(Սիմֆոնիա՝ Հուր-Հուր Մեծ թիթեռը)
Եվ եղավ, որ հայ երաժշտության համար խառը ժամանակներ էին, – քանի չկար, թե հայտնի էր որոշողը, – և ով եկավ, անհայտ մեկի կողմից նշանակվածն էր:
Եվ սիմֆոնիկ նոր կտավը չկար բեմում կամ գրված չէր և կամ մի տեղ թղթի վրա՝ ու մնում էր: Քանի ով եկել էր իրականություն դարձնելու, տեղանքը չիմացողն էր և թե՝ ի՞նչ դառնար հնչյունը, թե տեղանքի ծնունդ ասացումին եկած մեկի չիմացությունը գումարվեր: Քանի մի տարիքի էր, երբ խրթին բան էր ըմբռնել զգացմունքը՝ պարզ կրքերից զատ, առանց բեմին սազական ծեք-ծեք հուզումների, ինչն իբրև ճշմարիտ ապրում գիտեր: Եվ նա, ով հետո եկավ, բեմից պարապ խոսք ասող էր…
Եվ կային, ովքեր տարածողներ էին՝ Պիեռ Բուլեզը, Շտոկհաուզենը, Բերիոն, Նոնոն, Լիգետին, Քսենակիսը, Պյարտը և այլոց նշանավորեցին, քանի ասվում էր, թե նրանք առանձնակի արժեքների կրողներ էին: Սրանց կողքին՝ պնդում էին, թե ատոնալ երաժշտության ճիշտ ժամանակն էր, քանի նորագույն համակարգը ուղիղ ճամփով դիմազրկության էր տանում: Եվ հավատացնում էին, թե ոչ տոնայնականի գերագույն նպատակը հենց դա էր, թե մի առանձին տեսակ ըմբռնումով, հայտնի օրենքները ժամանակավրեպ հայտարարվեին…
Սիմֆոնիկ ժանրը մեզանում ասես վարանում էր և հետո էլի ծանծաղեց: Կարծիքներ եղան, թե ժամանակը փոքր ձևերի ժամանակ էր, մինչև գար ու մի նոր Խաչատրյան ծնվեր…
Եվ ահա՝ Էդուարդ Հայրապետյան կոմպոզիտորը ,,Հուր-Հուր Մեծ թիթեռը,, սիմֆոնիան աշխարհ բերեց…
Երեք տարի և ավելի՝ թիթեռնաշխարհում, իր առանձնավոր հնչյունի հետ: Մեկին մի խոսք չասաց երեք տարի: Եվ գիր-խոսքին՝ իր գալն իմացական էր, քանի ձայնի համար գրված սքանչելի երկերը կային իր թիկունքում, որ դարձյալ գրից էին: Որպես մեկը, ով խոսքը գիտեր և թրթիռը գիտեր խոսքի: Եվ հող-տեղանքը, որ խոսքն իր հետ բերեր: Եվ դրաման գիտեր ու Հոգին, որ երկրի վրա կար և ալեկոծ էր… Մինչև, որ ,, Հուր-Հուր Մեծ թիթեռի պատմությունը,, դարձավ պատում-հնչողություն, ինչին միայն Հայրապետյան կոմպոզիտորն էր ունակ և խիզախեց…
Եվ ժամանակ հետո, սիմֆոնիան հնչեցնելու, երբ հարց դրվեց. – Իսկ ո՞վ՝ դիրիժորը… Կոմպոզիտորն ասաց. – Էլ ո՞վ, եթե ոչ հենց գրքի հեղինակը, – ու հավելեց, – ես նախադեպը չեմ հիշում, երբ գրողն՝ ինքը, իրականություն դարձներ:
Երկու հազար մեկ թվականն էր: Եվ երբ գրքի հեղինակը եկավ, նոտակալի առաջ կանգնեց…
Բայց իր գալը նպաստավոր չէր իր համար: Որովհետև տարիներ շարունակ նվագախմբի ղեկավարությունը նրան խոստացել էր, թե համերգներ էին տրվելու իրեն, և երանելի օրը ոչ մի կերպ չէր ճշտվել…
Հավատում էր, թե տեղանքը գիտեր և նվագախումբ՝ գոյության վարքն էր իրեն հայտնի: Չզարմացավ, երբ ձեռքերը տարավ, թե սկսվեր, բայց աղմուկն էլի մնաց բեմում ու տևում էր: Հայտնի չէր, թե էլի ինչքան ,,բացվեին,, քանի ով կար կանգնած, նվագախմբի համար նույն քաղաքից ծանոթ մեկն էր, նույն տեղում ուսում առած, ուրեմն և ձիգ մնալու՝ երաժիշտը ոչ մի պատճառ չուներ:
Հասկացավ, որ փորձությունը հենց սա էր, որ կար և թե հիմա իրեն ծով համբերության բերեր… Եվ երբ կլարնետը հնչեց և մնաց մենակ՝ լարայինների և զույգ արֆայի հետ, մտքում ասաց իրեն՝ տես, որ եղավ, ինչին այսքան տարի գալիս էիր…
Պատում Առաջին. … Հուր-Հուր մեծ թիթեռը…
Հուր-Հուր թիթեռի պատմությունն էլ, գուցե, սկիզբ առավ հենց այն օրից, երբ Առվի ջրերի մեջ Հուր-Հուրն առաջին անգամ հանդիպեց իրեն: Մի՞թե ինքն իրեն հանդիպելը ամենանշանակալից բանը չէ աշխարհում և հիշատակման ու սկիզբ լինելու արժանի:
Եվ ի~նչ բարեբախտություն՝ կոմպոզիտորը մի ենթավերնագիր էր առանձնացրել գրից ու փակագծերի մեջ առել՝ … և քանի Հուր – Հուրը ծնվել էր աշխարհը ճանաչելու համար…
Եվ հիմա՝ ով նշումը կարդաց ու կարևորեց և ով՝ ամեն օրվա իր սովորական աշխատանքի մեջ… Հաստատ է, որ խոսք չէր ասելու, թե հնչյունը պատմեր և կամ պատկերի նմանության բերեր, թե առավել ըմբռնելի դառնար, ինչը, որ հնչելով պիտի լիներ: Որքանը, որ իր ձեռքերն ասեին… Եվ քանի նվագախմբի վարքը գիտեր, ասաց իրեն՝ ով ինչքանին հասու եղավ ու փորձաժամն ինչպես ապրեց: Եվ երբ առաջին տակտերը եկան fermata- ի, այդժամ գիտեր արդեն՝ հող տեղանքն էր, որ հիմա ասվեց: Եվ ինչը որ հետո կատարվեր, նույն տեղին էր գալու և հիմա էր, հիշեց, որ գիրը Մեկնողն ասել էր` նախ տարածությունը լսես ու հետո նոր՝ Հուր-Հուրին գաս…
Եվ երբ corno inglese – ն տարածության սահմանումին բերեց…
Ճշմարիտ մեկնումի ի~նչ ելակետ, քանի չեղավ, թե մեղեդին դառնար հնչյունի առանցքից դուրս՝ նկար-պատկեր: Իբրև հոգու տեղանք – պրպտում՝ եղավ ու մնում էր, և ինչը որ հետո լսվեց… Հնչյունի ներսում, երբ գար մյուս հնչյունին և էլի ասվեր, քանի երաժշտության գործողությունը մի բան է, որ լոկ մեծերին է տրվել: Եվ երբ Էդուարդ Հայրապետյան Մեկնողը այդօրինակ փորձությանը գնաց և գիր-խոսքի տեղանքի մեջ….
