային:
ԱՐՔԱ – (Ընդառաջ է գնում): Օ՛, պարոն դեսպան: Այնպես էի ուզում տեսնել ձեզ, այնպե՛ս էի ուզում խորհրդակցել ձեզ հետ… Վատ են մեր գործերը, պարոն դեսպան, շա՛տ վատ:
ԴԵՍՊԱՆ – Ձերդ գերազանցություն, ես ցավակցում եմ, որ ձեր գործերը… ցանկալի հաջողության չեն, սակայն իմ երկրի կառավարությունը խիստ անհանգստացած է… Ձեր պարտքերը մեծանում են, և դեռ էլի ու էլի եք խնդրում: Մի՞թե հնարավոր չէ որոշված ժամկետներում փակել պարտքերը:
ԱՐՔԱ – Ա՛հ, ես ամեն օր երազում հենց այդ եմ տեսնում:
ԴԵՍՊԱՆ – (Չափի մեջ՝ խիստ): Հարկավոր է քիչ քնել: Ձեր իշխանավորները իրենց հարստությունը փոխադրում են այլ տերություններ, և տարօրինակ է, շա՛տ է տարօրինակ, որ հարուստ իշխանավորներ և հարուստ տիրակալ ունեցող երկիրը չքավորության մեջ է… (Զարմացած): Այստեղ գալիս՝ աղբանոցները քրքրող բազմաթիվ մարդիկ տեսա, ողորմություն խնդրող երեխաներ, ցախ շալակած ծեր կանայք…
ԱՐՔԱ – Ախ, պարոն դեսպան, դա իմ տառապանքն է… Բայց դուք նստեք, խնդրեմ: (Դեսպանը չորս կողմն է նայում՝ աթոռ գտնելու հույսով): Ահա՜, ահա այստեղ նստեք: (Շտապով ցած է բերում թագուհու գահը): Խնդրեմ, պարոն դեսպան, համեցեք, նստեք:
ԴԵՍՊԱՆ – Բայց… Բայց սա թագուհու գահն է…
ԱՐՔԱ – Օ՜, ոչ… Սա ընդամենը ձեր աթոռն է:
ԴԵՍՊԱՆ – (Նստում է): Եվ այսպես, ի՞նչ զեկուցեմ իմ կառավարությանը:
ԱՐՔԱ – (Խոնարհ կանգնած): Ճանապարհի ձեր տեսածը պատմեք, պարոն դեսպան, և մեկ էլ… (Իբր ամաչում է շարունակել):
ԴԵՍՊԱՆ – Ասե՜ք, ասե՜ք:
ԱՐՔԱ – Մեր ժողովուրդների դարավոր դրացիությունը, կարծեմ, թույլ է տալիս ինձ անկեղծ լինել… Հնարավոր չէ՞, արդյոք… ըմմ… Հնարավոր չէ՞, արդյոք, որ մենք պատերազմ հայտարարենք ձեր երկրին:
ԴԵՍՊԱՆ – (Ապշած): Պատերա՞զմ… Դո՞ւք… դա… դա իրատես չէ… Ձեր բանակը կկոտորվի, դուք տանուլ կտաք…
ԱՐՔԱ – (Կեղծավոր): Հենց դա եմ ասում: Մենք ձեր իսկ նախանշած օրը վայր կդնենք զենքը, կընդունենք մեր պարտությունը… Որպես հաղթող կողմ՝ դուք ձեր պայմանները կառաջադրեք… (Ծամծմելով): Դե թեկուզ, ասենք… երկրի անվտանգությունը հուսալի դարձնելու նպատակով… Դուք ընդլայնում եք ձեր երկրի սահմանները… ըմմ… որոշ տարածքներ միացնում եք ձեր երկրին…
ԴԵՍՊԱՆ – (Տարակուսած): Սակայն… դրանից դուք ի՞նչ եք շահում…
ԱՐՔԱ – (Խորամանկ աշխուժությամբ): Օ՛, շատ բան: Նախ՝ ժողովրդի ուշադրությունը կշեղվի իր թշվառ վիճակից… նրա մտահոգության առաջին առարկան կդառնա պատերազմը… Երկրորդ, պատերազմը ինքնըստինքյան անվավեր կդարձնի խաղաղ պայմաններում կնքված մեր պայմանագիրը՝ պարտք ու պահանջների մասին: Երրորդ՝ առաջիկա տարիներին ժողովրդի ծանր վիճակն իր բացատրությունը կունենա: Պատերազմում տանուլ տալուց հետո այդ ո՞ր երկիրն է բարգավաճ ապրում…
