ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԵՆՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ (ՍԵՎ) ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԵՆՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ (ՍԵՎ) ՀԵՏ

Ի՞նչ է նշանակում ես գոյություն ունեմ

Սէւ
Իմ ապրելու ձեւն իմ գործերն են: Ստեղծագործող մարդը թերի մարդն է, ով ուզում է ամբողջականանալ:

Կիսատ պռատությունը մարդուն ավելի ստեղծագործ է դարձնում: Աշխարհը մեր մարմինն է, եւ փոխադարձ կապի ու կատարելագործման ցանկությունից էլ ստեղծվում է արվեստի պահանջը:

Վառել եմ գրածներս, երեսուն տարեկանում` ծննդյանս օրը:
Ինը տարեկանում որոշել էի դառնալ ֆանտաստ գրող: Մեծ գրքեր էի կարդում ու առաջին կարդացածս գիտական ֆանտաստիկա էր, եւ որոշել էի դառնալ հայտնի ֆանտաստ գրող: Գրելով ապրում էի գոյությունս պահպանելու համար տարբեր պատահական աշխատանք էի անում: Գրում էի փոքր բաներ, ու շարունակում կարդալ… ամեն ինչ, մի շրջան հնարավորինս խորացված, համեմատական լեզվաբանության վրա էի գլուխ կոտրում… եւ հասկացա ինչ է գրականությունը: Եզրակացությունս այն էր, որ լեզուն ինձ ավելի շատ խանգարում է, քան օգնում գրելուն:

Մարդը վստահում է ոչ թե իր զգացողություններին ու մտքին, այլ կարծրատիպերին:
Որպեսզի գույնը իսկապես ընկալվի, պետք է հասկանալ գույնի ու լույսի բացակայությունը: Մենք մեծամասամբ համեմատելով ենք այս աշխարհը ընկալում, բայց համեմատելով ընկալվածը աշխարհի շատ փոքր մասն է: Մենք հիմնականում ընկալում ենք անմիջապես եւ ընկալում ենք այնպիսին ինչպես մենք կանք: Հետեւաբար աշխարհի ճանաչումը անխուսափելիորեն կապակցվում էինք նրա ճանաչողության հետ… վատ գիտես ինքդ քեզ, հետեւաբար վատ գիտես քեզ շրջապատող աշխարհը։

Վստահի՛ր ինտուիցիային:
Մենք անընդհատ ենթադրություններ ենք անում, կամ մեր կարծիքով մտածում ենք եւ ըստ դրանց որոշումներ ընդունում, բայց չենք ուկնդրում մեր մարմնին, նրանից եկող անընդմեջ ազդանշաներին: Մեր ինտուիցիան կարող է ավելի շատ բան հուշել, քան մեր ենթադրություն/կարծիքները:
Հիվանդանում ենք` մարմնի ու մտքի ֆունկացիաների անհավասարաչափ բաշխման հետեւանքով: Եթե մենք լսենք մեր «ներսի» ազդանշանները, ապա մարմնի վիճակը ավելի կարգավորված կլինի, իսկ միտքը ավելի խաղաղ:
Մարմին ասելով միայն մեր անձնական մարմինը նկատի չունեմ… բնությունը մեր մարմնի շարունակությունն է։

Ես իրապաշտ եմ:
Ես վերացապաշտական արվեստի հետեւորդ չեմ: Ինձ հետաքրքրում է շատ կոնկրետ բան` նյութը: Բայց նյութը ոչ միայն որպես նյութականություն, այլ նաեւ որպես որոշակիություն, կոնկրետություն, անհատական փորձով ստուգել/հաստատելու հնարավորությամբ… այս իմաստով ես անհավատ եմ, գերադասում եմ գիտելիքը, հավաստին, հաստատվողը… հարգում եմ, հիմնականում, բոլոր հեղինակություններին, բայց հարյուր տոկոսով ոչ ոքի չեմ վստահում…
Իմ գործերում ծանոթ, ճանաչելի պատկերի բացակայությունը հաճախ շփոթում են վերացապաշտության հետ։