Ով կանգնած կար նոտակալի առաջ՝ ասուն ձեռքերի օրենքը գիտեր և հիմա էր, տեսավ՝ ճիշտ դրա ժամանակն էր: Թե փոխադարձ կապի մեջ գային և օրենքը պահեին երկուստեք՝ դիրիժոր և նվագախումբ: Երբ տեղը կար ու հնչում էր և թե էլի խորունկ դառնար ու ծավալվեր…
Բայց ի~նչ ափսոսանք՝ գուցե հարկ էր, որ դրվագում կոնտրաբասի հնչերանգը forte – ի մեջ գրվեր: Ասես քիչ էր՝ ինչքանը կար… Չկամեցավ, թե ընդհատեր, քանի իր ափսոսանքը դեռ մտածելու բան էր: Նվագախումբն ասես շնչի էր եկել, ընթացքի մեջ, թե անորոշ մի բանի համար կանգ առներ, ասես տեղն էր, որ գրվածի ,, համն ,, էլի առներ, թե սիրելի դառնար, ինչը որ հնչյունին պահ էր տրվել: Քանի հող տեղանքը մի անգամ էլ հնչեց ու տարածվեց ջութակների, շեփորների հետ, և tutti՝ նվագախումբը հառնեց գոյի ծնունդ-տարերքի մեջ, և հետո, երբ նահանջի եկավ, և թե ի~նչ մի տեսակ հապաղումով, որ կար ընդերքում և կատարվեց…
Երբ այդ սքանչելի meno mosso – ն հնչեց… Ով կար կանգնած, անհայտ մի ապրումի եկավ, առ նվագախումբը՝ խոնհարումի մեջ: Քանի ձայնը հավաստի աղբյուրից հնչեց, ասես եղած կար ու տեղանքը գիտեր, ով նվագեց: Առանց ,,ներսի,, լսումի՝ անհնարին էր, թե կատարվեր: Մինչև սքանչելի~ մի մինորը եղավ ( e ) և հետո պարզ, լա մինորը (a) , և հողի վրա էր, որ կատարվեց, երբ Հուր- Հուրը բոց կրակ թևերով թիթեռին էր, տեսավ Առվի ջրերի հայելու մեջ: Եվ քանի աշխարհը ճանաչելու համար էր ծնվել, հասկացավ մեկեն…
Պատում Երկրորդ. Մտրուկը: Եվ փակագծերի մեջ կար գրված. …Ներքևում լռություն է և խաղաղություն…
Կանաչին հակված, Մտրուկը գնում, հասնում է սարի գագաթին, ու խոտի բույրից չկշտացած, բարձրացնում է գլուխն ու Մտրուկն առաջին անգամ տեսնում է մեծ աշխարհը: Մտրուկը դեռ չի ճանաչել զմայլանքը, նայում է անծանոթ աշխարհին ու ականջ դնում:
Բնութագիր-նշումը՝ ներկա ժամանակի մեջ: Քանի երաժշտության լինելու ժամանակը իր հնչումի ժամանակն է: Եվ ակորդը, որ եղավ ու տարածվեց մինչև հեռուն և ասես, մի անհայտ օրենքի մեջ… Ի՞նչ մի հանկարծ հարցի բերեց՝ հաջորդ տակտը ե՞րբ էր, թե սկսվեր…
Անօրինակ մի հարց, որ հանկարծ ծագեց…
Հիշողության մեջ առավ, թե հետո մի անգամ էլ ձեռքերի մեջ բերեր, քանի ,,երբը,, մի տեղ գրված չկար: Սակայն զգաց մի բնազդով, որ տարածականի ըմբռնումը հենց հարցի ներսում էր, թե ձեռքերին գալով, ինչ ձև առներ: Եվ ակո~րդը… Օդը մեկեն ո~նց ծածանեց և դեռ էլի կար օդի մեջ ու մնում էր, ոնց ջուրը, որ ծծվել էր արդեն, բայց տեսանելի իր թացը դեռ պահում էր… Մինչև con sordino լարայինների մուտքը եղավ և հիմա արդեն սրան հաջորդիվ՝ տակտի մուտքն էր, որ անհայտի մեջ հայտնվեց…
Եվ անհայտը մնալու էր մինչև համերգը, բեմական շունչն իրեն ինչ մի տեսակ լսողության բերեր: Քանի նման բանը դուրս է գրվածից, և հնարավոր է, թե մի ունկնդիր՝ զմայլանքի մեջ հայտնվեր, թե ճիշտ ձևով արվեր, քանի մեծ վարպետի ձեռքով էր, որ գրվեց, ով պարզ ակորդի կախարդանքը գիտեր: Եվ թե ո՞նց էր, ո՞ր մի տեսակ լսողությամբ, որ եկավ լռությանը, ինչի մեջ հենց կար լանդշաֆտը, թե մեկը լսեր…
Եվ հետո՝ դաշնության տեղանքի մեջ, ուր Մտրուկը կար և աշխարհին նայեց, և զարմանքը, երբ պոչը երկինք նետեց ու դիպավ ամպին, որ անցնում էր… Հոբոյ, կլարնետներ, ֆլեյտա՝ ակնթարթները լսեցրին, որ օդի մեջ կային և հետո վերստին տարածականը՝ իր թրթռուն ծածանումին: Փողայինների կարճ կանչեր, հավելված Մտրուկի զարմանքին և ընդերքում, լարայինները՝ որպես լանդշաֆտը, որ պահում էր օր-ժամանակը և ինչը որ կար դրանից վեր:
Պարտիտուրը սրան բերեց, երբ դեռ ոչինչ չկար, թե սկսվեր…
Եվ գրքի հեղինակը հավատաց, թե հոգիներ, սերն առ՝ այս մեկ գրի հնչյունը, արդեն կրում էին իրենց մեջ, թե հետո պահեին, քանի ինչի համար, որ գրված կար երաժշտությունը, համերգ՝ իմաստից դուրս էր: Խոնջանքը, որ հանկարծ իջավ… Ով կանգնած կար, կամեցավ, թե քանի ակնթարթ մնար արդեն հնչածի հետ…
Եվ հանկարծ բաց ու ծաղրական ձենով մեկը տեղից կանչեց՝ մաեստրո~, Մըտրու~կն ի՞նչ ա~…
Եվ հապաղումն այլևս պարտադիր էր: Թե վերստին իր հետ դառնար, ով մտրուկը՝ պիտի թարգմաներ: Ձայնի կողմը թեքվեց: Ճիգ արեց ու ժպտաց, ասաց՝ շարունակենք…
Եվ աչքերը պարտիտուրին, քիչ էլ մնաց, ձեռքերը կտրուկ վեր բերեց, քանի Երրորդ Պատումին էին եկել, ուր գրված կար.
