ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ «ԱՐՇԻՊԵԼԱԳԸ` ԹԱՆԱՔՈՎ ՈՒ ՄԱՂՁՈՎ»

ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ «ԱՐՇԻՊԵԼԱԳԸ` ԹԱՆԱՔՈՎ ՈՒ ՄԱՂՁՈՎ»

1947 թվին, հոգով սարսռալով, ես կարդացի Դավիթ Ռուսսեի «Մեր մահվան օրերը» գիրքը հիտլերյան համակենտրոնացման ճամբարների մասին:

Ինչ որ գրել էր Ռուսսեն՝ երկակի տպավորություն թողեց, դա պատմածն էր նացիստների զոհի և միաժամանակ սոցիալ-հոգեբանական փայլուն վերլուծությունն էր մեկուսացած այն աշխարհի, որ 20-րդ դարի համակենտրոնացման ճամբարներն էին: Երկու տարի անց ֆրանսիական մամուլում Ռուսսեն տպագրեց ևս մեկ սենսացիոն նյութ, մարդու բնաջնջման ինդուստրիան ծաղկում էր նաև Խորհրդային Միությունում: Շատերը նրա մերկացումներն ընունեցին սարսափանքով ու կասկածով, կարծես թե Վեներայի կրծքին գաղտնի բորոտության նշաններ էին հայտնաբերել: Կոմունիստներն ու նրանց կողմնակիցները հանդես եկան շշպռեցնող ցասումնալի պատասխանով. Ռուսսեի նյութերը գռեհիկ կեղծիք են, սարքված՝ ամերիկյան իմպերիալիզմի ծառայությունների կողմից: Իրենց այնքան էլ լավ չպահեցին նաև մտավորական–»առաջադիմականները»: Յուրօրինակ դիրքորոշում ունեին «Տան Մոդեռնի» էջերում Ժան Պոլ Սարտրն ու Մորիս Մեռլո-Պոնտին (տես այդ ամսագրի 1950 թվականի հունվարի և հուլիսի 51-րդ և 57-րդ համարները): Երկու փիլիսոփաներն էլ չէին ժխտում փաստերն ու նսեմացնում դրանց նշանակությունը, սակայն հրաժարվում էին եզրահանգում կատարել, որը կստիպեր խորհրդածել՝ ի՞նչն է առավելագույնս ազդել ստալինյան ամբողջատիրության վրա. Ռուսաստանի տնտեսական և սոցիալական հետամնացությունն ու նրա ավտորիտար անցյա՞լը, թե՞ կուսակցության լենինյան հայեցակերպը: Ստալինն իր հարկադիր աշխատանքի ճամբարներով ծնունդը չէ՞ր այն հակաժողովրդական, ահաբեկչության վրա հիմնված գծի, որը բոլշևիկները վարում էին 1917 թվից՝ հենց իշխանությունը գրավելու պահից:
Մի քանի տարի անց Մեռլո-Պոնտին այդ հարցերի պատասխանները փնտրում էր իր «Դիալեկտիկայի արկածներ»–ում, որոնք ինչ-որ չափով հերքում էին հենց իր «Հումանիզմը և ահաբեկչությունը» գիրքը, որը գրելու համար նա շատ էր ափսոսում իր կյանքի վերջում: Ինչ վերաբերում է Սարտրին, մեզ հայտնի է նրա տեսակետը: Դեռ 1974 թվականին էլ նա շարունակում էր հաստատել, թեև մեծ ափսոսանքով, որ ինչպես բռնությունը, այնպես էլ դիկտատուրան՝ անխուսափելի են: Եվ ոչ թե որոշակի դասակարգի դիկտատուրան, այլ որոշակի խմբի. «… բռնությունն անհրաժեշտ է, որպեսզի մի հասարակությունից անցում կատարվի մյուսը, բայց ես չգիտեմ, թե ո՞ր տիպի հասարակությունը կարող է փոխարինել այժմյանին: Պրոլետարիատի՞ դիկտատուրան: Ճիշտն ասած, չեմ կարծում, դիկտատուրան միշտ կիրականացվի ընդամենը պրոլետարիատի ներկայացուցիչների կողմից, իսկ դա ինչ-որ այլ բան է…» («Մոնդ», 8 փետրվարի 1974թ.): Սարտրի