Իմ արվեստում` ինչպեսին երեխաների մոտ է, նմանակելու խնդիր չկա՛:
Մարդու ստեղծագործական գործունեությունը վելուծող/մեկնաբանողների մեծ ամասնությունը հիմնականում ելնում են մեր այն տեսակետից իբր մեր գիտակցությունը, հայելու պես անդրադարձնելու ունակություն է, գործիք. Սա շատ պարզունակ մոտեցում է, այնքան պարզունակ, որ ավելի շատ կեղծ եզրահանգումներ է բերում, քան դույզն ինչ մոտենում է այդ երեւույթի մեկնաբանմանը…
Երեխան խաղալիս ոչ թե նմանակում է, այլ փորձում է հասկանալ իրեն շրջապատող իրականությունը, ներդաշնակ հարաբերվել կարողանալու համար… ուսում/ճանաչողությունը հիմնականում լրացրած անհատը, աշխարհը ո՛չ թե բացատրում, մեկնաբանում, փոխում է, այլ ԳԻՏԱԿՑՈՒՄ եւ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ… որն էլ մեր կյանքն է…

Սէւ անվանս հեղինակն է իմ լավ բարեկամը եւ ուսուցիչը` Քիքին (ԳրիգորՄիքայելյան):
Սակայն սեւն ինձ համար գույն չէ: Սեւն անհայտն է: Հիմա գիտությունն էլ է պարզել, որ տիեզերքի իննսունհինգ տոկոսը սեւ էներգիաէ եւ սեւ նյութ: Թեկուզ այսօրվա գիտությունը հիմնված է լույսի ու լուսապաշտության վրա` զրադաշտությունը դրա առաջին ձեւակերպումներից մեկն է` լույսի եւ խավարի:
Հարցը այն է, որ երեւացող, անմիջապես ընկալվող լույսը ամենակարեւոր չէ եւ լույսի հակառակն էլ մութը չէ:
Իմ ակնարկած սեւը ոչինչն է: Բուդիզի բերած շունիաթաի (Śūnyatā)` զրոյի գաղափարը: Շունիաթ անդատարկության սկզբունքն է: Այսինքն` դատարկության ամեն ինչն է եւ դրանում հայտվող ամեն ինչ պատրանք է: Գույնը լույսի ինտերֆերենցիայի` ներխուժման ու փոխհարաբերման հետեւանքում առաջացած արդյունքն է: Եւ այն բոլոր մակերեւույթները, որոնք կլանում են լույսը, սեւ են:
Սակայն միակ իրական լույսը ՍԵՒ ԼՈՒՅՍՆ է…

Աշխարհը միշտ ստեղծվում է:
Կա հիմնական երկու պատկերացում.
Աշխարհը ստեղծվել է՛։
Աշխարը ստեղծվում է՛։
Առաջին մոտեցումը շատ է պարզունակացնում աշխարհի ինչ լինելը, քանզի այն մարդակենտրոն (anthropocentric) է…
Քանզի եթե աշխարհն ամեն պահ է ստեղծվում, հետեւաբար մենք այդ ստեղծման անմիջական մասնակիցն ենք. Կարեւոր էլ չէ մենք ակտիվ ենք այդ պահին, թե՞պասիվ… միեւնույն է պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է, նոր ապա բոլորինս:
Իսկ մարդիկ, հիմնականում, խուսափում են ազատությունից, քանի որ պատասխանատվության խնդիր կա` իր եւ աշխարհի համար:
Ազատությունը ամենապատասխանատու բանն է:

«Ի՞նչ է մնում անել բանտարկյալին եթե ոչ ազատ լինել։»
Ժան Պոլ Սարտր:
Ոչինչը ազատությունն է: Եւ ոչնչից, ազատությունից է ստեղծվում ամեն ինչ: Եւ ոչինչը դատարկը, փուչը կամ սնամեջը չէ՛, քանի որ այն դուրս է ժամանակից ու տարածությունից… դատարկը պարզապես վիճակ է անցողիկ վիճակ: Տարածաժամանակային դատարկությունը անմիջապես լցվում է…