Երգեր հյուսող տղան: Եվ փակագծերի մեջ՝ Երկինքը կորուստների տեղ է…
… Այնքան անակնկալ էր Օդապարիկի հայտնվելը և այնքան գեղեցիկ էր նրա թռիչքը, որ Հուր-Հուրը զարմանք-հիացումի մեջ ամեն բան մոռացել, երկինք էր նայում և էլ ոչինչ չէր մտածում: Քամու հետ խաղի մտած՝ Օդապարիկն ալիք-ալիք բարձրանում էր, գնալով փոքրանում ու նրա հետ փոքրանում էին նրա երկու շեկ ծամերը:
Թե ոնց հանկարծ՝ Երգեր Հյուսող տղան, ով արդեն կար կորուստի մեջ…
Frusta -ն հնչեց հատու, համատարած թրթիռի հետ և դա ամենից ճշմարիտ բանն էր, որ կատարվեց: Ժամանակը մեկեն փոխվեց, ուրիշ ապրում էր: Եվ եղավ, որ փողայիններ՝ ձայնարկումներ տարածեցին չորսդին, թե հայտնի դարձնեին և հետո՝ հող ընդերքը, որ հառնեց վերստին, ինչը որ կատարվեց և ամայությունը, որ իջնում էր, և դեռ էլի իջավ և աշխարհը մարեց…
Եվ թե հնչեր, ինչը գրված կար էջին….
Նվագարանը կակազեց, անբնական ձայներ ելան քանի… Ով կար նոտակալի առաջ, իրական մեղեդին իր մեջ գիտեր արդեն: Եվ կարծես հասկացել էր, թե Մեկնողն՝ ինքը, ինչ էր լսել, երբ հնչյունը դեռ պիտի ծնվեր և երբ բերեց, թե կորստի հետ լիներ, ով կար ու լսում էր: Հստակ ու աներկբա, կոմպոզիտորն, ով կորուստ՝ ապրումը գիտեր և ապրումին այսօրինակ ձև էր տվել… Համոզված մնաց, որ ամեն բան ճշմարիտ էր… Նվագարանի կողմը նայեց: Տեսավ՝ ով պիտի նվագեր, թունդ ծիծաղի մեջ էր… Չկամեցավ, թե կանգ առներ, քանի եղել էր արդեն՝ մարդը չուներ պահանջը, թե կորուստը լսվեր: Գրվածը բարդ չէր, բայց ազնիվ ջանք էր պահանջում, թե հնչյունն աշխարհ բերողը չգրվածին հասներ: Չհավատաց, թե մի անգամ էլ փորձեին, իրականին կգային, քանի ով պիտի նվագեր, դեռ հնչյունի սիրո մեջ չէր, երբ պատկերեց…
Ինչը, որ կորստից անդին կար…
Եվ դեռ էլի քանի՞իմացություն, որ Պատումի ներսին բերեր… Որովհետև առանց ամենքի բաժին ճշմարտության, տեսար ու կարտոն-թղթից շինվածի նման դարձավ կորուստ և ամենայն բան: Եվ երբ երկու մենակատար ջութակները վկայեցին, և կատարվածի արձագանքը՝ որ մնացած կար ու տևում էր: Ամայությունն էր, որ բերեցին, մինչև հողը մի անգամ էլ շնչեր, կորստի բաց ճիչը՝ դառնար հեռու, տամուկ հիշողություն ու… մնար երկնքում…
Հիմա էր, որ շունչ առավ, ով կանգնած կար և փորձում էր մտքին բերել, քանի ինչը որ կատարվեց, աշխարհից դուրս իրողություն էր և հարկ էր, որ մնար իմացության ծալքերի մեջ: Եվ մեկ էլ ու հանկարծ.
– Մաեստրո~, բայց չասեցի~ք Մը~տրուկն ի~նչ էր…
Քանիսը կային, որ փղձկացին ու հետո ծիծաղում էին և ով հարցը տվեց, ոտքերը լայն, պառկել էր աթոռին և հաստատ էր, որ բոլոր կարգի պատասխաններից հետո, էլի կարևոր մի հարց ուներ, և հետո՝ էլի, թե փորձաժամը զավեշտի տաներ ու ձախողման…
Չորրորդ Պատում. Պսակածաղիկը: Եվ փակագծերի մեջ՝ Ծաղիկները թոշնում են մոռացումից…
Հուր-Հուրը հրաժեշտ տվեց Պսակածաղկին ու թռավ: Եվ Պսակածաղիկն այդպես էլ չիմացավ՝ Հուր-Հուրը ոչ մի տեղ չուներ գնալու և պատրաստ էր մեռնել հենց դավադիր մամռաքարի առաջ: Պսակածաղիկը չէր գիտենալու՝ Հուր-Հուրին տարավ անդառնալի ժամանակի տխրության ծնունդ՝ արցունքի կաթիլը, որ հանկարծ արթնացել, լույս աշխարհ էր ուզում ու չէր գտնում ելքը:
Ով մինչև սերն իրեն տարավ և մենակ էր, երբ կար աշխարհի մեջ: Պսակածաղիկը…
Թե մի հնչյուն՝ թոշնանքի ափսոսանքը ո՞նց մի անգամ աշխարհի մեջ բերեր… Եվ տամուկը, որ կար Պսակածաղկի սրտում, թե տարածվեր…
Երբ առաջին անգամ պարտիտուրը բացեց, հարց եղավ՝ ինչո՞ւ երեք քառորդի մեջ: Հետո ասաց իրեն՝ ուրիշ ինչպե՞ս: Թեթև ճոճքն ու հմայքը, որ երեք քառորդ չափը կրում է իր մեջ…
Ոնց դաշտի քամին էր՝ բեմին հասավ ու ձայնավորվեց…
Մետրական պատկերի համատարած շարժը, որ փռված կար պարտիտուրի էջերով մեկ, թե հնչյունը ինչ տեսակ ընթացքի բերեր և թե հետո՝ ուր հասցներ: Չլիներ, թե ձեռքի մի անփույթ շարժումով պահը հանկարծ եղծվեր, և իմաստը՝ նյութ չդարձած, չխաթարվեր: Թե գնար հասներ իր տեղանքին, և ուր մնար, ոնց եղած բանը, որ կար ու մնում էր: Քանի ներշնչանքի մեջ էր, երբ պիտի հայտնվեր և ներշնչանքը պարտադիր էր, թե Պատումի հիմքում դրվեր և մնացյալ ճշմարտությունները, որ կային պատումից ներս…
Եվ երբ չորս քառորդին եկած, առաջին ֆլեյտան Ծաղիկ Գոյի խոսքը բերեց…
Ի~նչ մի երանգ թախիծ ու ափսոսանք… Թե ֆլեյտա նվագարանով Պսակածաղիկն ինչպե~ս պատկերվեց, ով սիրուն էր իրեն տարել ու մենակ էր, երբ ինքն ասվեց: Եվ մեկը, ով եկավ և սերը չգիտեր, քանի ամենայն բան, որ թռչում է, փոփոխամիտ է… Թե սեր, թե կյանք՝ Ծաղիկն այդպես գիտեր: Ատրաշեկ թևերով թիթեռը, որ խոսք էր ասում ու ճամարտակեց: Դրանից ետ, մի Պսակածաղիկ՝ էլ ո՞նց լիներ…
Եվ էլ հիմա՝ նվագախումբն ի՞նչ դառնար, որ Պսակածաղկի խռովքին գար ու պատկերեր, քանի ընթացքը ծանրացավ, զատ դարձավ ներշնչանքից: Ով կար կանգնած նոտակալի առաջ, հասկացավ, որ մեղավորությունն իրենն էր ու վարանեց: Մտածեց, թե մի անգամ էլ տեղում նույն հատվածը փորձեր, ուրիշ մի ժեստով, թե կատարվեր, քանի ինչը որ հնչում էր, բնավ գրվածը չէր: Պոռթկումը պիտի դահլիճն առած լիներ, թե ճիշտ կատարվեր…