հոռետեսությունը ծայրահեղ դեպքում ունի մեկ առավելություն, բաց խաղ է գնում: Սակայն 1950-ին, երկընտրանքով հմայված, որի կեղծությանը մենք այսօր էլ չենք կասկածում, երկու ֆրանսիացի գրողներ որոշել էին դատապարտել Դավիթ Ռուսսեին. իրենց նախկին ընկերը, բուրժուական խոշորագույն թերթերի էջերում պատմելով խորհրդային բռնադատական համակարգի մասին, «սառը պատերազմի» զենք դարձավ և սոցիալիզմի թշնամիներին ձեռնտու խաղ խաղաց:
Այն տարիներին ես Փարիզում էի ապրում: Բանավեճը, որը ծավալվեց ռուսական համակենտրոնացման ճամբարների շուրջ, ապշեցրեց ու ցնցեց ինձ. կասկածի տակ էր առնվում պատմական հղացումի կայացումը, որն ստիպել էր մեր ժամանակի լավագույն մարդկանց սրտերն ու միտքը բոցավառել: 1917 թ. հեղափոխությունը, ինչպես ասում էր Անդրե Բրետոնն այն հեռավոր օրերին, աշխարհ եկավ իբրև մի հեքիաթային կենդանի, որը հիշեցնում էր համաստեղության Խոյին. «Եթե նույնիսկ բռնությունն է բույն դրել նրա պոզերի միջև, ապա աչքերի խորքում շողում է իսկական գարունը»: Այդ աչքերը հիմա մեզ էին նայում մարդասպանի դատարկ հայացքով: Ես ժողովեցի ու պատրաստեցի փաստաթղթեր ու վկայություններ, որոնք, կասկածանքի ստվեր իսկ չթողնելով, ապացուցում էին ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող բռնադատական լայն համակարգը, որը հիմնված էր միլիոնավոր քաղաքացիների հարկադիր աշխատանքի վրա և որն էլ խորհրդային տնտեսության բաղկացուցիչ մասն էր կազմում: Վիկտորյա Օկամպոն տեղեկացավ իմ աշխատանքի մասին և կրկին վճռականություն ու բարոյական ամրություն ի հայտ բերեց, նա խնդրեց իրեն ուղարկեմ ամբողջ հավաքածս՝ համառոտ ներածական խոսքով՝ «Սյուռ» ամսագրում տպագրելու նպատակով: Ի պատասխան՝ մտավորական–»առաջադիմականները» լռեցին: Ոչ ոք չարձագանքեց իմ ուսումնասիրությանը, բայց հո՛ նոր ուժով իմ դեմ բորբոքվեց հարձակումների ու զրպարտանքի կամպանիան, որն սկսվել էր մի քանի տարի առաջ Ներուդայի (Պաբլո Ներուդա, ծնթ. թարգմ.) և նրա մեքսիկացի ընկերների կողմից: Կամպանիա, որը շարունակվում է ցայսօր: Թեև փոխվում են պիտակները, սակայն պահպանվում է դրանց վիրավորող տոնը, ըստ հերթականության՝ ես կոսմոպոլիտ էի, ֆորմալիստ, տրոցկիստ, ԿՎՀ գործակալ, լիբերալ մտավորական և նույնիսկ «բուրժուազիային ծառայող ստրուկտուրալիստ»:
Իմ մեկնաբանությունները կրկնում էին ընդունելի բացատրությունը՝ խորհրդային համակենտրոնացման ճամբարներն արատավորում են ռեժիմի դեմքը, բայց դրանք հասարակարգը մարմնավորող հատուկ գիծ չեն: Այո, 1950 թվականին այդպես ասելը քաղաքական սխալ էր, բայց դա հաստատել հիմա՝ 1974-ին, սխալից էլ սխալ է: Ինձ, ինչպես և նրանցից շատերին, ով զբաղվում էր այդ հարցով, հատկապես ապշեցնում էր ուղղիչ աշխատանքային գաղութների տնտեսական դերը: Ես ենթադրում էի, որ ի տարբերություն նացիստական ճամբարների՝ ոչնչացման