ԴԵՍՊԱՆ – Ձերդ գերազանցություն… Ես… ես լիազորված չեմ այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերել: Ես պետք է խորհրդակցեմ իմ իշխանության հետ:
ԱՐՔԱ – (Պտտվելով դեսպանի շուրջբոլորը): Խորհրդակցե՛ք, խորհրդակցեք, պարոն դեսպան, ես երախտապարտ կլինեմ… Ի դեպ, համաձայնություն ստանալու դեպքում… (Դարձյալ ծամծմելով): Վատ չէր լինի, մեզ փող պարտք տայիք՝ զենք գնելու համար… Անձնական միջոցներով զինել բանակը, երբ հանուն հայրենիքի ենք պատերազմում… Իսկ հայրենիքի վիճակը… (Հուզվում է): Ախ, իմ սուրբ հայրենիք…
ԴԵՍՊԱՆ – (Ոտքի է կանգնում): Հանգստացեք, ձերդ գերազանցություն, հանգստացեք… Ես կզեկուցեմ իմ իշխանությանը իրավիճակի մասին:
ԱՐՔԱ – (Թախծոտ շնորհապաշտությամբ): Օ՛, պարոն դեսպան, դուք մեծ դիվանագետ եք, մե՛ծ հայրենասեր… (Գործնական): Ի դեպ, այս աթոռը, որի վրա նստած էիք, դարերի պատմություն ունի… Հետաքրքի՛ր պատմություն… Սա ծառայել է իմ նախատատ թագուհիներին, և նրանցից ամեն մեկն իր զարդերի ամենաթանկագին քարն ամփոփել է գահի թիկնոցի մեջ: Ի՛նչ լավ է, որ այս մասունքը այսուհետ հուսալի ձեռքերում է լինելու, ես անչափ ուրախ եմ ձեզ համար…
ԴԵՍՊԱՆ – (փոքր-ինչ շփոթված): Իսկապե՞ս… չէի պատկերացնում…
ԱՐՔԱ – Դե, դա մեծ բան չէ այնպիսի հավատարիմ բարեկամի համար, ինչպիսին դուք եք… Հաջողություն, պարոն դեսպան… Ես անհամբեր կսպասեմ ձեր լուրին:
ԴԵՍՊԱՆ – Մնաք բարյավ: (Խոնարհվելով՝ շալակում է գահն ու դուրս է գնում):
Ներս մտնող թագուհին բախվում է դեսպանին:
Վերջինս շփոթված խոնարհվում է թագուհուն և հեռանում:
ԹԱԳՈՒՀԻ – Դու արդեն գա՞հդ ես ծախում, արքա:
ԱՐՔԱ – (Հիմարավուն ժպիտով): Ի՞նչ ծախել, ինչե՞ր ես խոսում, թագուհիս… Այդ դաժան մարդը քո գահը պարտքի դիմաց տարավ:
ԹԱԳՈՒՀԻ – (Արհամարհական): Պարտքի՞ դիմաց… Երկի՞րը երբ ես ծախելու: (Արքան նստում է գահին: Թագուհին նյարդայնացած ետուառաջ է քայլում): Ես իմացա, որ մահվան ես դատապարտել բանաստեղծին: Քեզ հետ եմ, մահվա՞ն ես դատապարտել բանաստեղծին: (Արքան շրջվում է թագուհուց, վերջինս կանգնում է դիմահայաց): Ե՜տ վերցրու հրամանդ, մի՜ սպանիր բանաստեղծին: (Արքան դարձյալ շրջվում է): Մի՜ սպանիր բանաստեղծին… Դու ինձ չե՞ս լսում…
ԾԱՂՐԱԾՈՒ – (Գահի տակից): Լսո՛ւմ եմ, լսում…