Եվ եղավ, որ մենանվագող ջութակի հնչյուններին՝ Պսակածաղկի խոսքը մարեց…
Մտորումի մեջ մնաց, ով կար կանգնած ու չգիտեր, ո՞ր մի բանն էր, թե նվագախումբը հարկ եղածին բերեր՝ Պատումը, որ ուրիշ պատկեր ուներ:
Եվ զարմանք բան՝ լռություն էր ու մեկը չկար, թե հարցներ…
… Եվ թիթեռը, ափեափ տխուր ու ալեկոծ, փարվեց Խրտվիլակի կրծքին ու մնաց… Ինչը, որ գրված կար փակագծերի մեջ:
Հինգերորդ Պատում. Վեհանձն Խրտվիլակը…
Այն, ինչին սար ու հանդ են անվանում, դաշտ ու մարգագետին, ծաղիկ ու կանաչ, ճախրանք ու քամի, աշխարհ, Առվույտ, մի խոսքով՝ կյանք, Խրտվիլակի համար զարմանքների հանդիսատեղ էր ու հանդես:
Ինչը, որ Հուր-Հուրին տարավ, թե էլի ապրեր…
Կլարնետներ, ֆլեյտաներ՝ մի բաց տարածք տակտերի մեջ, ուր Խրտվիլակը կար թեք կանգնած և զարմանք բան՝ միանգամից նա ճանաչվեց: Եվ հետո՝ Հուր-Հուրի հուզմունքով լի ճախրը մինչև Վեհանձն Խրտվիլակը, ոնց եկավ, փարվեց նրան ու արտասվեց… Եվ արցունքից հետո, երբ բացեց աչքերն ու աշխարհին նայեց և էստեղ էր, որ Հուր-Հուրը հայտնաբերեց … արտասվելուց հետո աշխարհը լուսադեմի խաղաղությամբ էր շնչում…
Եվ մեղեդին, որ ասես հանկարծ եղավ՝ ի~նչ խոհական ազնվությամբ Վեհանձն Խրտվիլակը մտորեց…
Հանպատրաստից, պղնձյա նվագարանները հավասար-կշիռ ձայնի եկած, խոհականության մեջ: Անգամ շեփորահարը, ով պաուզաների ընթացքին սուրդինան շարունակ օդ էր նետում, թե հետո բռներ, և հենց նա էլ` հիմա, հնչյունին էր եկել ու ջանում էր և բոլորի ջանքը կամեցումի երանգ ուներ՝ օրենքի մեջ: Ով կար կանգնած, մտքում շնորհակալ մնաց նրանց և տարավ իրեն, թե խմբից ներս, առանձին նվագարանները լսեր, քանի ինտոնացիան շտկելու էլի տեղ ուներ և պահանջ էր: Եվ ինչքանը որ կար, ընդունելի էր առաջին անգամվա համար, թե հետո մի անգամ էլ փորձվեր: Մինչև հոբոյը Հուր-Հուրի խոսքը բերեց Վեհանձն Խրտվիլակին և խոսքի ավարտին էր, որ պարզ լսվեց՝ զուտ ազնիվ հնչյուններից էր, ինչը որ ասվեց և խռովքը, որ կար առաջին հնչյունից ու մնում էր… Հուր-Հուր թիթեռի մեկնությունը, ով Մեղավորությունն ապրեց և մեղքի մեջ տեսավ իրեն: Եվ երբ նրա ապրումն ինտոնացիային հանդիպեց… Քանի հնչյունը որ անհայտ կար Մեկնողի սրտում, այս պահին էր, որ իրական դարձավ ու հայտնվեց: Բայց ոչ իբրև մեղեդի, շարադրանք և կամ՝ պատկերում, ապա՝ որպես մի բան, ինչը հարկ էր, թե ճանաչվեր, երբ ժամանակն էր, որ սրտի հնչյունն իմացվեր… Եվ դրանից, ահա, հոբոյի մենանվագը… Կթվա, թե ատոնալ երաժշտության օրենքներից, բայց ոչ դրա սահմանումին, քանի անհրաժեշտ էր, որ թռիչքի ազատություն կրեր, երբ հարկ էր, որ հնչյունը ճախրեր, և չլիներ, թե կասկածեր ազատ տարերքին, երբ պետք էր, որ էլի կրկնվեր, քանի ատոնալը հենց դա էր պահանջում՝ չկրկնել, մի հնչյունը, որ հնչել էր արդեն և ռիթմական պատկերը, թե մի հնչյունը ոնց մյուսին բերեր…
Ինտոնացիա՝ դիմանկարի օրենքի մեջ: Եվ մենակատարը… Ի~նչ նվիրկան հակում՝ ով հենց նվագելիս փնտրեց, թե ուր տաներ հնչյուն-գիրը և թե ինչի բերեր՝ ինչը որ սկզբում միայն պարզ հնչյուն էր: Եվ հիմա էր, ով կանգնած կար նոտակալի առաջ, հիշեց, որ Մեկնողն ասել էր՝ մի մենակատար նվագարան, իրեն վայել հնչյունին գար ու չմոռացվեր…
Եվ առաջին մեծ ծավալը որ կար, սա էր՝ Վեհանձն Խրտվիլակը: Թե ինչ դառնար ամբողջական Պատումի մեջ: Եվ երբ կլարնետի թախծահունչ միջնորդումը եկավ fermata – ի… Ասես դադար էր ուզում, թե մի տեղ պահվեր… Եվ երբ դարձավ ընթացիկ, ձայնով լցվեց, նվագախումբը պոռթկաց ու ընդվզեց՝ դիմաց, ինչը որ կար ու կատարվեց, և թափը լարայիններին փոխանցեց և թողեց, որ ափեափ խռովքի մեջ, դեռ տևեին՝ Հուր-Հուր թիթեռն ու Վեհանձն Խրտվիլակը, և թե հետո սրանք էլ՝ մնային ու մարեին…
Հինգերորդ Պատում. Խնձորը: Եվ փակագծերի մեջ. … Հուր- Հուրը չէր ճանաչում Անանունի աշխարհը…
Հուր-Հուրը լուռ էր: Եվ Հուր-Հուրի այս մեկ լռության մեջ էր, որ Խնձորը տեսավ եղելությունը՝ նրա մտքերի մեջ ոչինչ կար առանց սահմանի, առանց սահմանման: Հուր-Հուրը չէր ապրել անպատկեր սիրո հմայքը, չէր կարոտել հեռավոր գալիքի անծանոթին:
Մի բան էր, որ անորոշին տարավ, և ով կար նոտակալի առաջ, միտքը մնաց, թե որոներ, քանի թվաց, թե ,, շոշափող անորոշը ,, որ հնչում էր, էլի մի բանի անհրաժեշտություն ուներ, ինչը հայտնի չեղավ իրեն: Գուցեև երաժշտության լեզվով՝ Անանունը սա՞ էր և էլ հիմա՝ ո՞վ կասկածեր: Թե ամբողջը մի անգամ էլ իրենից դուրս ,, ուրիշի լսողությամբ ,, լսեր, երբ մենակ մնար ու մտորեր… Ուրիշ ձայնով պիտի հնչեր… Լանդշաֆտից դուրս էր, ինչը որ նվագվեց, հնչյունը չէր, թե նույն տեղանքի մեջ: Մտածելուն մնաց, թե մեկին մի բառով ասվեր… ձայնը… Քանի լսվեց, որ Անանուն՝ կարևոր իմաստին ուշք չէր դարձրել, ով պատկերեց:
Սխալ էր, թե նման կերպ շարունակվեր: Եվ ընդհատեց…
Հետո ինչը եղավ, արդեն հայտնի էր՝ նվագախումբը մեկեն հայտնվեց աղմուկի մեջ: Ով ինչ ուներ մտքում պահած, թե հիմա հենց, մի անգամ էլ փորձեր… Մնաց ու սպասում էր… Մինչև ձեռքի փայտիկը մի անգամ էլ նոտակալին բերեց, և երբ ձայները մարեցին, ասաց՝ մեկ անգամ էլ, Խնձորը… Խնդրեմ… .
