ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆԱՐՑԻՍ»

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆԱՐՑԻՍ»

Այտերիդ դալկությունը, աչքերիդ ծփանքը դեմքիդ վրա՝ ելևէջուն ու թաց, կեցվածքը քո ճկուն եղեգ՝ անհոդաբաշխ մի երգ քամու առջև: Գեղեցկությունը այս ո՞վ է բերել այստեղ, ի՞նչ վայրերից, արդյո՞ք անտառներից ու լեռներից հեռվի, արևելքի՞ց արդյոք, թե՞ հյուսիսից միայն՝ գեղեցկությունը քո, գեղեցկությունը քո անբնական…

Ո՞վ է ստեղծել հոգու հարստությունը այս, մտքի ճիգը՝ դիպուկ ու եզակի, ո՞վ է ստեղծել արդյոք, արդյո՞ք ժամանակի պաղ ծփանքն է միայն, միայն աստվածների արտասուքը ոսկե, մարգարիտներ սփռող երգը օվկիանոսի, տիեզերքի նինջը ցնորական – միայն, միա՞յն արթնացումը աշխարհների:
Ի՜նչ պաշար է սիրո այս ամենի խորքում, որ վարդեր է շաղում ամենուրեք՝ արթնացնելով ջիղը քնատ տարածքների՝ մի եզակի դողով ու խնդությամբ:
Ի՜նչ խաբկանք է արդյոք, արդյո՞ք ցնորք է սա, ո՞վ է պահել իմ դեմ այս հայելին, որ խավարում, պարզվում և ջարդվում է ապա ամեն թեթև հովից – իմ պատկերը բաշխած անհուններին…

Նարցիս, թիվ 1, 2006