ԹԱԳՈՒՀԻ – (Հաշվի չառնելով, որ միմոսը պատասխանեց): Մի՞թե նա այդքան վիրավորել է քեզ, որ չես կարողանում ներել այդ խեղճին… Մեծահոգի եղիր, ա՜յլ պատիժ տուր, կտտանքի ենթարկիր, շղթայիր զնդանում… Մի՜ սպանիր:
Արքան լուռ է: Թագուհին պատասխանի է սպասում:
ԾԱՂՐԱԾՈՒ – Միայն անձնական վիրավորանքը չէ, որ խոսել է իմ մեջ: Իր բարբաջանքներով նա խարխլում է իշխանությանս հիմքերը:
ԹԱԳՈՒՀԻ – (Նկատելու չտալով կամ հաշտվելով, որ իր հետ ծաղրածուն է խոսում): Մի խղճուկ բանաստեղծ չի կարող վտանգավոր լինել իշխանությանդ համար, արքա՜:
ԾԱՂՐԱԾՈՒ – Նա բանաստեղծ էր այնքան ժամանակ, քանի դեռ գովերգում էր ինձ կամ սիրային երգեր էր հորինում: Այժմ նա ըմբոստության է մղում մարդկանց և վերածվել է քաղաքական գործչի: Նա պետք է մեռնի:
ԹԱԳՈՒՀԻ – Օ՛, ո՜չ: Նա բանաստեղծ է: Նա Արարչի կամքն է կատարում:
ԾԱՂՐԱԾՈՒ – Հիմարությո՛ւն… Հազարավորների մեջ Արարիչն ինձ ընտրեց տիրակալ… Եվ եթե նա փոխել է իր միտքը, ապա ինձ արժանի ախոյան կուղարկեր, որը կպայքարեր գահի համար: Այդ խղճուկը, սակայն, գահի համար չի պայքարում, այլ՝ գահի դեմ…
ԹԱԳՈՒՀԻ – (Թախծոտ մտախոհությամբ): Նա բանաստե՛ղծ է… Ահավոր է, արքա, երբ տիրակալները մեծ սխալներ են գործում՝ նախապես իրենց համոզելով, թե դա պետության և ժողովրդի համար է:
ԾԱՂՐԱԾՈՒ – Դու կրկնում ես այդ ողորմելու խոսքե՞րը, դու հավասարվո՞ւմ ես նրան…
ԹԱԳՈՒՀԻ – Հավասարվո՞ւմ… (Երազկոտ): Ես ամեն ինչ կտայի հավասարը լինելու մի մարդու հետ, որը երկնատու շնորհք ունի… Ի՞նչ սխալ բան է ասում նա… Եվ մի՞թե ճիշտ չէ, որ դու բռնակալ ես, անկարող բռնակալ, ով երկիրը թալանողներին չկարողանալով զսպել, նախազգալով կործանումը՝ ինքն էլ իր մեծ բաժինն է փախցնում, քանի դեռ գահը չի կործանվել…
ԾԱՂՐԱԾՈՒ – Լռի՜ր, կի՜ն… Դու, ի՜նչ է, սիրահարվա՞ծ ես այդ մարդուն… Առավել ևս, նա պետք է մեռնի:
ԹԱԳՈՒՀԻ – (Տխուր հիասթափությամբ): Սխալվում ես, արքա: Միջակության համար շատ հետաքրքիր ներկայացում կլիներ, եթե ես սիրահարված լինեի բանաստեղծին… ծանո՛թ պատմություն… Ո՜չ, ես գնահատում եմ նրան: Միա՜յն: (Մոտենում, սևեռուն նայում է թագավորի դեմքին): Եվ մի՞թե դու դա չես հասկանում, թագավոր-ամուսին, դո՜ւ, ում ես ամենից լավ եմ ճանաչում, գիտեմ, թե ի՞նչ մարմին կա արքայական թիկնոցի տակ, և ի՞նչ սիրտ է թփրտում նրա կրծքում: Մի՞թե դու չես հասկանում, որ ես ավելի շուտ կարող էի խանդել բանաստեղծին, քան սիրել… Չէ՞ որ բացի ինձնից մեկն էլ հայտնվեց այս