Քանի չէր հասկացել, թե ինչ էր, որ նվագվեց…
Եվ Վեցերորդ Պատումը եղավ, որտեղ գրված էր. Մութ Պատկերը: Եվ փակագծերի մեջ՝ Ստվերը:
Հուր-Հուրը տեսավ, որ հողն ամայի, լուռ ու դատարկ կմնար առանց ստվերի: Եվ Առվույտի ստվերաշատ հողի բերկրանքով արբեցած, դեռ երկար ճախրեցին Հուր-Հուրն ու Մութ Պատկերը: Այս անգամ հայտնի չեղավ, թե նրանցից ով առաջինը հանգստի առաջարկ արեց: Եվ երբ նստեցին շունչը ետ բերելու, Հուր-Հուրը խնդրեց մեղմաձայն.
– Երբ ես չլինեմ, խոստացիր, որ Պսակածաղկի ստվերը կդառնաս…
Եվ ինչը որ հնչեց՝ իր ընդհանրությունն Առաջին Պատումի հետ էր…
Կլարնետներ ու արֆա և հիմա՝ գալարափողեր կային և մի շեփոր: Բայց ի~նչ արագ հնչողությունը դարձավ բազմածալ, ի~նչ երազկոտ վարանումի բերեց: Եվ ոնց օդը հանկարծ շարժվեց, ինչին միայն Հայրապետյան կոմպոզիտորն էր ունակ՝ զմայլանքն ու հողի վերը՝ մեկտեղ: Եվ լարային ամբողջ կազմը առանձնակի իր տարերքին, որ ընդմիջվեր մի կարճ պահի և էլի գար զմայլանքին, որ հետո բերեր ծանոթ մի մինորին՝ օժտված փոքր տերցիաներով և լա մինորը՝ նույն օրենքի մեջ, ինչն ասում էր, թե Հուր- Հուրը կար, բայց էլ առաջվանը չէր…
Եվ այն, ինչը հետո եղավ… Դրամատիկ Պատումն իր սահմանները փոխեց, քանի հիմա կար, ով … արտասվեց բոլոր անտեղյակ զոհերի համար… Որդի Արմատը: Եվ սա Յոթներորդ Պատումն էր:
Եվ թռավ Հուր-Հուրը, փարվեց Որդի Արմատին, բացեց իր սևխալուկ թևերն ու Որդի Արմատի բզկտված մեջքը ծածկեց Արևից: Հուր-Հուրը Որդի Արմատի մեջքը ծածկել, անշարժացել էր: Կողքից նայողին կթվար, թե Հուր-Հուրը երանության մեջ արևկող էր արել: Հուր-Հուրը գիտեր արդեն՝ իր թևերի ստվերը զորու էր մեղմելու Որդի Արմատին տանջող կրակը:
Ուր հայտնվեց Որդի Արմատը՝ բաց հողի երեսին…
Գոյականի՝ իր ընդվզումին: Հողի երես՝ իրողությունն էր հենց, որ անհնարին համարեց Որդի Արմատը և էլ քանի~ հարց – տառապանք ու անմեկնելի ծարավ սպասում: Ով հողի տակ տքնել էր օրնիբուն և պտուղն անհայտ մնաց իրեն… Եվ Հուր-Հուրը, ով դեռ մեկին մխիթարության խոսք ասած չկար և չգիտեր այդօրինակ խոսքի ծեսը, երբ Որդի Արմատի կողքին հայտնվեց… Եվ երկու իրականություններն այստեղ է, որ հակոտնյա դարձան: Տարածությունը, որ կար, և մյուս կողմում՝ դրաման, ինչից որ կար ինտոնացիան: Եվ զարմանք մեղեդին, որ երգելու չէր և ոչ էլ՝ կրկնելու: Հնչելու համար էր, թե մի տեղ մեկի աչքին կորուստ բացվեր, քանի չեղավ, թե Մեկնողը սոսկ երրորդ դեմքով բանը պատմեց: Թող որ հմուտ՝ հնչյուններով ձևակերպված տարածքի մեջ և այդքանով՝ ասելիքը: Քանի կերպավոր, ասուն հնչյունը կա, ինչը հենց Էդուարդ Հայրապետյանի հնչյունն է: Եվ արտառոց կդիտվեր, թե նա ուրիշ կերպ գար հոգեբանական պատումին: Քանի թե իր ապրած կյանքը և թե իր հնչյունի՝ նույն մի բանն էր: Եվ ո՞վ իմանա, թե քանի անգամ նախ ինքը մեռավ, մինչև Որդի Արմատը կլռեր հավերժորեն…
Էստեղ էր, որ գրքի հեղինակը հայացքը կտրեց պարտիտուրից: Կյանքից անդին տեղանքը թե կար, երևի հենց կյանքի մեջ էր՝ անցավ մտքով: Երբ հնչյունը մի անգամ գար ու տաներ…
Եվ ձեռքերը վեր տարավ, քանի Ութներորդ Պատումն էր, որ վերնագիր ուներ՝ Մողեսը: Եվ փակագծերից մեջ, ուր գրված կար՝ լույս և մութ:
Դեղին մամուռի լռության մեջ աշխարհն ապահով է թվում Մողեսին: Լռության մեջ, Թերթաքարի իր բարձունքից Մողեսը նայում է դեպի ճերմակ հողերի հեռուն:
Մետաֆիզիկ էությունը՝ իր հավասար կշիռ գոյության մեջ…
Քանի Մողեսը լույս ու մութի հալալ ժառանգն էր: Եվ երբ իր պահը եկավ… Լարայինների մետրական հստակ ֆոնին՝ հոբոյ, in es կլարնետ, ֆլեյտաներ, Մողեսի աշխարհ տեղանքը, որ պատկերվեց… Տարածականը՝ ընթացիկ չափի մեջ… Եվ alto flauto- ն, երբ նվագեց… Ասես չհասկացավ, թե ինչ էր պահված կրկնվող կարճ հնչյունի մեջ: Հստակ նշումը կար հնչյունի տակ, ինչի վրա ասես բնավ ուշք չդարձրեց: Հիմա բանը, որ խոսքով չէր… Այսօրինակ երաժշտության օրենքին, հարկ էր, որ հնչյունը միանշանակ չընկալվեր իր պարզության մեջ: Եվ հարկ էր, որ հավատար նրան, ով գրել էր, քանի այդօրինակ պարզ հնչյունը, պարզ մարդը չէր, որ թղթին պահ տվեց…
Ով կար կանգնած նոտակալի առաջ, կասկածեց, թե լինելու էր… Երբ հարկ էր, որ կրկնվող հնչյունի մեջ անթեղված անսահմանը ասվեր, քանի Հուր-Հուր թիթեռն՝ ինքը, եկած հայտնությունների, դեռ էլի ընթանում էր և հարկ էր, որ ամենայն բանը, ու գրված կար, ճիշտ իմացվեր:
Եվ էստեղ էր, որ ընդմիջում հայտարարեց…
… Թե մնար մտքերի հետ՝ սիմֆոնիան, իր կայացումի ճանապարհին… Գուցե հարկ էր, որ առավել ուշադիր դառնար առանձին նվագարանների մուտքերին, նեցուկ դառնար նրանց, զերծ մնար պատահականություններից: Թե կոնցերտմայստերը գար փորձերին, և շտրիխներ նշվեին, քանի խնդիրը կար ու դեռ բաց էր…
Եվ եղավ, որ իր կանգնած տեղից նվագախմբի խորքը նայեց…
Բեմը՝ դատարկ, նվագարանները, որ մնացած կային աթոռներին: Հիմա մեկ էլ դարձյալ ու հավատաց, քան երբևէ, որ սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի առաջին հրաշալիքն էր: Եվրոպայի հենց սրտի մեջ՝ առասպելի ժամանակը նվագախմբի կառուցումն ինչպե՞ս բերեց այսօրինակ բացառիկ մեկտեղումին: Ժողովուրդների համար և մշակույթների: Եվ հիմա արդեն՝ Արամ Խաչատրյանից և Գրիգոր Եղիազարյանից հետո, ուրիշ մի ժամանակ, ով երեք տարի և ավելի մի սիմֆոնիայի գրի մեջ, երբ նոր օրվա ձայնը հայ բեմից հազվադեպ էր: Սիմֆոնիան, որ կար թղթի վրա և ձև պիտի առներ: Եվ ի~նչ մի տեսակ նվիրական միջնորդություն, ով իրականություն պիտի դարձներ… Քանի առաջին կատարումն էր՝ Պրեմիերա համերգից առաջ, ահա~ ինչ կատարվեր… Ասել է, թե հիսուներեք րոպեների սիմֆոնիկ կտավի ծնունդը զատվեր օրվա մյուս անցքերից և ոչ՝ ի շարս այլ գործերի, մեկեն և առանձին բարձրաձայնվեր, որպես Բանը, որ գրված կար արդեն և այլևս՝ աշխարհի մեջ…
Իներորդ Պատում. Կաթողիկե Ծառը: Եվ փակագծերի մեջ՝ Կաթողիկե Ծառն ամենուր է…
Կաթողիկե ծառն ամենուր է և ամենքին չէ տեսանելի:
Կաթողիկե ծառը լսում է ամեն բան և խուլ է շատերի խոսքին:
Կաթողիկե ծառը տեսնում է մահը և չի կանխում ոչինչ:
Կաթողիկե ծառը ամենքի հետ է և բարեկամը չէ ոչ մի բանի:
Կաթողիկե ծառը տեսնում է չարը և պատիժն ինքը չի սահմանում:
Կաթողիկե ծառը տեսնում է բարին և չի ասում երախտանքի խոսք:
Կաթողիկե ծառն է հասցնում խոսքն առ երկինք և բարեխոս չէ երկնքի առաջ:
Եվ կար, նախորոշված էր, ինչին գալու էր Հուր-Հուրը: Ով Հիշողության Մշտակայանը չգիտեր: Եվ թե էլի ինչքան, այսօրինակ անհայտի մեջ… Քանի ինչը տրված կար արդեն իրեն, թվաց, թե անհետևանք անցնելու էր:
Եվ եղավ, որ Հուր-Հուրին Կաթողիկե ծառի հրաշքը բացվեց…
Այդ բացառիկ ամփոփումը՝ մի մաժոր տոնայնության մեջ, որ առաջին ջութակներից իր սկիզբն առավ և հետո չեղավ, թե ընդերքում՝ ձևակառույց տրիոլը դույզն ինչ ընդհատվեր, մինչդեռ ծավալն էլի փոխվեց, երբ փայտյա փողայիններն էին հնչում տրիոլների մեջ և հիմա՝ էլի, երբ տրոմբոնների մուտքը եղավ և տարածվեց և հետո շեփորների արծաթ հնչյունն էր, որ Կաթողիկե ծառի հայտնությունն ազդարարեց և նույն պահին ծառ-հնչողությունը բեմ ու դահլիճ և ամենայն տարածք առավ իր մեջ, և դարձավ, որ էլ տեղանք չկար, թե հայտնվեր, քանի նույն կյանքն էր հիշողության երկու կողմերում, ուր աշխարհը կար և տևում էր…
Վերջին հնչյունի ավարտին՝ Հուր-Հուրի վերադարձը…
Եվ հենց Առվի ջրերի վրա էր, որ Հուր-Հուրն իմացավ, թե կար ճանապարհ ջրերի կորուսյալ հայելին գտնելու, հիշողությունն էր:
Ուր եղած կար Հուր-Հուրի մանկությունը…
Մի մինոր ակորդը սի բեմոլ՝ իր բնույթին անհարիր հնչյունի հետ… Դիսոնանսը մեկեն լարումով, որ սկսվեց և էլ՝ ուրիշ ինչպե՞ս, թե կատարվեր…
Քանի ծանր էր…
Ով Հուր-Հուրի դիմաց եկավ, անհաղորդ էր, կամ չլսեց նրա խոսքը և կամ չարախնդաց ու անցավ: Արֆաները, ո~նց Հուր-Հուրին իջած ծանրանքն ասացին և տանում էին և դեռ էլի երկար, քանի Հուր-Հուրի վերադարձին՝ ամենայն բան, ոնց օտար էր: Ձգվող հնչյունները՝ անորոշ անհայտի մեջ: Թե հետո ինչի՞բերեին: Եվ ի~նչ մի տեսակ մենություն էր, որ հոբոյը պատկերեց, անանց թախիծ՝ քանի հնչյուն նոտայի մեջ և in es կլարնետը, որ թրթիռ հավելեց հոբոյի ասացումին ու լուռ մնաց, քանի արդեն Հուր-Հուրը կար՝ մենության ծանրանքի մեջ:
Եվ էլի մի անգամ, առանց վերջնական դադարի, երբ Հուր-Հուրն անհուն խռովքի մեջ, հասավ, ուր Աննման Կակաչ ծաղիկը կար: Եվ ուղղորդումը կար փակագծերի մեջ՝ Մոռացության դաշտ:
Հուր-Հուրը համբուրեց Աննման Կակաչի ծաղկաթերթերի սև արևները, և Կակաչը ձայն չհանեց: Հուր-Հուրը համբուրեց նրա կրծքի մոռացումի սև կորիզը, և Կակաչը ձայն չհանեց: Եվ Հուր-Հորրը խմեց Աննման Կակաչի սերը մինչև վերջին կաթիլը ու Կակաչ ծաղկի սիրտը լռեց հավերժորեն…
Երբ Արևը մի հավերժական պտույտ կատարեց ու վերադարձավ, Աննման Կակաչ ծաղիկը բացեց աչքերն ու ասաց.