Մենք բառեր ենք օգտագործում, սակայն գտագործելուց պետք է վստահ լինենք, որ այդ բառերի համադրությունը գոնե մոտենում է իրականությանը: Եթե ամեն ինչ չի, որ ասվում է, գոնե պիտի վստահ լինենք, որ ասվում է հիմնականը, եթե ասածը ամբողջապես չի բացատրում, գոնե ճանաչել է տալիս:

Մենակ մարդը միշտ մտածում է, որ ինքը սխալ կետում է հայտնվել: Սակայն միջավայրը ինձ օգնեց հասկանալ, թե ո՞վ եմ ես:
Քսանչորս տարեկան էի,երբ հանդիպեցի մի խումբ մարդկանց, ովքեր ապրում էին շատ յուրօրինակ կյանքով, ակտիվ շփվում էին միջավայրի հետ, բայց մեծ կարեւորություն չտալով այդ միջավայրը կառավարել փորձող համակարգին: Քանզի համակարգը չէ՛, որ որոշում է մեր ինչ եւ ով լինելը, ցանկացած համակարգ ընդամենը միջավայրի մտային կառույց է… ամենաակնհայտ համակարգը մշակույթն է` գիտություն, տնտեսություն, քաղաքականություն, ավանդություններ:

…Արվեստը գերխնդիր չունի, այն ինքնաբուխ ու ազատ դրսեւորում է, որ հարաբերվելով միջավայրի` հասարակության հետ, օգնում է մարդկանց շփվել, համագործակցել եւ արարել: Արվեստագետի ապրելու ձեւերից մեկը իրարածը ցուցադրելն է կամ վաճառելը: Արվեստագետը ցուցադրվում է այն դեպքում` երբ արդեն ասելի քունի: Ինձ միշտ հետաքրքիր է մարդուն, հետեւաբար ինքս ինձ ճանաչելը:
Ստեղծագործության ընկալումը դիտողի կողմից շատ բան է ասում դիտողի մասին: Իմ գործերի օգնությամբ ես ճանաչում եմ մարդկանց: Արվեստի գործը կատալիզատոր է, այն կախված կոնկրետ մարդու վերաբերմունքից, օգնում է եւ՛դիտորդին եւ՛ ինձ բացահայտել մեր ներքին, թաքուն` «մութ անկյունները»:

Մարդ-անհատի առաջին եւ հիմնական խնդիրն է հանգուցալուծել ձանձրույթի թնջուկը:
Կյանքի շարժիչը անհրաժեշտությունն է։
Կյանքի շարժիչը անխուսափելին է։
Այս պարագայում.
Կյանքի շարժիչը ձանձրույթն է՛։
Երբ հասուն տարիքում, վերջապես, անհրաժեշտի ու անխուսափելիի խնդրում որոշակիություն է առաջանում, հայտնվում է ձանձրույթը` «Weltschmerz»-ի՝ Տիեզերական Թախծի տեսքով, որը կարող է հաղթահարվել միայն ստեղծագործելով…
Հիմնական խուսափելին մահն է… ու ի՜նչ տառապանք է, անընդհատ մահվան վախի մեջ լինելը, մահվան սպասումը…Լիարժեք` հագեցած, կյանքը հնարավոր է միայն հաղթահարված մահվան վախի պարագայում։
Սպասել մահվան, նույնն է թե սպասել կյանքին՝ ապրելուն…Եթե անգամ կա՛ սկիզբ ու վերջ, ապա կյանքն ու մահը հարափոփոխ զույգ են` փոխլրացնող եր կվորյակներ… սա նման է շնչառությանը` շնչել/արտաշնչելու կերպով. Մեկը առանց մյուսի անհնար է…