իսկական ճամբարների, խորհրդայինները շահագործման կոշտությամբ էին զանազանվում, ինչ-որ բանով նման ստախանովական շարժմանը: «Ինդուստրացման խթաններից» մեկը: Ես մոլորվել էի. հիմա՛ մենք գիտենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ճամբարներում մահացությունը կազմել է 40 տոկոս, այն դեպքում, երբ յուրաքանչյուր աշխատողի արտադրողականությունը չէր անցնում ազատ աշխատավորի արտադրողականության 50 տոկոսից… Ռոբերտ Կոնկվիստի ստեղծագործությունների հրապարակումը՝ մեծ զտումների մասին, լրացրեց ճամբարներով անցած մարդկանց վկայությունները (նրանց մեծ մասը կոմունիստներ էին), և բանավեճը փակեց: Առավել արժանահավատ է ասել՝ փոխադրեց ուրիշ պլան: Քանի որ ճամբարների գործառույթն այլ է:
Եթե ճամբարների տնտեսական օգուտն ավելի քան կասկածելի է, դրանց քաղաքական ֆունկցիան դիտվում է միաժամանակ և՛ տարօրինակ, և՛ սահմռկեցնող: Ճամբարները քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու միջոց չեն, իսկ պատժաձևը պարտվողների համար է: Նա, ով ճամբար է ընկնում, ակտիվ ընդդիմադիր է, իսկ տուժված, անպաշտպան մարդն արդեն ունակ չէ դիմադրելու: Այդ նույն տրամաբանությանն էին ենթարկվում զտումներն ու կամպանիաները ժողովրդի թշնամի հայտնաբերելու նպատակով, դրանք քաղաքական կամ գաղափարական մարտերի դրվագներ չեն, այլ մեղքից մաքրելու լայնամասշտաբ ձևակարգեր, հատուցման ծեսեր: Զղջալն ու ինքնամեղադրանքը պարտվողներին դարձնում են դահիճներին հանցակից, այնպես որ՝ հենց գերեզմանափոսն էլ դառնում է աղբահոր: Ամենատխուրն այն է, որ բանտարկյալների մեծ մասը քաղաքական ընդդիմադիր չէ, նրանք՝ «հանցագործ» են, որ պատկանում են խորհրդային հասարակարգի «բոլոր» շերտերին: Ստալինի ժամանակ ճամբարների բնակչության թիվն անցնում էր 15 միլիոնից: Խրուշչևի լիբերալ բարեփոխումից հետո այն քչացավ և այժմ տատանվում է մեկից մեկուկես միլիոնի միջև: Նրանցից, ըստ այդ մռայլ նյութի մասնագետների կարծիքի, միայն տասը հազարը կարող է համարվել քաղբանտարկյալ՝ մեկ միլիոն մարդ էակ հանցագործ է, ծայրահեղ դեպքում այն իմաստով, ինչպիսի իմաստ մեր երկրներում այդ հասկացության մեջ մենք ենք դնում: Ճամբարների քաղաքական և հոգեբանական գործառույթները պարզորոշվում են. խոսքը պրոֆիլակտիկ ահաբեկչության մասին է, եթե կարելի է այդպես արտահայտվել: Մի ամբողջ ժողովուրդ, նույնիսկ Խրուշչևի հետնորդների հարաբերականորեն մարդասեր իշխանության օրոք, ապրում է ձերբակալման վտանգի տակ: Զարմանալի է նախածին մեղքի մասին դոգմայի վերամտորումը. յուրաքանչյուր խորհրդային քաղաքացի կարող է ուղարկվել ուղղիչ-աշխատանքային գաղութ: Մեղավորության սոցիալականացումը ենթադրում է պատժի սոցիալականացում:
«Արշիպելագ ԳՈՒԼԱԳ»–ի հրապարակումը և Ալեքսանդր Սոլժենիցինի դեմ զրպարտանքի կամպանիան, որն ավարտվեց Խորհրդային Միությունից նրա արտաքսումով, կրկին, ինչպես և 1950 թվին, փորձության ենթարկեցին ամբողջ աշխարհի գրողների քաջությունն ու անկախությունը: Մեզանից ոմանք բողոքեցին, մյուսները լռեցին, երրորդներն իրենց պատվազրկեցին: Իմ կողմից բարձր գնահատված մի գրող առանց վարանման հարձակվեց Սոլժենիցինի վրա. հանուն «վերացական ազատության» ռուս այլախոհը զրպարտում է «20-րդ դարի ամենանշանակալի սոցիալական գիտափորձը»: Այդ գրողի կարծիքով, ռուս այլախոհները մի բան են ուզում վերադառնալ ազատ ձեռներեցության ռեժիմին, այն ժամանակ, երբ ազատության իսկական պաշտպանները Բրեժնևն ու հայր Առռուպեն են՝ ճիզվիտների կապիտան-գեներալը, որն իրեն հռչակել է կապիտալիստական հասարակարգի թշնամի: Թքելու պես հնչեց նաև ոմն մոլագարի գրախոսականը, որը զետեղված էր խոշոր լրագրի առաջին սյունակում: Լոկ մեկ պարբերություն մեջբերեմ բարոյական և մտավոր անպատկառության այդ ինքնօրինակ տեքստից. «Ազատ աշխարհում ինտելեկտուալները բողոքի երկար նամակներ են գրում, համերաշխության նամակներ… հանդես են գալիս կամայականությունների դեմ… և ահա, տեսեք… Չե՞ք ափսոսում ձեր ճիգերը… Մուկ է աշխարհ եկել: Լեռ-հսկաները մուկ են ծնել: Ձեր առջև անճար, իբր տանջանքներ տեսած, տառապյալ Ալեքսանդր Սոլժենիցինն է: Բայց չէ՞ որ նրան ոչ ոք չի ուղարկել սիբիրյան ճամբարներ, կաշին քերթել, շպրիցով ականջից ուղեղային լվացում ոչ ոք չի կատարել, այդպիսի բան չի եղել: Նրան պարզից էլ պարզ ասել են դու արևմտյան կապիտալիստական աշխարհն ես փափագում: Ուրեմն ուղևորվի՛ր այնտեղ, բավ է: Եվ այսօր երեկվա զոհը շնորհիվ Նոբելյան մրցանակի և հեղինակային հոնորարների, հարուստ բուրժուա է դարձել և տեղ է փնտրում, որտեղ ավելի հարմար կարելի է տառապել: Կարելի է և Փարիզում հիմնադրվել, այնտեղ բռնցքամարտիկ Մանտեկիլյա Նապոելսն էլ հարգված է: Կամ կարելի է բնության մեջ մի դղյակ գնել և այնտեղ հիմնվել հավերժ, դար ու դարեր, ողջ ընտանիքով: Իսկ կարելի է անցնել Միացյալ Նահանգներ և ըմբոշխնել վերնախավի գայթակղությունները՝ հեռուստատեսության համար սցենարներ գրոտելով… Այսպես փլուզվեց վեհ ողբերգությունների համար բարձրացող թատրոնը, իսկ այն պիտանի էր լոկ օպերետների համար.. Սոլժենիցինին համարյա չեն ճանաչում Խորհրդային Միությունում, որտեղ հաշվվում է ավելի քան քսան հազար գրող»: Այս տողերի հեղինակը պնդաճակատ ստալինական չէ. նա, թվում է, «ձախ հավատքի կաթոլիկ» է:
Մեքսիկացի գրողներից ու լրագրողներից շատերը Սոլժենիցինի մասին խոսում էին բավականին բարյացակամ ու տակտով: Սակայն այդպես անկեղծ ու համարձակ թերևս ոչ ոք չի արտահայտվել, ինչպես Խոսե Ասուելտասը: Մեքսիկացի վիպասանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հեղափոխական համոզմունքները չեն խանգարում, որ սիրես ճշմարտությունը, և «սոցիալիստական» անվանյալ երկրներում տեղի ունեցածի վերլուծությունն իր հերթին պահանջում է վերանայել մարքսիզմի ավտորիտար ժառանգությունը: Եվ այդ վերանայումը, ավելացնեմ ընթացս, չպիտի սահմանափակվի լենինյան աշխատություններով, հարկ է մանրազնին ուսումնասիրել Մարքսի ուսմունքի հեգելյան հիմունքները:
«Ինվենտարիոյում»՝ սուր և գրեթե միշտ արդիական «Դիորամա դե կուլտուրա» ամսագրի քրոնիկոնում, հավանաբար «կատաղիների» խածոցներից Սոլժենիցինին պաշտպանելու նպատակով, հիշեցին, որ Լուկաչը մահավանից քիչ առաջ նրան անվանել է իսկական սոցիալիստական ռեալիստ: Վերարտադրեմ այդ պարբերությունը. «Լուկաչն «Առաջին պարունակում» վեպի հեղինակին համարում է սոցիալիստական ռեալիզմի առավել հետևողական շարունակողներից մեկը, որն ունակ է բացելու հասարակության՝ սոցիալական և գաղափարական տեսանկյունից, բոլոր առավել տիպական, որոշակի յուրահատկությունները, ում գեղարվեստական կերպարը ստեղծվում է հենց իր սեփական չափանիշներով: 1970 թվականին Նոբելյան մրցանակի շնորհման առիթով գրած իր ճառում, Սոլժենիցինը մի քանի բառով որոշակիացրեց այն, ինչը Լուկաչը հասկանում էր սոցիալիստական ռեալիզմ անվան տակ (բնականաբար, ոչ այն քարոզչական տեքստերը, որ մատուցվում էին իբրև վեպ, որն ընդհանուր ոչինչ չունի ո՛չ ռեալիզմի, ո՛չ էլ սոցիալիզմի հետ), գրականությունը ժողովրդի հիշողությունն է, այն կոչված է սերնդեսերունդ փոխանցելու ամենաարժեքավոր մարդկային փորձը: Այն ներծծում է պատմության կրակը, որն օտար է ցանկացած ստի, ցանկացած աղավաղման»: Այս հետաքրքրական տեքստի առիթով իմ միտքն են գալիս երկու նկատառում:
Առաջին. 1934 թվականից, ծագման պահից ի վեր, սոցիալիստական ռեալիզմը դարձավ ստալինիզմի գրական-բյուրոկրատական դոգման: Իսկ Սոլժենիցինն ըմբոստ գրող է, սլավոնական և քրիստոնեական իր խոր արմատներով նա ավելի շուտ Տոլստոյի և Դոստոևսկու ժառանգորդն է:
Երկրորդ՝ նույնիսկ, եթե «սոցռեալիստ» լիներ Սոլժենիցինը, որը կարելի է վիճարկել, «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ»–ը վեպ չէ, այլ պատմական ուսումնասիրություն: Երկրորդ կետը, քանի որ առավել կարևոր է, փոքրիկ պարզաբանման է արժանի:
«Արշիպելագ ԳՈՒԼԱԳ»–ը մերկացումն է ոչ միայն ստալինյան ռեժիմի հանցագործությունները, որքան էլ դրանք անթիվ ու անքանակ լինեն, այլև հենց խորհրդային հասարակարգի, ինչպիսին հիմնադրել են Լենինն ու բոլշևիկները: Երկու տարեթվեր կան, որոնք կարևոր մասն են կազմում և՛ գրքի բովանդակության, և՛ վերնագրի. 1918-1956: Ստեղծագործությունն ընդգրկում է խորհրդային բռնադատական համակարգի ձևավորումից (Չեկան կազմավորվել է 1918-ին) մինչև Խրուշչևի կառավարման սկիզբն ընկած ժամանակաշրջանը: Բացի դրանից, որքան մեզ հայտնի է, մյուս, դեռ չհրապարակված հատորներում ռուս գրողն անդրադառնում է ավելի ուշ կատարված բռնադատումներին, այսինքն՝ Խրուշչևի և Բրեժնևի ժամանակներին: Սոլժենիցինի դատողությունները, ենթադրվում