ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ

ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ

ՄԵԶ ՎԵՀԱՑՆՈՒՄ Է ՀԱՎԵՐԺ ԿԱՆԱՑԻՆ

Կան արվեստագետներ, ովքեր աշխարհի չարի, խավարի դեմ պայքարում են` հակադրելով գեղեցիկը, ընդգծելով, գովերգելով կյանքի լուսավոր կողմերը:
Այդպիսին է նաև անվանի նկարիչ Փարավոն Միրզոյանը: Նրա բազմաժանր արվեստում գեղեցիկը, լուսավորը, «հավերժ կանացին» դրսևորվում է հենց կանանց կերպարներում: Նկարիչը չի պատկերել, Դոստոևսկու խոսքով ասած, «կնոջ մարմնի դժոխային ելևէջները», ինչպես պատկերել են, օրինակ, Սալոմեին կամ տռփալի բաքոսուհիներին: Նա արտացոլում է կնոջ մարմնի նրբագեղությունը, պոեզիան յուրովի կիրառում «նվազագույն միջոցներով առավելագույն արտահայտչականության հասնելու» դասական սկզբունքը: Մի շարք նկարներում կանանց պատկերել է թիկունքից, չօգտվելով արտահայտչականության այնպիսի հզոր աղբյուրից, որպիսին մարդու դեմքն է, աչքերը… Սա փոխհատուցում է կնոջ մազերի, մեջքի արտահայտիչ «դիմախաղի», և տեղի է ունենում մարմնի հոգեբանականացում, զգայականը վերածվում է ոգեղենի: Սրան նպաստում է նաև կոլորիտի դյութանքը և տեխնիկան:
Կանանց թիկունքը պատկերել են նաև Սալվադոր Դալին, Ժանսեմը, Հովսեփ Փուշմանը…
Փարավոնի կիներգության մեջ այն վերածվում է սկզբունքի:
Դենի Դիդրոն գրել է. «Ով կարողացել է փոխանցել մարմնի զգացողությունը, նա արդեն շատ բանի է հասել, դրա համեմատ մնացածը ոչինչ է: Հազարավոր նկարիչներ վախճանվել են, չզգալով մարմինը, հազար ուրիշներ կմեռնեն, նույնպես չզգալով դա»: Փարավոնին հաջողվել է զգալ և հավերժացնել «մարմնի զգացողությունը», մարմնի «պոեզիան»:
Ով տեսել է «Երեկո», «Անանուն», «Իմ անկյունը» նկարները, հավանաբար կհամոզվի դրանում:

Դանիել ԵՐԱԺԻՇՏ