Նամակ համբուրելու մասին
Սիրելի ……
Խնդրում եմ չզարմանաք եթե ես հենց սկզբից իրականությունը ձեզ ասեմ, որ Ճապոնիայում մարդիկ իրար երբեք չեն համբուրում:
Ո’չ ընկերաբար, ո’չ բարեկամաբար, ո’չ քաղաքականորեն և ո’չ էլ … և ո’չ էլ ծնողներն իրենց երեխաներին, տատիկներն ու պապիկներն իրենց թոռներին, քեռիներն ու հորեղբայրներն ու մորաքույր-հորաքույրերն իրենց քույրերի և եղբայրների երեխաներին… ԵՎ ոչ էլ հիշածս երեխաներն իրենց՝հայրիկին ու մայրիկին, քեռուն, հորեղբորը, մորաքրոջն ու հորաքրոջը…
Համբուրել բնավ չկա, ո’չ ճակատը, ո’չ աչքերը, ո’չ մազերն ու ձեռքերը և ո’չ էլ վիզն ու քիթն ու ականջներն ու շրթունքները և ոչ էլ որևէ պարագայում ձեռքերը:
Համբուրելը հասարակական խաղ չէ:
ԵՎրոպայում համբուրելու զանազան աստիճաններ կան: Ամենացածրը սկսում է շատ սովորական և հարգանքով լի՝ աջհամբույրից և հետզհետե բարձրանալով – վերին աստիճաններին հասնելով – գնում է մինչև երկնքի խորքերի ինչ գիտենամ որ տեղերը…
Ճապոնիայում այսպիսի վերուվար աստիճաններ չկան:
Համբուրելը որպես հարգանքի նշա՞ն: Չէ’, չէ’, չենք էլ կարող նման բան պատկերացնել: Համբուրել բաեկամությունից կամ կարեկցանքից՛ ուղղակի անկարելի է ու անհնար: Իսկ համբուրելը որպես սիրո՞ արտահայտություն… Ես վստահեցնում եմ ձեզ, արդեն իսկ սկսվել է…Բայց երբեք էլ ճապոնական չէ’:
Հիմա պիտի փորձեմ փաստել ասածներս:
Համբուրելը որպես սիրո արտահայտություն եթե ճապոնական լիներ ապա պիտի բոլոր սիրային պարագաներում, լիներ դա գրականության մեջ, կինո ժապավեններում, թե այլուր կնոջ ծոծրակը, ասա՝ պուպուճակը պետք է համբուրվեր: Այն կարևոր պատճառով, որ ճապոնիայում կանացիության ամենանուրբ և ամենահեզիկ նշանը երկար ու շորորուն ծոծրակն է համարվում: Այսպես է եղել շատ տարիներ առաջ և այսպիսին է նաև այսօր: Իսկ ես որևէ վեպ կամ կինոժապավեն չգիտեմ, որտեղ առաջին համբույրը ծոծրակին դրոշմվեր: Մենք ճապոնացիներս համբուրում ենք, -եթե իհարկե, -ապա ամերիկյան կամ էլ մի քիչ խոնարհված, ֆրանսական ձևով:
Այսօր, Ճապոնացիք համբուրում են այնպես ինչպես սովորել են արևմուտքից կամ էլ երբեմն այնպես ինչպես ուզում են:
«Համբուրելը՝ -այսպես է գրված իմ ճապոներեն բառարանում- տարածված մի ձև է, մեկին հարգանք, բարեկամություն, կամ սեր արտահայտելու համար: Համբուրողը շուրթերը հպում է համբուրվողի ձեռքին, շուրթերին կամ թշին և թեթև ծծում:
Վատ չէ՞ բացադրված՛ չէ՞: Բայց իսկապես որ փորձառության հույժ պակաս է զգացվում:
Խնդրում եմ ինձ սխալ չհասկանաք: Ես բնավ էլ չեմ ուզում հավակնել, որ ճապոնացիք իրար չեն համբուրել, այլ ասել եմ ուզում, որ Ճապոներենում, համբուրել բառը գոյություն չի ունեցել:
Բայց եթե համբուրվելու միայն մեկ ձև է եղել – պատկերացրեք, որ դա էլ չլիներ, – դա եղե’լ է, սաստիկ սերը արտահայտելու, ասա՝ փաստելու համար: Ասածներս ցնդաբանություն չեն, հավատացե’ք: սա էլ ապացույցն է այն բանի, որ իսկական սերը արտահայտվելու համար ինչպիսի կարևոր դեր է հատկացվել համբույրին: Խնդրեմ, եթե ձեռքներդ ընկավ, կարդացեք ճապոնական սիրային հին պատմությունները և կտեսնեք թե, համբուրելու աստիճանները մինչև երկնքի որտեղն են հասել – եթե իհարկէ երկինքն ամպամած չէ և բարձունքն անարգել է:
Այսքանից հետո կարող եք արդյոք գուշակել թե համբուրել բառը ինչպես է մուտք գործել Ճապոնիա: Չէ’ ոգուտ չունի, թույլ տվեք ինքս պատմեմ:
Սուրբ գրքի միջոցով: Զարմանալու բան չկա: Սուրբ գրքի թարգմանության միջոցով: Հուդայի դավաճանությունը «մեկ համբույրով» և ներումը կորուսյալ որդու «Սուրբ Բարդուղեմեոսի հրաժեշտը իր հոտից» Հարյուր համբույրներով:
Սկզբում համբուրելը «ծեփփուն» թարգմանվեց –ասա՝ շրթունքների իրար տրորվելը: Բայց այսօր մադիկ այն «Կուխիծուկե» են անվանում: Սա էլ բերանների իրար տրորվելն է նշանակում: Երկու բառերն էլ այն ժամանակ նոր էին և բիբլիական: Հիմա իհարկե երկուսն էլ գործ են ածվում: Բայց ով որ իրեն Նորօրյա և մոդեռն է համարում, կարճ ու կտրուկ “kiss” է ասում և պրծնում:
Բացի այն ճապոնացիներից որ, համբույրի երկրպագու են, իմ կարծիքով համբուրելը դեռ մինչև հիմա էլ Ճապոնիայում շատ լուրջ խնդիր է: Երկու տարի առաջ մի ճապոնացի ուսանողուհի, որ Գերմանիայում, Գերմաներեն գրականություն է ուսանում դիմեց ինձ հետևյալ խնդրանքով.
-Գերմանացի ուսանող ընկերս որն ինձ հետ ամուսնանալ է ուզում բազմիցս փորձել է համբուրել ինձ…
Ժպտո՞ւմ եք, հա՞: Մի քիչ էլ եթե սպասեք, գուցե հռհռոցի փոխվի ձեր ժպիտը: Ես շատ լավ եմ հիշում իմ առաջին փորձնական ժամը ամերիկյան մի թատերական դպրոցում: Ի տեղեկություն, թույլ տվեք ասեմ թե՝ Ճապոնիայում ես որպես կլասիկ պարուհի բազմիցս եմ բեմ բարձրացել: Բայց այսպիսի բան ինչպես այս առաջին դասաժամում երբեք չէի տեսել:
Մենք շուրջ քառասուն ուսանող – ուսանողուհիներ էինք, ես միակ ոչ ամերիկացին էի: Մենք զույգ – զույգ, տղա – աղջիկ կանգնել էինք բեմում մի կիսակլոր գծի վրա և «Love Scenes» էինք փորձում: Մենք պիտի զույգերով ցույց տայինք թե, որտեղը՞, ինչպե՞ս և ինչ պարագաներում պետք է համբուրել:
«O’key, let’s do it» ասացին մյուսներն ու դիրիժորն իր դիրիժորական ցուցմունքները տվեց: Ինձանից առաջ տասը զույգեր կային կանգնած: «Առաջին սեր», «ջղային ամուսնյակ», «խանդոտ կողակից», (առանց պատճառի, նաև պատճառով, իրավացիորեն), «Տատիկի վերջին սերը», «Պապիկի թառամած համբույրը» և …
Առջևիս վերջին զույգին էլ չեմ հիշում, բայց երբ հերթը ինձ հասավ, տատանվելով առաջ գնացի… ԵՎ ուշաթափ փռվեցի հատակին…
Ախր ես կյանքիս մեջ դեռ ոչ մեկին չէի համբուրել:
Սա իհարկե այն ժամանակ էր: Հիմա ես ամբողջովին ուրիշ եմ: Ես շատ եմ փոխվել: Հիմա ես նույնիսկ ժպիտով եմ ընդունում, երբ ինձ համբուրում են, բայց գիտե՞ք… Միայն ու միայն ճակատիս վրա…
Իսակո Մուծուբարա
Գերմաներեն բնագրից թարգմանեց՝
Խաչիկ Խաչերը (այն էլ մի քառասուն տարի առաջ)