…Եթե արժանապատիվ չես ապրում, կյանքդ իմաստ չունի: Եթե մարդը իր գոյությունն գիտակցող արարած է, ուրեմն իր անգիտակից լինելը անհեթեթություն է: Ինչպես կարող է մարդ համարի, որ գիտակցություն ունի եւ չօգտագործի այն: Այնինչ մարդիկ իրենց գիտակցական կյանքում շատ անգիտակից բաներ են անում: Մեղք գոյություն չունի` կա կամ գիտակցություն կամ տգիտություն:

Արվեստն ինքնաճանաչողության ձեւ է: Եւ ինձ համար շատ կարեւոր է, որ կամքիս հակառակ չգնամ, չ՛սահմանափակեմ ու չ՛արգելակեմ եւ ի՛մ եւ մյուսների ազատ հոսքը` կյանքը: Եւ որպեսզի՛ ինձ հետ ապրող մարդիկ շատ չնեղվեն ու ստիպված չանեն բաներ, որ իրենց սրտով եւ կամքով չէ՛: Ես պացիֆիստ չեմ, բայց դեմ եմ ցանկացած բռնության…

Իմ միակ նպատակն է, տառացիորեն ամեն վարկյան փորձել հասկանալու գիտակցել, թե ո՞վ եմ եւ ինչու՞եմ ապրում:

Սէվ (Հենրիկ Խաչատրյան) ավանգարդիստ, արվեստագետ:
Ֆանտաստ գրող դառնալու նրա պատանեկան ձգտումը տարանցվեց ինքնարտահայտման մեկ այլ ասպարեզ, ուր Սէվը կարողանում է նյութը`մատերիան, վերակերպել գեղագիտականի ու այն օժտել գաղափարով, ինքնությամբ եւ իմաստով:
Աշխատանքային գործիքը կրակն է, որին կառավարելու մեջ Սեւը վարպետացել է անցած երեսուն տարիների ընթացքում:
Սէվի անհանգիստ խառնվածքի արտահայտման կերպն է նրա կյանքը: Ութսունակաների կեսերից ներգրավվել է Երեւանի արդի արվեստի մեջ շոշափելի շարժում բերած ավանգարդիստական շրջանակներին: Երրորդ հարկ ավանգարդիստական խմբի արվեստագետներից է, նույն ժամանակ հրատարակվող «Այսօր» ամսագրի համահիմնադիրն ու համախմբագիրը: Նաեւ նրա ջանքերով է հիմնադրվել Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնը, կազմակերպվել Գյումրիի միջազգային բիենալեն (Վազգեն Պահլավունի Թադեւոսյանի եւ Ազատ Սարգսյանի հետ):
Սեփական մտածողության նոր շերտեր բացահայտելու մղումը նրան ժամանակին դրդել է անգամ կուսակցություն հիմնադրել («Հայաստանի Անիշխանականների Կուսակցություն»):
Ինքն իրեն հավատարիմ լինելըու իրներքին մղումներին հետեւելը Սէվին բնութագրող գծերից են, իսկ լիարժեք ինքնարտահայտումն էլ ներքին ներդաշնակություն գտնելու նրա միակ ճանապարհն է:
Բազմաթիվ ցուցադրությունների հեղինակ է: Վերջին ամիսների ընթացքում նրա աշխատանքերը ներկայացվեցին Բեվերլի Հիլզի «Գարբուշյան» ցուցասրահում եւ Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում:
1999-ի վերջերից բնակվում է Միացյալ Նահանգներում:
Սէվը ներդաշնակ ընտանիք ունի, եւ նրա երկու դուստրերը ժառանգել են նրա անբռնազբոս երեւակայությունն ու անկաշկանդ մտածելու կարողությունը:
Սէվը սիրում է սուրճ ու ծխախոտ, մտածել, բանավիճել, շփվել բարեկամների ու ընկերների հետ, իր յուրահատուկ հումորով կատակել, ստեղծագործել:

Պատրաստեց Անի Թադեւոսյանը