է, անվիճելի չեն: Մեր ամսագրի այս համարում («Պլյուրալ», 30 մարտի 1974 թիվ, ծնթ. թարգմ.) մենք հրապարակում ենք Ռոյ Մեդվեդևի հոդվածը, որտեղ նա Սոլժենիցինին քննադատում է մարքսիզմ-լենինիզմի դիրքերից: Պատմաբանը համաձայն է ազնիվ չէր լինի Լենինի սխալները թաքցնելը: Սակայն, ինչպես նա ենթադրում է, այդ սխալները չեն վարկաբեկում բոլշևիկների պատմական հղացումն ամբողջությամբ: Մեդվեդևի դիրքորոշումն այնքան էլ հեռու չէ 1950 թվին Մեռլո-Պոնտիի և Սարտրի դիրքորոշումներից, բայց նա բոլշևիկների սրբազնության առջև սուտ բարեպաշտի ծնրադրում չի անում («Լենինի և Տրոցկու մոտ,– ասվում է «Տան մոդեռի» N 51–ի խմբագրական հոդվածում,– մի բառ իսկ չկա, որը կարելի լինի սուրբ համարել»): Սոլժենիցինի և Մեդվեդևի միջև կեսճանապարհին կանգնած է Սախարովը՝ մեծագույն ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը: Նա առավել կտրուկ է մերժում լենինիզմը, քան Մեդվեդևը, բայց նրա դիրքորոշումը հեռու է սոլժենիցինյան սլավոնասիրությունից ու քրիստոնեությունից: Սախարովը լիբերալ մտավորական է այդ բառի լիարժեք իմաստով, նա Գերցենի և Տուրգենևի ավանդներին ավելի մոտ է կանգնած, քան Դոստոևսկու և Տոլստոյի:
Այս կարճ շարադրանքը ցույց է տալիս խորհրդային այլախոհների դիրքորոշումների բազմազանությունը: Եվ, իսկապես, մաքառման ունակությունն է՝ հիանալի գիծը, ավելի ճշգրիտ կենսունակությունը մտավոր և հոգևոր հոսանքների, որ հետևեցին 1917 թ. հեղափոխությանը: Մարքսիզմ-լենինիզմի կեսդարյա դիկտատուրայից հետո նրանք նորից վերածնվում են և ոգեշնչում միմյանցից այնքան տարբեր մարդկանց, ինչպիսիք պատմաբան Անդրեյ Ամալրիկն է և բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին: Առաջինի պատմական ուսումնասիրություններում մարքսիստական մեթոդից հետք անգամ չկա, երկրորդի մտածելակերպի վրա ամենախոր ազդեցությունը թողել է Լև Շեստովի հուդայա–քրիստոնեական փիլիսոփայությունը: Ըստ էության մենք դիտարկում ենք հին ռուսական մշակույթի վերածնունդը: Վերևում ես խոսեցի Սախարովի լիբերալ և եվրոպական կողմնորոշման մասին, որը շարունակում է Գերցենի գիծը: Սոլժենիցինի աշխարհայացքն իր հերթին այս քրիստոնեական-փիլիսոփայական հոսանքի ավանդների մեջ է, որը դարավերջին ներկայացնում էր Վլադիմիր Սոլովյովը (1836-1900): Մեդվեդև եղբայրների հայացքները նույնպես վկայում են՝ յուրօրինակ «արևմտյան մարքսիզմը», սոցիալ-դեմոկրատական մարքսիզմը, որն ավելի մոտ է մենշևիզմին, քան Լենինի և Տրոցկու գաղափարներին, Պլեխանովի և Մարտովի հետ միասին չի սուզվել մոռացության մեջ:
Ռուսական մշակույթի վերածնման առաջին նշանը, ծայրահեղ դեպքում մեզ՝ օտարեկրացիներիս համար, դարձավ Պաստեռնակի վեպի հրապարակումը: Ընթերցողը, հնարավոր է, հիշում է, որ գրքի առաջին գլուխներում առկա են ոչ միայն Սոլովյովի և Վյաչեսլավ Իվանովի գաղափարները, այլև նրանց ստեղծած կերպարները: Լարայի կերպարը,– Ռուսաստանի և կնոջ համաձուլվածք,– իսկույն ստիպում է հիշել Սոլովյովի հայրենասիրական-կրոնական-էրոտիկ աշխարհայացքը, որը քարոզում էր Սոֆիայի պաշտամունքը: Պաստեռնակը միակը չէր, որ խոնարհվում էր Սոլովյովի առջև: Դոստոևսկին երիտասարդ Սոլովյովից այնքան ուժեղ տպավորություն է ստացել, որ նրա որոշ գծեր դրոշմվել են Ալյոշա Կարամազովի կերպարի վրա: Ավելի ուշ այս փիլսոփայի հետևորդը դարձավ Ալեքսանդր Բլոկը, իսկ այսօր նրա ազդեցության տակ է Սոլժենիցինը: Բայց վերջինս առավել սերտորեն կապված է Սերաֆիմ Սարովսկու և Տիխոն Զադոնսկու հուզավառ կրոնականության և սլավոնասիրության ավանդների հետ, ինչպիսին այն ներկայացված է Դոստոևսկու վեպում՝ ծերուկ Զոսիմայի կերպարում: Ո՛չ պանսլավոնականության, ո՛չ էլ նույնիսկ ռուսական կայսերապաշտական մտածողության հետքեր կգտնենք Սոլժենիցինի մոտ, բայց նա զանազանվում է Արևմուտքի հանդեպ բացահայտ հակակրանքով, նրան հատուկ ռացիոնալիզմով և անհոգի վաճառականների մատերիալիստական ժողովրդավարությամբ: Մինչդեռ Սոլովյովը երբեք չէր թաքցնում իր համակրանքը հռոմեական կաթոլիցիզմի և եվրոպական քաղաքակրթության հանդեպ: Նրա երկու աշակերտները, թող որ դա տարօրինակ թվա, եղել են ժոզեֆ դե Մեստրը և Օգյուստ Կոնտը: Սոլովյովի արդիականությունն ապշեցուցիչ է: Չեմ կասկածում, «Պլյուրալի» ընթերցողները կհիշեն լեհ մեծագույն բանաստեղծ Չեսլավ Միլոշի «Երեք զրույց պատերազմի, առաջընթացի և համաշխարհային պատմության վերջի մասին, ներառյալ՝ հակաքրիստոսի մասին կարճ վիպակն ու հավելվածները» («Պլյուրալ» 12 սեպտեմբերի, 1972 թիվ): Այդ նշանավոր աշխատության մեջ Սոլովյովն ամեն բանից զատ մարգարեաբար կանխագուշակում է նաև չին-ռուսական կոնֆլիկտը, որտեղ նա տեսանում էր, և ոչ անհիմն, կործանման սկիզբը:
Ռուսաստանի հոգևոր պատմության և ժամանակակից այլախոհների հարաբերությունների ուսումնասիրումը մի այլ խնդիր է, որը դուրս է ոչ միայն այս հոդվածի շրջանակից, այնպես էլ՝ իմ հնարավորությունների: Ես նաև իմ առջև խնդիր չեմ դրել շարադրելու Սոլժենիցինի գաղափարները, առավել ևս՝ պաշտպանել նրան քննադատներից: Գրողի արիությունը, նրա զգացմունքների խորությունը, ուղղամտությունը և բնավորության ամբողջականությունն իմ անպայմանադիր հիացումն են շարժում: Բայց լոկ հիացմունքը քիչ է, որպեսզի դառնամ նրա փիլիսոփայության կողմնակիցը: Ճիշտ է, բացի նրա հանդեպ իմ ունեցած բարոյական համակրանքից, ես զգում եմ մեր՝ ավելի շուտ հոգևոր, քան ինտելեկտուալ-հարազատությունը: Սոլժենիցինը քննադատության է ենթարկում ոչ միայն Ռուսաստանը և բոլշևիզմը, այլև բուն նոր ժամանակը: Իսկ մի՞թե կարևոր է, եթե այդ դեպքում նա հիմնվում է իմինից գերազանց նախադրույթների վրա: Մի ուրիշ ռուս այլախոհ, բանաստեղծ Բրոդսկին, երկու ամիս առաջ Քեմբրիջում ինձ ասաց. «Ամենն