Երգն այս անուշ, երգն այս շքեղ
Աղջկան է փնտրում մութի,
Որ կախվել է լուսամուտից`
Որպես հայացք շնորհագեղ:
Մի առեղծված, որն իր մթնում
Խանդը կայրի Դիանայի,
Այսպես չքնաղ եթե նայի`
Դարձած ճերմակ հաղորդություն:
Արևելյան դյութանքով լի
Մշուշ էին անդառնալի
Շրթին այրող հուշերը հին:
Ու ժպիտն իր ասես լիներ
Աստղացոլքն այն, որ ոգին էր
Այս թիթեռի գիշերային:
ՍՊԻՏԱԿ ԷՋԸ
Երազիս պահերին աչքերիս դեմ ահա` թղթի էջն
սպիտակ:
Եվ գալիս են շարքեր երազի, ստվերի,
և կանայք են գալիս կիսանդրու դեմքերով,
և կանայք` մարմարե կիսանդրու դեմքերով
և՛ թախծոտ, և՛ քաղցր, և՛ դալուկ, և՛ գերիչ:
Գալիս են տեսիլներ երգերի պես անհայտ,
համբույր ու արցունքի երգերի պես լքված,
ասքերի, որ թողին պահերի մեջ վհատ
գլուխներն իմաստուն ճերմակով ծածկված:
Ձյունե ինչ շղարշներ, փռվում են մեզ վրա,
կնճիռներ վաղաժամ-այտերին խոր դաջված,
և ինչպես են ուզում, որ կազմած քարավան`
թեթև գան ու անցնեն ուղտերը համրընթաց:
Ինչպես որ նկարում հինավուրց,
որն ասես ամայի անապատ է մի տաք,
ուղտերը համրընթաց
անցնում են այս էջի վրայով սպիտակ:
Մեկն իր բեռն է տանում
տագնապ ու ցավերի անանուն,
տագնապները մարդկանց ու ցավերն ազգերի,
տագնապ ու ցավեր, որ հիսուսներն են տանում,
երբ աշխարհ են գալիս որպես զոհ անթերի:
Մյուսը տանում է
իր ուսերին
մարգարտով, ոսկով լի սնդուկը երազի,
որ գուցե թագուհի Սաբային չհասնի…
Երրորդը կրում է մի դագաղ անմոռաց,
որի մեջ տանում են մահացու վիրավոր
մեր հույսը խղճալի` հիրիկի պես մեռած:
Միասապատ ուղտին Դալկությունն է նստել,
և սև են ու մթին զգեստներն իր անմահ,
թագուհին է անպարտ, գեղեցիկ, կուսական,
և անունն է իր մահ:
Իսկ մարդը,
որին մութ տեսիլներն են խոցում,
նա, որ միշտ գտնում է երկնքի աստղերում
հրաշքներ սիրտ մաշող, նշաններ բոթաբեր,
տեսնում է այդ ուղտը
ամայի երկնի տակ…
Որպես մի սուրհանդակ, որ տանում է լույսը
ամայի անապատ, որն իր դեմ փռել է
թղթի էջն սպիտակ:
Իսպաներենից թարգմանեց Ֆրունզիկ Կիրակոսյանը
Նարցիս 1, 2006 թ.