Վոլոգդա
Լճեր` դյութական երազի նման,
Ուր ամպն է ցոլում, ասես համայիլ:
Շուտ վերադառնալ չեմ կարողանա
Վայրն այս ձկնորս ու անտառապահի:
Եվ ես այստեղից չէի կամենա
Դառնալ` օրընթաց կյանք շարնակել,
Քանզի մտքումս դաջված կմնա-
Ոնց էիք ջրում բոցկլտում ծեգե՜ր:
Արտացոլանքում` լեզվակներ բազում,
Ամեն իրիկուն ա՛յլ բոց եք հեղել:
Ես մնաս բարով ասել չեմ ուզում
Այն ամենին ինչ ինձ թանկ է եղել,-
Չքնաղ օրերին, որ կարճ համբույր են,
Եվ լճակներին` կուսությամբ խոցող:
Ցած էր իջանում բիլ վարագույրը
Տարածքի վրա` ննջել ցանկացող:
Եվ կյանքն աչքիս դեմ բացվեց, որպես փառք,
Երկրահանդեսն էր այնտեղ անթեղվել,
Եվ վերածնվեց այլ մի սրտազուրկ,
Որ հայթայթել էր կառանատեղեր:
Ալեքսեյ Անդրեևին
Ամեն ինչ կանցնի,- բնության օրենք,-
Ծեգը բացվելիս, ծեգը հանգելիս:
Չորս եղանակն իր` տարին բոլորել-
Մեր ժամանակի ետքից է գալիս:
Չորս կույսերով է աշխարհն ագուցվել
Ու բյուր վարկածով խաբուսիկ բախտի:
Գարնան կամ ամռան գալուստը գուցե
Կօգնի, որ մեկը փորձանքին հաղթի:
Բայց մի սրբազան կրկնություն կա
Աշնան ոսկում, որ անտառն է քամում,
Անհուն հոլովվող քաոսում ներկա
Մեղեդու, ամպի, երազի, քամու:
Ամեն ինչ կանցնի գալիք անցյալում:
Հավերժ կենդանի այս հիշատակով
Լուսամուտից ու դռնից եմ նայում
Կեչուտի, աստղի, խոտի հայացքով:
ՋՈւՐԸ
Ջուրն է մաքրում-տանում աղտ ու մեղսանք,
Ցավից կախյալություն, խոնջանք տապից:
Թափանցիկ, քանց ծիծաղ, ջրի հոսանք,
Որ ոստնում է ազատ` իր իսկ ափից:
Ամեն կաթիլի մեջ` կետաբաշխում,
Քանց գաղտնիքը արարման արտացոլքի.
Որտեղ ծովը է, գետն ու ջրվեժն աշխույժ-
Երթընթաց կա բաղձանքի ու կյանքի:
Անծիր ես, անհատակ, ջուր իմ, նորից:
Կում մի, որպես ճշմարիտ փրկություն:
Քեզ եմ ընտրել բոլոր տարիքներից,
Քանզի չես ճանաչում կրկնություն:
Այսեդորա Դունկան
Եվ սեր, որ վզին փաթաթված շարֆ է:
Եվ շարֆ` ինչպես ճիչ մարմնում մարմրող:
Իսկ մեկն արցունք է անկյունում թափել
Նրանցից, ով որ եղել է, իրոք,
Կյանքում կողքին քո սիրո ու ցավի:
Կյանքը` ասես թե բալետի ռեպրիզ,
Կյանքը` խոհածում մնաս բարյավի
Եվ վրիժառու, քանց վերջին կապրիզ:
Ինչ ծանրացած է մարմինդ թռչող,
Արդեն գիրացած, հմայիչ տիկին…
Երբ ուշացած է սերը մարտնչող,
Ամենուրեք է գովազդդ կրկին…
Ի՞նչ է լինելու դիմացի ափին:
Արդեն թափանցիկ, շվաքներ ասես,
Կենդանի հուշեր, անուրջներ ճամփին
Եվ Եսենինը , որ քեզ սպասեց:
Մթնշաղ
Լույսն ու ստվերը ցնդեցին,
Մթնշաղն ինչ մեղմ ներխուժեց:
Մենք իրարու հանդիպեցինք,
Ինչպես կեսօր ու կեսգիշեր:
Հոգնած նավերն են կառանել,
Դատարկությունն է բազմակի,
Քանց անհաշիվ ի սկզբանե
Շարադասում ժամանակի:
Լոկ խորքերում ենթիմաստի,
Սավառնումի ակնթարթին,
Երբ միայնակ ես վերստին-
Քո վճիռը ինքդ գտիր:
Իմաստնությունն է բնական
Տալիս թռիչք, ընկողմանում.
Վճիռն արդար ու բնական
Նոր սկզբից է արթնանում:
Եվ տարածված խոսք է դարձել,
Թե լույս աչքին վճիռ կգա,
Եվ առաջին հայացքից են
Հաճախ գտնում բախտն ապագա:
Ես էլ իմաստն իմ փնտրեցի.
Խրատներն են, քանզի, սլկուն-
Հաճախ ուղիս փոփոխեցի
Վերջնավարտի մերձակայքում:
Բան չենք հասկանա հենց այնպես, եթե
Այլ դարերի մեջ վերհաշվարկենք:
Գիծ, ձայնարկություն ու բազմակետեր
Ծանոթներիցս վազ տամ-հավաքեմ:
Վաղվա փորձանքի ավարտ կեսբերան,
Դռներ ես բացում նոր հոգեհացի,
Ասես պարտադիր ճաշի պատվիրան
Կենվորի համար նույն հյուրանոցի:
Վերջնականապես հանգում ես էլի
Սրտաբևեռին բյուր-չափարկանի,
Ավանդը մուծում այս զարհուրելի
Ապահովագիրչ վկայականի:
Մթնում կնստես թախծությամբ խորը-
Քո ծանոթ ճամփին հայացքդ հառած:
Կոկիկ տողերով կիջնի անդորրը
Թղթին` լույսի տակ կանաչ գույն առած…
ՎԱՆՔ
Գմբեթներն են լճերի մեջ հանգում,
Որ ծեգով են այգաբացից լեցուն;
Հեռվից փայլող լուսամուտի հանգույն
Վարդաջուրը ցոլանքներն են խոցում:
Սրբատաշ է վանքապատկան պատը,
Հին դավերն են դամբարաններն գոցել:
Ողջերինն են խաչերն ու հավատը,
Հուշը` ծոռներինն ու զավակացը:
Ալեհեր անցյալի արահետով
Ուխտավորաց հետքեր` պաղած փոշում:
Զանգը ժամանակն է շամփրում հետո
Հաղագս այլոց, ում էլ չեն հիշում:
Ռուսերենից թարգմանեց ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆԸ
Նարցիս 1, 2007