– Կարծես ամբողջ աշխարհն էր եկել մեզ մեծարելու…
Ինչը, որ հանկարծ բացվեց ջութակների անափ հնչումին…
Ասես ի հեճուկս նորագույն երաժշտության օրենքների, ինչը մեր ժամանակների օկտավաները, որպես նվազ ֆունկցիոնալ բնութագրեց: Ինչ մի տեսակ անպատմելի հմայք և ի~նչ երանգ-թախիծ, որ պարուրեց հանկարծ, երբ հնչել էին՝ նույն օկտավաները: Եվ երբ զույգ տրոմբոնները խոսեցին, նույն ծանրանքն էր և որպիսի~ պատկառանքի մեջ, որ կատարվեց, և առաջին ջութակների հետ, քանի գրված կար՝ հանդիպեցին Հուր-Հուրի և Կակաչ ծաղկի հայացքները և հողն էր, որ Կակաչ ծաղկի սրտի ձայնը Հուր-Հուրին բերեց և նույն միջոցին՝ ծաղիկը, սպասումի շիկնանքին մեջ և էլ հետո, երբ Հուր-Հուրն իջավ ծաղկի թերթին ու նրա սերը խմեց…
Եվ արֆաները՝ վերստին իրենց ընթացքին…
Եվ էլի մի ընդմիջում հայտարարեց, քանի վերջին երեք պատումները առավել չափերի մեջ էին և թե հիմա՝ ի՞նչ վերջաբանի բերեին…
Տասներորդ Պատում. Գերեզմանափոր Բզեզը:
Գերեզմանափոր Բզեզը գնաց առանց հրաժեշտի խոսք ասելու: Խնկածաղիկը ոչինչ չէր լսել նրա խոսքերից: Մրջյուններն իրենց աշխատանքի ետևից հասել էին հեռուն, էլ չէին երևում: Հուր-Հուրն էր մենակ: Նա ծնվել էր աշխարհը ճանաչելու համար և հիմա մտածում էր, որ Գերեզմանափոր Բզեզն ասել էր՝ թե կյանք, թե մահ՝ անվերջ հանելուկ է…
Եվ Գերեզմանափոր Բզեզի գալը գալարափողն ազդարարեց…
Մի ինտոնացիա, որ բացառապես իրենն էր… Եվ երբ մյուս գալարափողը երկրորդեց առաջինին: Հիմա էր, որ ով կանգնած կար, հիշեց, որ Մեկնողն ասաց մի անգամ՝ ամեն նվագարանին իր մեղեդին, իր նվագարանի հայտնության մեջ:
Լարայիններ, արֆաներ և celesta` մի տարածք էր, որ եղած չկար մինչև ինքը, Հայրապետյան կոմպոզիտորը հայտնաբերեց: Ուր Հուր-Հուրը կար և դեռ պիտի անցներ, քանի էլի ալեկոծ էր և երբ Գերեզմանափոր Բզեզն իր դիմաց եկավ և առաջին հանելուկը նրան բերեց…
Ֆագոտների մուտքը և ասկետիկ մեղեդին, որ ջութակներին բերեց… Անհայտ ամայի և մի թախիծ, ի~նչ մի տեսակ ապրում, թե գար, ով մենության մեջ էր, քանի Գերեզմանփոր Բզեզը խոսք խոսեց, որ լսված չկար Առվույտի մեջ: Ով քիչ առաջ իր նվիրական բարեկամ Կարմիր Զատկին էր, որ հողին հանձնեց և օր առաջ՝ փոքրիկ Պախրա Բզեզին, և հենց իրեն վիճակվեց, թե ի կատար ածեր: Եվ էլ՝ ի՞նչ կյանք դրանից ետ…
Եվ կլարնետ նվագարանի հանկարծ մեղեդին…
Առաջներում լսված չկար, թե այդօրինակ դաշնության մեջ՝ campanelli նվագարանի քանի հնչյուն, օbligat vibrafono և կլարնետ: Մեկնողն ի~նչ մի տեսակ վախվորանք-հնչյուն աշխարհ բերեց… Եվ կլարնետ-պատկերողը, ով հնչյունը լսեց իր մեջ և Մեկնողի միտքն ըմբռնեց… Հենց առաջին պահից, երբ նոր էր, թե պատկերեր: Եվ եղավ որ, ով կանգնած կար, նրան ասելու ոչինչ չուներ, քանի մի հնչյունի ներսում, թե առավել բան կար, հենց հնչունավորողի անելիքն էր, իր փնտրելիք բանը ինքը գիտեր: Մահվան հնչյունը՝ էլ ո՞նց ասվեր… Թե մեկի մտքին հանկարծ դոդեկաֆոնիկ օրենքին գալու ցանկություն հայտնվեր…Բայց ոչ այն ձևի մեջ, որ ասված կար համակարգի հռչակումին, քանի հնչյունի ազդեցության այդօրինակ ուժը անհնար էր, թե չոր օրենքի տառով լիներ: Եվ տեղանքը, որ երկու նվագարանով ասվեց և չեղավ, որ պատկեր դառնար, քանի գործողության տեղն էր, և ինչը որ էլի կատարվում էր հնչյունից ներս: Եվ երբ լարայինների ֆոնին, հարվածայինները պիտի մտնեին ու… խափանվեց…
Ով կանգնած կար, այս անգամ արդեն խոսեց, ասաց՝ հիսունմեկ թվից չափը՝ երկուսի մեջ պիտի նվագեք… Մի անգամ էլ փորձեց և էլի չեղավ: Ակնհայտ էր, որ վրիպակ կար մի տեղ և քիչ անց պարզվեց, որ թյուրիմացությունը հենց երաժշտի գլխի մեջ էր, և հասկանալուց հետո, գլխին խփեց, քանի անգամ ներեղություն խնդրեց և զարմացած՝ թե ո՞նց էդպես… Եվ եկան, երբ հնչողություն – մահը լսվեց… Թվաց, թե այլևս անհնար էր, որ մարդը շարունակվեր…
Եվ երբ մեկեն սարդոստայնը հառնեց իր կռվի մեջ և կար գրված՝ Արքա Սարդ և փակագծերի մեջ՝ Մահվան կռիվը դեռ գոյության վերջնագիծը չէր…
Սարդ Արքայի հանդիսավոր գալուստը լռությամբ ավետվեց: Ամայի էր նրա ճանապարհը իր աթոռանիստից մինչև Սարդոստայնի կենտրոնը: Եվ ամայությունն այդ վեհաշուք էր, և Հուր-Հուրը նման երթ չէր տեսել: Եվ ի՞նչ իմանար, թե ինչու Սարդ Արքան իր քայլքը դեպի իր տիրության հեռու սահմանները ուղղեց: Ի՞նչ էր որոնում և հետո, իր ետդարձի ճամփին, ի՞նչ էր մտածում: Եվ ի՞նչ էր դեռ լինելու, եթե Սարդոստայնը հանկարծ չցնցվեր ուժգին բախումից…
Ծանրեծանր տրիոլներ… Երբ հնչեցին և կային արդեն… Հիշեց, որ Հայրապետյան կոմպոզիտորն ասել էր՝ Սարդին եկա ու թվաց, թե գրին վերջ պիտի դնեմ, անավարտ, որովհետև էլ ուժ չունեի… Երեք տարի մի թիթեռի հետ՝ ի~նչ ուրախությամբ գրողի ծոցը կուղարկեի…
Քանի Սարդ Արքային հանդիպումը մեծ դրամա էր…
Եվ երբ երկու պիանո հնչողության ֆոնին՝ տրոմբոնը լսվեց… Սարդ Արքան իր խոհական վեհության մեջ, ով մեծ Արքա և մեծագույն դատապարտվածն էր՝ նաև: Ինչպե՞ս նման բանը չգար էպիկականի և թե հետո՝ հիշվեր…