աշխարհում, որ ճանաչեց քեզ այնպես, ինչպիսին կաս: (Դադար): Բայց ես չեմ խանդում նրան, որովհետև նա կին չէ, և սիրուց չէ, որ այդքան խոսում է քո մասին, այլ՝ ատելությունի՛ց: (Ինքն իրեն): Նա երբեք չի զգացել արագացող շնչառությունդ, երբ ննջարանիդ վարագույրները տարուբերվել են, և նույն պահին գլխատվել են պահապաններդ, որ… չե՛ն նկատել ներս մտնող կատվին… Նա չի զգացել վավաշոտ համբույրներդ՝ ոտքերից մինչև ազդր ու պարանոց, չի զգացել արուի կրքի մեջ տիրակալիդ փոքրոգի վախը, որ հանկարծ ինքնամոռաց չտրվես սիրուն… (Քմծիծաղով): Թե կարող է դավ նյութեն, ու չնկատես դաշույնի հարվածը… Բանաստեղծն այդ մասին չգիտեր, բայց գուշակել, հասկացել է քո ողորմելի լինելը, փոքրոգությունդ՝ թշնամիների մոտ, անզորությունդ՝ իշխանների դեմ, դաժանությունդ՝ ժողովրդի հանդեպ… Բանաստեղծը իր երկնատու շնորհքով հասկացավ, իմացավ այն, ինչը միայն ես գիտեի: (Դադար): Դա միակ բանն էր, որ կապում էր ինձ քեզ հետ՝ արհամարհանքս ու հպարտությունս քո նկատմամբ… (Դառը քմծիծաղով): Պարզվեց, սակայն, որ ես մենակ չեմ… Ես հպարտանում եմ բանաստեղծով:
ԾԱՂՐԱԾՈՒ – Դու ամե՞ն ինչ ասացիր:
ԹԱԳՈՒՀԻ – Ամեն ինչ:
ԾԱՂՐԱԾՈՒ – Երբ մարդն ասում է ամեն ինչ, նա մեռնում է:
ԹԱԳՈՒՀԻ – Երբ մարդն ամեն ինչ է ասում, արհամարհում է մահը:
ԾԱՂՐԱԾՈՒ – (Տառապալից): Ես հասկացա՛… Վերջապես ճանաչեցի քեզ ու հասկացա…
ԹԱԳՈՒՀԻ – (Հեգնանքով): Արդյո՞ք հասկացար:
ԾԱՂՐԱԾՈՒ – Միա՛յն կինը, միա՛յն կինն է ընդունակ ունենալ թագավոր ամուսին և նվիրվել ողորմելի բանաստեղծի… մարմնով նվիրվելը ոչինչ է այն ահռելիության համեմատ, երբ նվիրվում են հոգով, գիտակցությամբ… Ես հասկացա՛… Հասկացա, որ դու մի սովորական կին ես՝ թագուհու հանդերձանքով…
ԹԱԳՈՒՀԻ – (Ընդոստ): Իսկ դու արքայի հանդերձանքով՝ ծաղրածու: (Կտրուկ շրջվում, արագաքայլ դուրս է գնում):
Դադար, որն ընդհատվում է արքայի հիստերիկ շարժումներով և ծիծաղով:
ԱՐՔԱ – (Միանգամից լրջանալով): Դուրս եկ: (Ծաղրածուն դուրս է գալիս: Նրա դեմքը ողողված է արցունքով): Դու արտասվո՞ւմ ես:
ԾԱՂՐԱԾՈՒ – Ես ստիպեցի ինձ արտասվել: Այդպես ավելի հետաքրքիր է` արքան ծիծաղում է, ծաղրածուն՝ արտասվում:
ԱՐՔԱ – Եվ… ինչի՞ վրա:
ԾԱՂՐԱԾՈՒ – Թագուհու դիակի և դիակ թագավորի վրա:
ԱՐՔԱ – Դու համոզվա՞ծ ես, որ թագուհին կմեռնի:
ԾԱՂՐԱԾՈՒ – Հաստատ: (Նայում է ձեռքի ժամացույցին): Նա արդեն մեռնում է:
Ներս է խուժում սպասավորը:
ՍՊԱՍԱՎՈՐ – Արքա, թագուհին մեռնում է… Նա թույն խմեց…
ԱՐՔԱ – (Անկիրք): Արդե՞ն:
Սպասավորը չորեքթաթ ետ է գնում, ապա, ոտքի կանգնելով, փախչում է:
ԱՐՔԱ – (Հեգնական): Հըմ: Փախչում են:
ԾԱՂՐԱԾՈՒ – Փախչում են:
ԱՐՔԱ – (Առօրեական): Երբվանի՞ց:
ԾԱՂՐԱԾՈՒ – Քո տիրակալության օրից:
ԱՐՔԱ – Նախկինում ինչպե՞ս էր:
ԾԱՂՐԱԾՈՒ – Հավատ կար:
ԱՐՔԱ – Ապագայում ինչպե՞ս կլինի:
ԾԱՂՐԱԾՈՒ – Չգիտեմ: Ապագային հասնելու համար շատ ժամանակ ունենք…
ԱՐՔԱ – Կանգնեցրու ժամանակը:
ԾԱՂՐԱԾՈՒ – Ի՞նչ…
ԱՐՔԱ – Ասում եմ… Ասում եմ՝ կանգնեցրու… ժամանակը:
ԾԱՂՐԱԾՈՒ – Հը՞… հա… Իհարկե: (Ձեռքի ժամացույցի սլաքն է ուղղում): Կանգնեց: (Ուղղվում է դեպի ելքը):
ԱՐՔԱ – Կանգնի՜ր:
ԾԱՂՐԱԾՈՒ –(Անշարժանում է տեղում): Ուզում ես… դահճի՞ն կանչել:
ԱՐՔԱ – Չգիտեմ… Գուցե ես ինքս սպանեմ քեզ… Ինչի՞ց գուշակեցիր:
ԾԱՂՐԱԾՈՒ – (Շրջվելով): Ես… ակամա, շատ բան իմացա:
ԱՐՔԱ – Դու առաջուց էլ շատ բան գիտեիր: (Մոտենում է նրան): Ասա՜, դու շատ բան գիտեիր, այնպես չէ՞:
ԾԱՂՐԱԾՈՒ – Այո: Ես շատ բան գիտեի, թագուհին չհասցրեց հպարտանալ ինձնով:
Մոտենալով ծաղրածուին՝ թագավորը մերկացնում է դաշույնը:
Հարվածի պահին ծաղրածուն շեշտակի շրջվում է՝ դաշույնը ձեռքին:
Երկուսն էլ մի կողմ են շպրտում թիկնոցները:
Կենաց-մահու գոտեմարտ: Ծաղրածուն խոցում է ախոյանի սիրտը:
ԱՐՔԱ – (Երերում է): Ծաղրածուն սպանեց իր թագավորին…
ԾԱՂՐԱԾՈՒ – (Մոլեգին հրճվանքով): Ո՛չ… Թագավորը սպանեց իր ծաղրածուին:
ԱՐՔԱ – Ահա թե ինչու… բռնապետների գահը թափուր չի մնում: (Անշնչացած տապալվում է):
ԾԱՂՐԱԾՈՒ – (Ջղաձիգ ընկնավորությամբ): Արքան չկա՛… Արքան չկա՛… Այստեղ լիներ գեթ մի միջակություն-գրչակ, նա տաղանդավորների շարքում կդասվեր՝ արտագրելով սոսկ իմ և սրա խոսքերը: Այս ապուշը ծայրահեղականներ ստեղծեց և կործանեց ամե՛ն-ամեն ինչ, կործանեց ինքն իրեն: Այնինչ՝ միջակություն էր պետք… Միջակությո՛ւն… շատ են պետք դրանցից, շա՛տ… Դրվատո՛ղ, գովերգո՛ղ, փառաբանո՛ղ միջակությունը… Աշխատո՛ղ, մեջք ծռող միջակությո՛ւնը… Հարմարվո՛ղ, հնազա՛նդ միջաությունը… Քավության նոխազ, երդվյալ հիմարների միջակությունը: Շատ են պետք: (Գյուտ արածի պես): Ես կբազմացնեմ նրանց: (Նայում է ձեռքին): Արյուն… Թագավորի արյուն: Ամենևին էլ կապույտ չէ… Սովորական կարմիր արյուն է՝ նման այն միլիոնավորների արյանը, որ ռազմի դաշտերում ու կառափնարաններում հեղել են թագավորները… Այս արյան մեջ ազնվականության գե՞ն կա… Հիմարությո՛ւն… Սրա մեջ հափռելու, իշխելու գեն է միայն… (Քմծիծաղով): Սովորական մարդու արյուն… (Հիստերիկ ծիծաղ): Սո՛-վո՛-րա՛-կա՛ն մարդո՛ւ արյո՛ւն… Ահա, համոզվե՜ք: (Դաշույնով հարվածում է դաստակին): Ահա և իմ արյունը… (Պարզում է արյունոտ աջը): Սա արքայական է: (Պարզում է արյունոտ ձախը): Իսկ սա ծաղրածուինն է: Ա՛-ա՛-հ… (Ձեռքերն իրար զարկելով՝ մոլագար շփում է): Ո՞վ կարող է հիմա ասել, թե ո՞րն է արքաինը և որը՝ ծաղրածուինը… Հը՞, ո՞վ կարող է համարձակվել… (Մոտենում է գահին): Կարևորը սա՛ է, սա՛… (Պտտվում է գահի շուրջբոլորը): Գա՛հը… Ո՛չ ոք, ո՛չ ոք չի նայում թագավորի դեմքին, ոչ ոք չգիտե՝ խելացի՞ է արքան, թե՞ հիմար… Քծնողները ոտքերին են նայում, փառամոլները՝ թագին… Իսկ թե ո՞վ է այդ թագի տակ, ո՞վ է նստած գահին՝ միևնույնն է… Գա՛հը… Այս հետույք պահող աթոռի համար քա¬նի՛ գլուխ է թռել… (Տենդագին մնջախաղ է սկսում, որը կարելի է բնութագրել «Գահը և հետույքը»: Ավարտելով մնջախաղը, ցուցադրաբար, հետույքը ցցած՝ տեղավորվում է գահին: Իշխանական մի քանի դիրք է ընդունում և հանկարծ նկատում է թագավորի դին): Սա ո՞վ է… (Որսին հուշիկ մոտեցող գիշատչի պես առաջանում, իր թիկնոցը գցում է արքայի վրա, արքայինը՝ իր վրա, հայացքով փնտրում, գտնում է մի կողմ գլորված թագը, վերցնում, ինքնաբավ դնում է գլխին: Վերից վար նայում է դիակին): Ա՛, ճանաչեցի… ճանաչեցի: Նա ծաղրածու էր: Արքան սպանեց իր ծաղրածուին: (Կտրուկ շրջվում է): Հե՛յ, ո՞վ կա այդտեղ, եկեք, շո՜ւտ, այստե՜ղ եկեք… (Սպասավորը, և երկու պահապանները տեսնելով դիակը՝ մի պահ կարկամում, ապա գլուխ են խոնարհում կարծեցյալ արքային): Այս սրիկան, այս ողորմելի ծաղրածուն համարձակվեց ձեռք բարձրացնել իր տիրոջ վրա… Տարեք սրա լեշը և գցեք սոված վագրերի հորը… (Պահապանները քարշ տալով դուրս են տանում դին: Սպասավորին): Դավադրու¬թյան մասին հայտնեք բոլորին և այստեղ կանչեք իշխաններին:
Սպասավորը գլխահակ գնում է: Ծաղրածուն վազքով մոտենում է գահին, ստուգում է՝ արդյո՜՞ք թաքնված մեկը չկա: Չորս կողմն է զննում:
ԾԱՂՐԱԾՈՒ – (Ճիշտ թագավորի պես, բայց նշմարելի տագնապով): Դուրս արի… Քեզ ասի՝ դուրս արի… Չկա՞ս… Չկա՛ս… Չե՛ս էլ լինի:
Ներս եկած իշխանները ծնկի են գալիս:
ԻՇԽԱՆՆԵՐ – Ինչպիսի՛ հանդգնություն, արքա: Ձեր վերքը վտանգավոր չէ՞: Փա՛ռք երկնավորին, արքան ողջ է:
ԾԱՂՐԱԾՈՒ – Դժբախտությունը ետևում մնաց, իշխաններ: Դավը ճնշվեց, դավաճանը սպանվեց: Ահա թե ինչի է հասցնում ամբաստանողներին, խռովարարներին հանդուրժելը… (Հուզվում է): Իմ խե՛ղճ թագուհի… (Ձայնը դողում, կերկերում է): Ինչպե՛ս, ինչպե՛ս պատահեց, որ քո սիրտը գերեց այդ ողորմելի գրչակը… (Սթափվելով): Ա՛րդ, օրենք չէ, երբ թագավորը ետ է վերցնում իր հրամանը, սակայն, Աստծո ողորմածությամբ, ես ստիպված եմ դա անել… Այս պահին իսկ, առանց մի վայրկյան հապաղելու, հե՜նց հիմա, բանաստեղծի՛ն… (Վերից՝ ստուգող նայում է խոնարհված իշխաններին, զննում է շուր¬ջը): Գլխատե՛լ:
ԴԱՀԻՃ – Հրամանդ ի կատար, արքա: (Դուրս է գնում):
Ծաղրածուն ինքնաբավ, նվագախումբ ղեկավարող դիրիժորի արտիստիկ շարժումով, պարզում է ձեռքն ու դանդաղ վեր է բարձացնում:
Բոլորը, հմայված, նայում են ձեռքին, ավելի-ավելի ձգվում, կանգնում են ոտքերի թաթերին… Ձեռքը շարժվում է ձախ` բոլորը թեքվում են ձեռքի ուղղությամբ: Ձեռքը շարժվում է աջ` բոլորը թեքվում են աջ կողմ:
Ձեռքը, դանդաղ, մատնացույց է անում թագը: Բոլորը երկրպագելու պես նայում են թագին: Ձեռքն իջնում է՝ բոլորը խոնարհվում են: Դարձյալ՝ վեր, դարձյալ՝ վար, այնքան, որ կրկին ծնկի են իջնում:
ԾԱՂՐԱԾՈՒ – (Դանդաղ իջնում է գահաստիճանից, քայլում բեմառաջ: Հանդիսատեսին): Դուք ի՞նչ եք աչքներդ պլշել վրաս: Ի՞նչ եք ուզում… Արդարությո՞ւն, ազնիվ վաստա՞կ, ազատությո՞ւն… Սի՛ն գաղափարներ՝ հնարված միայն ձեզ համար… (Անզուսպ, սրտառուչ ծիծաղում է): Հա՜, հա՜, հա՜, հա՜, հա՜, լա՛վ է, որ այդպես լուռ եք, լա՛վ է… Իմ ուզածն ի՞նչ է… (Մատնացույց անելով իշխաններին): Իշխանավորները խոնարհվում են: Դա է նրանց փրկությունը: (Գալիս է բեմեզր): Դա է նրանց պահում, պահպանում տիրակալի և ժողովրդի միջև: Նրանք խոնարհվում են, իսկ դո՞ւք… (Գաղտնիք հայտնելու պես): Իսկ դուք լռո՛ւմ եք… (Հիստերիկ): Բայց դա քի՜չ է, քի՜չ է, քի՜չ է… (Ուշադիր, մեկ առ մեկ նայելով հանդիսատեսին): Ինձ ծափե՛ր են պետք, ծափե՜ր, ծափե՜ր… Չե՞ք ծափահարում, կարծում եք, թե վերջին խոսքը ձե՞րն է… Մոլորությո՛ւն… Դուք լուռ եկաք, լուռ էլ գնալու եք: Ձեզ տրված է միայն մե՜կ ազատություն, մե՜կ իրավունք՝ ծափ տալու ազատությունը: (Պաթետիկ): Եվ ես կստիպեմ ձեզ դա անել:
Դադար: Դերակատարը դուրս գալով կերպարից՝ վաստակած, հոգնած գլուխ է տալիս: Վարագույրն սկսում է փակվել:
Թվում է՝ ներկայացումն ավարտված է: Հանդիսատեսի առաջին ծափերի հետ վարագույրը մնում է կիսաբաց՝ դերակատարը մտնում դերի մեջ:
ԾԱՂՐԱԾՈՒ – (Չարախինդ հրճվանքով): Ահա՜, սա՜ է իրականությունը… իսկ ապագան շա՜տ հեռու է… (Մոլագար): Դե, ծափահարե՜ք, ծափահարե՜ք, ծափահարե՜ք… (Կտրուկ շրջվում, փութով վերադառնում, բազմում է գահին): Ծափահարե՜ք…
Վ Ա Ր Ա Գ ՈՒ Յ Ր