սկսվեց Դեկարտից»: Ես կարող էի ուսերս թոթվել և պատասխանել. «Ամենն սկսվեց Հյումից… կամ Կոնտից»: Ես գերադասեցի լռել, և 20-րդ դարի անմարդկային պատմությունն ինձ մտքերի մեջ գցեց: Չգիտեմ, երբ սկսվեց ամենը, ես հարց եմ տալիս ինձ՝ ե՞րբ կավարտվի այս ամենը: Սոլժենիցինի քննադատությունը խորքով ու հիմնավորմամբ չի գերազանցում Տորոյի, Բլեյքի և Նիցշեի քննադատությանը: Չի ջնջում նաև այսօր ասվածը մեր մեծագույն բանաստեղծների ու ըմբոստների: Ես նկատի ունեմ անհնազանդներին և չծախվածներին՝ Բրետոնին, Ռուսսելին, Կամյուին և այն քչերին, նրանցից ոմանք մահացել են, մյուսներն ապրում են: Նրանք չտրվեցին և չեն տրվում ամբողջատիրության գայթակղանքին, որը թաքնված է կոմունիզմի և ֆաշիզմի մեջ, չխաբվեցին նաև սպառող հասարակության կոմֆորտով: Սոլժենիցինը խոսում է ուրիշ ավանդների միջից, և դա ինձ համար շատ կարևոր է. նրա ձայնն այժմեական չէ, այն խոր անցյալից է: Խոր անցյալից, կոփված՝ ժամանակակից աշխարհում: Նա կրում է հին ռուսական քրիստոնեությունը, բայց այդ քրիստոնեությունն անցել է մեր դարի գլխավոր փորձության՝ ամբողջատիրական հասարակարգերի համակենտրոնացման ճամբարների անմարդկայնության միջով և դուրս է եկել անխաթար ու պնդված: Եթե պատմությունը փորձավահանակ է, Սոլժենիցինի քրիստոնեությունը դիմացել է փորձությանը: Գործը, որն իր վրա վերցրեց Սոլժենիցինը, չի կարելի համարել ո՛չ ինտելեկտուալ, ո՛չ քաղաքական, ո՛չ նույնիսկ բարոյական բառի սովորական իմաստով: Պետք է հիշել հին աշխարհից եկածը, որ դեռ պահպանում է կրոնական համը, մահվան համը և բառի զոհաբերանքը ականատես: Սուտ վկայողների դարում գրողը վկայում է՝ պաշտպանելով մարդուն:
Սոլժենիցինի հայացքները՝ հավասար չափով և՛ կրոնական, և՛ քաղաքական, և՛ գրական, վիճելի են, սակայն ես չէ, որ նման հոդվածով պիտի վիճարկեմ: Նրա գիրքը հիմնախնդիրներ է դնում, որոնք, մի կողմից, դուրս են գալիս քաղաքական փիլիսոփայության շրջանակներից, իսկ մյուս կողմից՝ ստալինիզմի ծիսական դատապարտման շրջանակներից: Երկրորդն ինձ համար հատկապես նշանակալի է: Բոլշևիկների ուսմունքը, այսինքն մարքսիզմ-լենինիզմը, համակողմանի ուսմունք է, դրա համար էլ Սոլժենիցինի գիրքն այդքան հետաքրքրական է ոչ ռուս ընթերցողի համար: «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ»–ը քաղաքական փիլիսոփայության երկ չէ. դա պատմական ստեղծագործություն է, ավելի ճշգրիտ՝ վկայաբանություն՝ այս բառի հին իմաստով, տառապյալներին վիճակված է վկա դառնալ և հանդես գալ բռնադատական համակարգի դեմ, որը հիմնվել է 1918-ին բոլշևիկների կողմից և գոյություն ունի ցայսօր: Թեև ճիշտ է, այն թեթևակի թուլացրեց Խրուշչևը, և այժմ այն չի դիտվում ֆանտաստիկ հրեշի կերպարանքով, որպիսին ստալինյան դարաշրջանում էր:

Թարգմանեց ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Նարցիս 5, 2008