Մեղեդին, որ հայտնի դարձավ ամենքին: Եվ Մեղուն կար՝ իր կռվի մեջ և սարդաթելը, որ Մեղվի կյանքը կարճելով էր, որ իր պարտքը պիտի կատարեր: Եվ Մեղուն, որ մոռացավ իր թշնամու անունը ու սարդոստայնի մեջ հայտնվեց… Եվ երբ կռիվն առավել սաստկացավ ու բռնկվեց: Պղնձյա փողայիններ, ջութակներ, և մյուսները, որ կային՝ նվագարաններ, հենց սրանցով, որ տարածվեց, հեռուներին հասավ երկուստեք բախման թափը: Եվ հնչողությունը տարածվեց, ծավալ առավ, դարձավ իրենից առավել, քանի մեծ Պատումի բարձրակետն էր: Եվ Սարդ Արքան՝ կուրացած, իր ծերության վեհության մեջ, ում հրամանով ազնիվ Մեղվի կյանքը պիտի կարճվեր: Եվ եղավ, որ չորս գալարափողեր՝ եկան մեկ հնչյունին ( e ), հաստատեցին հնչյունն էլի քանի անգամ, թե ավարտին բերեին, և չեղավ, թե էլ բան կար, բացի մնացած մեկ հնչյունը…
Տասներկուերորդ Պատում՝ Աստղերգ: Եվ փակագծերի մեջ՝ Աղոթք…
… Եվ եղավ պահը՝ Լույսը փշրվեց ամպերի մեջ, շաղվեց երկրի վրա և դա երկնքի նշանն էր, թե մոտենում է օրվա վերջը:
Եվ այստեղ էր, որ Հուր-Հուրը տեսավ՝ ամեն բան հողի երեսին հույս ու կարոտով երկինք էր նայում: Խոտ ու կանաչ, ծիլ ու ծաղիկ, ժժմունք ու թիթեռ, Արև, աստղ ու բառ, ինչ տեսել էր ու գիտեր, իր ծնված պահից, առ երկինք էր…
… Բայց սկիզբը մեկեն չեղավ: Նախ հարկ էր, որ երկու քառորդ պաուզան լսվեր դիրիժորի ձեռքերի մեջ: Եվ երբ հնչեց…
Բռնկուն ցանկությունը, թե ինչը կար գրված, մեկ անգամ էլ լսվեր: Քանի ի~նչ մի տեսակ ակորդ էր, որ հանկարծ հառնեց և էլի մի մինորի մեջ ( e )…
Եվ եղավ, որ Հուր-Հուր թիթեռի հրաժեշտի պահը մոտեցալ էր…
Մի անգամ էլ Կորուսյալ Օդապարիկի մեղեդին հառնեց և մեկը չկար նստած, թե սպասում էր և ինչը որ հետո հնչեց, թարգմանելի չեղավ, թե գործողության տեղը ճշտեր: Ասես Մեկնողն իր մեջ փակվեց: Եվ արդեն հետո՝ ի՞նչ ակորդներ… Ընդհատ շնչառության հևքը լռությունների արանքում, ինչին որ Մեկնողը եկավ և ասես հիմա հապաղում էր: Վե՞րջն էր արդեն, թե սպասում էր, որ դուռը բացվեր: Եվ էլի մի անգամ՝ ուր անհայտը կար և մնում էր: Մինչև լարայինների լայնահունչ տրիոլները, եվ հետո եղելության խորքից, ուր հնչողությունը հասած չկար՝ երեք մենավոր հնչյունները՝ e (մի), fis ( ֆա դիեզ ), g (սոլ )… Ամբողջ պատումին հավասար՝ մի հանճարեղ լուծում, ինչը գտնված կար, այլևս՝ երեք հնչյունի մեջ: Եվ մարումից առաջ զույգ հոբոյը, թե այդ զարմանք es (մի բեմոլը) լսեցնեին…
Երբ ավարտվեց…
…Եվ հետո՝ էլի օր ու փորձաժամեր: Հատվածներ կային, որ ավարտուն ձև էին առնում, թե կարևոր մանրուքները շտկվեին: Եվ երբ ,, Մտրուկը ,, պիտի հնչեր, քանիսը կային՝ ծիծաղի մեջ, և զարմանք էր՝ ով կար կանգնած նոտակալի առաջ, անկեղծ ժպտում էր, թվաց չարություն չկար, ասես խաղ էր, թե օրը խոսք – ուրախությամբ անցներ, քանի ասում էին, թե ծանր էր դրսի կյանքը նրանց համար, ովքեր որ կային ներսում և եկել էին, թե պատկերեն:
Եվ եղավ, որ Հայրապետյան կոմպոզիտորը եկավ և լսում էր ու քանի ցանկություն հայտնեց: Եվ marimba՝ նվագարանը կարևորեց, որ դիրիժորն այլ խնդիրների գալով, ճիշտ անհրաժեշտության չէր բերել, ինչը նշանակալից բացթողում էր, և երբ հնչեց, թվաց, թե նոր էր, որ իրական իմաստի մեջ՝ դրվագը մեկեն փոխվեց, չարագույժ դարձավ առավել, ինչն առանց marimba- ի, սոսկ ուժգին հնչողություն էր… Եվ երբ թվաց, թե սիմֆոնիան կայացած կար արդեն…
Ստեղծագործության հաջողությունը կատարյալ էր…
Նմանօրինակ ծավալի ու բնույթի ստեղծագործություն, ասվեց, թե վաղուց ի վեր հնչած չկար հայ բեմում: Գունեղ, ցայտուն, վառ մի պաստառ՝ թրթիռների մեջ և հայտնության: Հիսուներեք րոպեների միավանկ մի շնչառություն…
Քանի Էդուարդ Հայրապետյան կոմպոզիտորն իմացական էր, երբ գրին եկավ… Ով տասնյակից ավելի կոնցերտներ էր աշխարհ բերել, երեք սիմֆոնիա, յոթը կվարտետ, քսանից ավելի սոնատներ, խառը կազմերի համար գրված գործեր և ոկալ շարեր՝ երբ Բայրոնի, Այխենդորֆի, Մեծարենցի, Ռիլկեի, Թրակլի, Հյոլդեռլինի բանաստեղծություններին էր եկել: Եվ հիմա արդեն՝ որպես, թե մի բացառիկ ներկայություն հայ երաժշտության մեջ: Ում հնչյունը անհնար է համեմատել կամ շփոթել: Քանի ամեն բանից զատ՝ իր թրթիռն ունի, կառուցումի՝ իր ներսն և հեռու մեկնումի իր մեկնակետը: Ում մասնակցությունը երաժշտական կյանքին չափազանց ազնիվ է, որ մասնագիտություն կոչվեր և չափազանց անհատական, թե հայտնիի սահմաններին բերեր: Ով իր կյանքը հնչյունին բերելով էր, որ բարձրացավ, թե ավելին տեսներ և թե տաներ հնչյունը բոլոր նրանց, ովքեր ունակ էին անդրենածին ապրումը իմիտացված հուզումներից զանազանել: Եվ մեր լսողությունն առանձնակի լարվածության բերեց, քանի հնչյունի կրելու՝ ունակություններն են զորացել, գոյականին՝ որպես վերջին նեցուկ և ապավեն և հիմա արդեն իր մտորում-լսումներին՝ Էդուարդ Հայրապետյան կոմպոզիտորը, թե էլի մի անգամ իր հնչյունը մեզ պարզեր…
Նարցիս, 3-4, 2014